Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"2010 թ. նոյեմբերի 9-ին Սեւանում տեղի էր ունեցել ողբերգություն: 23-ամյա երիտասարդը իրենց բնակարանում առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգելով սպանել էր հարազատ ծնողներին: Հարեւանների ահազանգով եկած ոստիկանության աշխատակիցները շենքի մուտքի մոտ նկատել էին փախչել փորձող, արնաթաթախ հագուստով երիտասարդին եւ ձերբակալել:
Իրավապահները բնակարանում հայտնաբերել էին ամուսիններ Խաչիկ Բաբայանի (1946թ. ծ.) եւ Մարիետա Թորոսյանի (1953 թ. ծ.) խոշտանգված դիակները եւ պարզել, որ սպանությունը կատարել է նրանց որդի Արման Խաչիկի Թորոսյանը:
Քննիչները բնակարանում հայտնաբերել էին առարկաներ, որոնց վրա առկա էին արյան հետքեր, ինչպես նաեւ 3 կգ-անոց գազի բալոն, որով որդին հարվածներ էր հասցրել կենսաթոշակառու ծնողներին: Դեռեւս մինչեւ հանցագործություն կատարելը Արմանը հարեւաններին հայտնել էր, որ իրեն համարում է «Եհովայի վկա», մշտապես վիճել էր ծնողների հետ, իսկ սպանությունը կատարելուց հետո հարեւանները լսել էին, թե ինչպես բնակարանից փախչելիս Արմանը ասել էր. «Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները: Իմ հայրը Եհովա Աստվածն է: Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին եւ առաջին սատանաներին արդեն սպանել եմ»:
Հարեւանները նշել էին նաեւ, որ եթե ոստիկանները ժամանակին չժամանեին՝ հնարավոր էր, որ երիտասարդը մի քանի «սատանայի» եւս սպաներ (նկատի ունեին հարեւաններին):
Սեւանի ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն):
Հիմա տեսնենք, թե ինչու եւ ինչպես է կատարվել ողբերգությունը եւ հնարավո՞ր էր այն կանխել:
«Շիզոֆրենիա» կոչվող հոգեկան հիվանդությունը սկսվում է հիմնականում պատանեկան կամ երիտասարդական տարիքում, զարգանում է դանդաղ կամ արագ ընթացքով եւ բնորոշվում այդ ընթացքում դիտվող հիվանդի վարքագծի տարաբնույթ շեղումներով: Հիվանդը աստիճանաբար դառնում է մենակյաց, ինքնամփոփ, մեկուսացած, մտազբաղ, կասկածամիտ, բռնկվող, ագրեսիվ եւ այլն:
Հիվանդության զարգացմանը զուգահեռ, ի հայտ են գալիս տարօրինակություններ, անհասկանալի հետաքրքրություններ (օրինակ, կրոնամոլություն, այդ թվում նաեւ՝ հակում դեպի աղանդները), հակասական ռեակցիաներ եւ այլն: Այս հիվանդությանը շատ բնորոշ են նաեւ զառանցական մտքերն ու ցնորքները: Զառանցական մտքերը հաճախ լինում են մեծամոլական բնույթի. «Իմ հայրը Եհովա Աստվածն է»: Հիվանդին թվում է, թե ինքը աշխարհ է եկել ինչ-որ կարեւոր առաքելություն կատարելու նպատակով:
Լսողական ցնորքները հաճախ լինում են հրամայողական բնույթի («Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները»), իսկ տեսողական ցնորքները արտահայտվում են ծռմռված, այլանդակված, սատանայակերպ կերպարանքներ տեսնելով («Նրա հրամանով սպանում եմ սատանաներին եւ առաջին սատանաներին արդեն սպանել եմ»):
Արմանը իր զառանցական մտքերը առանձնակի պաթոսով կրկնեց նաեւ ոստիկանությունում՝ հեռուստախցիկի առաջ:
Զառանցանքների ու ցնորքների առումով «Եհովայի վկաների» աղանդին հարելը (կամ չհարելը) ունի զուտ բովանդակային բնույթ: Դեռեւս մինչեւ եհովականների մուտքը Հայաստան, հոգեկան հիվանդները նման հանցագործությունները կատարում էին «Աստծո հրամանով», «Քրիստոսի պատգամով», «ԿԳԲ-ի հանձնարարությամբ», «այլմոլորակայինների ուղարկած ռադիոալիքների» կամ «անդրշիրիմյան աշխարհից եկող ձայների» ազդեցության տակ:
Հիվանդության խորացմանը զուգընթաց, վերանում է սեփական մտքերի ու վարքի նկատմամբ քննադատական վերաբերմունքը: Հիվանդը դառնում է խիստ վտանգավոր ինչպես ընտանիքի անդամների ու շրջապատի մարդկանց, այնպես էլ սեփական անձի համար, ընդհուպ մինչեւ ինքնասպանությունը:
Շիզոֆրենիայի առաջացման հիմնական պատճառը ժառանգական նախատրամադրվածությունն է, իսկ զանազան հոգեկան ցնցումները (վախ, անպատասխան սեր, դավաճանություն, վիշտ, «սթրես» եւ այլն), ուղեղի վնասումներն ու թունավորումները (ալկոհոլիզմ, թմրամոլություն) ուղղակի խթանում են հիվանդության առաջացումը, արագացնում կամ ծանրացնում ընթացքը:
Շիզոֆրենիան ունի զանազան կլինիկական ձեւեր, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի տեսակներ ու ենթատեսակներ, որոնք էլ յուրաքանչյուր մարդու պարագայում ընթանում է յուրովի: Հիվանդությունը կարող է ընթանալ անընդմեջ, նոպայաձեւ, ալիքաձեւ: Երկու նոպաների միջեւ ընկած լավացման շրջանը՝ ռեմիսիան, կարող է տեւել ամիսներ կամ տարիներ:
Փսիխոզի հետեւանքով առաջացած ինքնաքննադատության բացակայության պատճառով հիվանդները սովորաբար խուսափում են բժշկի դիմել: Սակայն դա չպետք է խոչընդոտի, որպեսզի հարազատները զբաղվեն նրա բուժումով:
Ուստի, սիրելի ընթերցող, ձեր հարազատի վարքում տարօրինակ շեղումներ նկատելիս, անձամբ (անգամ առանց հիվանդի) այցելեք հոգեբույժին կամ բժիշկ-հոգեթերապեւտին, մանրամասն պատմեք հիվանդի հոգեբանական կամ վարքային շեղումների մասին եւ ստանալով համապատասխան խորհուրդներ ու հրահանգներ, սկսեք ավելի ուշադիր լինել նրա նկատմամբ եւ նրան նախապատրաստել բուժման գնալու մտքին:
Ներկայումս կան արդյունավետ դեղեր, որոնց մի քանի օրյա ընդունումը բավական է, որ հիվանդի վիճակը բարելավվի այնքան, որպեսզի նա սկսի գիտակցել սեփական հիվանդությունը եւ շարունակի բուժվել կամովին:
Արման Թորոսյանի եւ նրա ծնողների հետ կատարվածը ողբերգական լինելով հանդերձ, նաեւ ցավալի է այնքանով, որ ծնողները նկատելով, որ որդին տառապում է լուրջ հոգեկան հիվանդությամբ, տարիներ շարունակ չեն դիմել բժշկի, չեն կազմակերպել նրա բուժումը ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում եւ թույլ են տվել, որ հիվանդությունն այնքան խորանա, որ որդին խելագարության գագաթնակետին դաժանորեն սպանի հարազատ ծնողներին:
Մինչդեռ հնարավոր էր խուսափել նման ճակատագրից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել