Երեկ ամփոփվեց «Երեխաների թրաֆիքինգը ՀՀ-ում» թեմայով լրագրողական մրցույթի արդյունքները, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցներ: Մրցույթի կազմակերպիչ «People in Need» չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղի պատասխանատուների խոսքերով, այսօր մեր երկրում երեխաների թրաֆիքինգի թեմայով շատ քիչ է խոսվում, մինչդեռ անելիքներ շատ կան: Նրանց կարծիքով, այն, ինչ կապված է երեխաների հետ, պետք է մշտապես հասարակության եւ իշխանությունների ուշադրության կենտրոնում լինի, քանի որ երեխաների թրաֆիքինգը աշխարհում տարածված երեւույթ է, եւ որեւէ երկիր դրանից ապահովագրված չէ:
Հաղթող ճանաչված լրատվամիջոցների լրագրողներն արժանացան դրամական պարգեւների: Առաջին մրցանակակիրը «հ2» հեռուստաընկերության լրագրողն էր: Մյուս մասնակիցներին էլ տրվեցին պատվոգրեր:
Լրագրողներին մրցանակները պետք է հանձներ ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը, բայց քանի որ տիկին Աղաջանյանը մեկնել էր հանրապետությունից, այդ արարողությունը կատարեցին «People in Need»-ի ներկայացուցիչները: