Քաղաքակիրթ թոշակ ստանալու տարբերակը կենսաթոշակառուներին մտահոգվելու առիթ է տվել
Մեր երկրում կոռուպցիան նվազեցնելու նկատառումներով օրերս կառավարությունը կենսաթոշակառուների համար մի քաղաքակիրթ որոշում կայացրեց: Այսուհետ թոշակառուներն իրենց թոշակը կարող են ստանալ բանկերից եւ ստիպված չեն լինի փոստատարներին առանց այդ էլ չնչին թոշակներից 200 դրամ «սպասարկման» վարձ տալ: Սա, կառավարության պատասխանատուների ներկայացմամբ, այս ոլորտում առկա ստվերային գումարները նվազեցնելու նպատակ է հետապնդում, սակայն մի շարք կարեւոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք կառավարությունը հաշվի չի առել:
Այսօր թոշակառուին մի տարրական հարց է անհանգստացնում. ինչպե՞ս է ինքը, երբ նույնիսկ ոտքի տակը չի տեսնում եւ նորագույն տեխնիկայից էլ գրեթե ոչինչ չի հասկանում, բանկոմատից գումար հանելու: Իսկ բանկոմատների թիվն այսօր մայրաքաղաքում խիստ սահմանափակ է, եւ եթե բանկեր գնալ-հասնելու կարիք չի ունենալու թոշակառուն, ապա բանկոմատ հաստատ պետք է հասնի, որպեսզի թոշակն իր հաշվից հանի: Մեր թերթին դիմած մի շարք թոշակառուներ կառավարության այս որոշմանը վերապահումով են վերաբերվում: Հատկապես նրանք, որոնք տեղաշարժման կամ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Նկատենք, որ կառավարությունը բավականին մեծ ջանքեր եւ գումարներ է ներդնում, որպեսզի այս նորամուծությունը ներդրվի՝ այդպիսով պայքարելով թոշակ բաժանող այն փոստատարների դեմ, որոնք թոշակառուներից գումար են պահում: Սակայն այդպես էլ պարզ չէ, թե տեղաշարժման խնդիրներ ունեցող թոշակառուների պարագայում ինչպե՞ս է հարցը լուծվելու. նրանք թոշակ են ստանալու նույն եղանակով, այսինքն՝ նրանց թոշակը կրկին փոստատարն է տանելու, եթե այդ անձը չի լիազորել մեկ այլ մարդու՝ իր թոշակը բանկից ստանալու:
Նրանց խոսքերով՝ կառավարությունը իրենց մասին էլ պետք է մտածեր եւ այնպիսի խիստ մեթոդներ կիրառեր, որ այդ փոստատարներն իրենց՝ առանց այն էլ «խղճուկ թոշակներից» գումարներ չպահեն:
Նշենք, որ թոշակառուներին կսպասարկեն այն բանկերը, որոնք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կկնքեն: Մեզ հետ զրույցում որոշ թոշակառուներ դժգոհեցին, որ իրենք բնակվում են այնպիսի տարածքում, որ մոտակայքում ոչ մի բանկոմատ ու բանկ չկա, ուստի որպեսզի հասնեն մոտակա բանկը, նրանք պետք է տրանսպորտ նստեն եւ էլի գումար ծախսեն. «Այնպես որ, մեր նմաններին քարտով թոշակ ստանալը այնքան էլ ձեռնտու չէ: Ավելի լավ է՝ տուն բերեն թոշակը, բայց մի բան անեն, որ այդ փոստատարներն աչքը մեր 2 կոպեկի վրա չդնեն: Քարտով թոշակը ստանալը հարմար է նրանց, որոնք առողջ են, շատ ծեր չեն ու էդ բանկոմատից, պայմանագրից եւ այլնից գլուխ են հանում: Իսկ մենք էդ ապարատներից բան չենք հասկանում»:
Նշենք, որ անկանխիկ կենսաթոշակ ստանալու համար թոշակառուն նախ պետք է այցելի բանկ, պայմանագիր կնքի, որը թոշակառուի համար կլինի անվճար, դրա համար վճարելու է նախարարությունը: Բանկային պլաստիկ քարտերն էլ թոշակառուները կստանան անվճար, այդ ծախսերն էլ է կառավարությունն իր վրա վերցրել: Պայմանագիր կնքելուց հետո թոշակառուի համար հաշվեհամար է բացվում տվյալ բանկում: Սպասարկումն էլ լինելու է անվճար: Հաշվեհամար բացելուց հետո թոշակառուն պետք է այցելի իր կենսաթոշակի վճարման տարածքային կենտրոն եւ ներկայացնի իր բանկային հաշվեհամարը: Մեկ այլ գլխացավանք էլ կա թոշակառուների համար՝ նրանք պարտավոր կլինեն տարին մեկ անգամ այցելել նոտարին, որպեսզի վերջինս հաստատի, որ ինքը ողջ է, այնուհետեւ այդ փաստաթուղթը՝ ողջ լինելու մասին, ներկայացնի բանկին: Կառավարության ներկայացուցիչների համոզմամբ՝ այս բարեփոխումով կբացառվի կենսաթոշակառու-վճարող անձ շփումը, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, բացի այդ՝ կվերանան նաեւ բանկերի եւ «Հայփոստի» գրասենյակների մոտ թոշակառուների հերթերը: