Ոստիկանությունն ամեն կերպ փորձում է իր «գրածներն» առաջ տանել ու խաղից դուրս գալ
«Ես Ռոմանից երբեւէ թմրանյութ չեմ գնել ու այդ թեմայով ընդհանրապես Ռոմանի հետ չեմ խոսել: Ռոմանի դեմ ցուցմունք տալու ժամանակ էլ շատ բարձր ջերմություն եմ ունեցել եւ չեմ հիշում, թե ինչեր եմ գրել»,- նոյեմբերի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած Ռոման Սարգսյանի դատավարության ժամանակ թե՛ գործը վարող դատավոր Գագիկ Ավետիսյանի, թե՛ Ռոմանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանի հարցերին ի պատասխան՝ այսպես էր հայտարարել Ռոմանի դեմ ցուցմունք տված 2 մեղադրյալներից մեկը՝ Տիգրան Ղարիբյանը: Հիշեցնենք, որ Ռ. Սարգսյանը, որը ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբայրն է, մեղադրվում է թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ, ինչի հետեւանքով էլ շուրջ 1 տարի գտնվում է փակի տակ: Նրա գործում չկան վկաներ եւ իրեղեն ապացույցներ: Նա կալանավորվել է 2 անձի տված ցուցմունքների հիման վրա: Ռոմանը եւ նրա հարազատները չեն ընդունում մեղադրանքը եւ համոզված են, որ այդ ամենն արվում է Ռոմանի եղբորից վրեժ լուծելու համար:
Նախորդ դատավարության ժամանակ, չցանկանալով իր վիճակն էլ ավելի բարդացնել եւ իր նկատմամբ բռնություն գործադրած իրավապահների դեմ «գործ» տալ՝ Տիգրանը դատավորի եւ Ռ. Բալաբանյանի մյուս հարցերին՝ թե գուցե նախաքննական ցուցմունքները գրելիս իր նկատմամբ ճնշումներ ու բռնություննե՞ր են կիրառվել, ասաց, որ իրեն ոչ ոք չի հարվածել, իսկ 6-րդ վարչությունում ցուցմունք տալու ժամանակ մարմնի վրա հայտնված կապտուկներն էլ ընկնելու հետեւանքով են առաջացել: Սակայն նոյեմբերի 5-ին Տիգրան Ղարիբյանի՝ դատարանում հնչեցրած անկեղծ խոստովանությունից հետո, երբ նրան կրկին տեղափոխում են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, Տիգրանը հայտնվում է պատժախցում եւ շուրջ 5 օր անցկացնում այնտեղ: Պատժախուցը բոլոր տեսակի հարմարություններից զուրկ մի վայր է, որտեղ կալանավորին տանում են ներքին կարգուկանոնին չենթարկվելու կամ որեւէ խախտում անելու համար: Տիգրանի՝ պատժախցում հայտնվելու վերաբերյալ տեղեկությունը հայթայթել էր Ռոմանի պաշտպանը: Երեկ Ռոման Սարգսյանի հերթական դատավարության ժամանակ պատժախցի հետեւանքներն ակնառու էին. Տիգրանը կրկին կամուկացի մեջ էր եւ դատարանում մե՛կ հայտարարում էր, որ Ռոմանից թմրանյութ չի գնել եւ նրա հետ ընդհանրապես այդ թեմայով չի խոսել, մե՛կ ասում, որ նախաքննական ցուցմունքները ճիշտ են, որտեղ գրել է, թե Ռոմանից 10 անգամ թմրանյութ է գնել: Երեկ, երբ դատարանի դահլիճում Ռոմանի պաշտպան Ռ. Բալաբանյանը Տիգրանին հիշեցրեց պատժախցում լինելու մասին եւ նրա տված հակասական ցուցմունքներն էլ պայմանավորեց դրանով, Տիգրանն արդարացավ, որ իրեն պատժախուց են տարել ոչ թե նախորդ անգամ հօգուտ Ռոմանի դատարանում տված ցուցմունքների պատճառով, այլ այն բանի համար, որ իր կնոջ՝ կալանավայր բերած սննդի փաթեթի մեջ հայտնաբերվել է թմրանյութ: Սակայն պարզաբանելու համար Տիգրանը պատմեց, որ փաթեթը կինը բերել է ոչ թե իր համար, այլ Տիգրանի հետ պատիժ կրող մեկ այլ կալանավորի, որի հարազատն էր խնդրել Տիգրանի միջոցով փոխանցել այդ կալանավորին: Տիգրան Ղարիբյանն ասաց, որ սննդի փաթեթի մեջ հայտնաբերված թմրանյութի վերաբերյալ իր խցակից կալանավորը միանգամից խոստովանել է եւ մեղքն ընդունել: Սակայն այս դեպքում այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ էին Տիգրանին, այլ ոչ թե թմրանյութի հասցեատիրոջը 5 օր պահել պատժախցում, բացի այդ, մի կարեւոր հանգամանք էլ. դրսում կատարված հանցագործության համար ներսի կալանավորի՞ն են տարել պատժախուց:
Երեկ հարցաքննվեց Ռոմանի դեմ ցուցմունք տված մյուս անձը՝ Սմբատ Կարա-Պողոսյանը, որը նույնպես այս պահին մեղադրվում է թմրանյութ օգտագործելու մեջ, սակայն, ի տարբերություն Տիգրանի, Սմբատը ստորագրությունով բաց է թողնված եւ գտնվում է ազատության մեջ: Մեղադրող դատախազ Մարատ Հակոբյանը դատարանում ընթերցեց Սմբատ Կարա-Պողոսյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ Սմբատը նշել էր, որ Ռոմանին ճանաչել է որպես տաքսու վարորդ եւ նրա հետ հանցավոր համաձայնության գալով՝ սեփական օգտագործման համար Ռոմանից 7 անգամ թմրանյութ է գնել: Դատախազի ելույթից հետո Սմբատը կտրականապես հրաժարվեց իր գրածներից՝ դատարանին հայտնելով, որ իրեն ստիպել են, որպեսզի Ռոմանի դեմ ցուցմունք գրի: Նա նաեւ հայտարարեց, որ ցուցմունքում նշված մեղադրանքներն իր ձեռքով չեն գրված, եւ որ ձեռագիրն իրեն անծանոթ է: Սմբատը վստահեցրեց, որ միայն ստորագրությունն է իրենը, իսկ այն, ինչ գրված է՝ ինքը նման բան իրավապահներին չի ասել: Այստեղ դատախազը Սմբատին թեթեւակի ակնարկեց, որ ճիշտ է՝ նա ազատության մեջ է, բայց ամեն պահի կարող են նրան էլ կալանքի վերցնել: Սակայն այդ հիշեցումից հետո էլ Սմբատը կրկին պնդեց, որ ինչ գրված է նախաքննական ցուցմունքում՝ «սուտ» է եւ իրավապահների կողմից «սարքած»: Չի բացառվում, որ երեկվա նիստից հետո էլ Սմբատի նկատմամբ ճնշումներ գործադրվեն: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 23-ը: