Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԻ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է 2011-ԻՆ

Նոյեմբեր 16,2010 00:00

ՀՀ ՍԴ-ն քննության է ընդունել քաղաքացի Պերճ Հակոբյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի եւ 13-1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Քաղաքացի Պերճ Հակոբյանի ներկայացուցիչ, հայտնի փաստաբան Ժորա Խաչատրյանը միաժամանակ տեղեկացվել է, որ վերոհիշյալ գործով ՍԴ նիստը տեղի է ունենալու ավելի քան 4 ամիս հետո՝ 2011թ. մարտի 15-ին: Հիշեցնենք, որ ՍԴ դիմած քաղաքացին ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի փեսան է, ով ծնողների հետ ՀՀ-ից միանգամայն օրինական կարգով, անչափահաս հասակում մեկնել է եւ 5 տարի անց՝ 1997թ. ապրիլի 10-ին ստացել Բելգիայի Թագավորության քաղաքացիություն: 2002թ. հուլիսին, ավելի քան 10 տարի հետո, օտարերկրացու նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, նույն տարի կարճվել էր, կարճումը փոխարինվել էր կասեցումով, 2007թ.-ին՝ վերաբացվել, 2008թ. 1մլն 800 հազար դրամ տուգանք մուծելուց հետո վերջնականապես կարճվել էր: Այս ամենից հետո Պ. Հակոբյանին ՀՀ զինկոմ Ս. Չալյանը գրավոր տեղեկացրել էր, որ գումարը մուծվել է եւ Հակոբյանն իրավունք ունի զինգրքույկ ստանալ: Իսկ երբ քաղաքացու ներկայացուցիչը փորձել էր հաշտվել եւ ստանալ զինգրքույկը, նրան մերժել էին՝ 1997թ. օտարերկրացի լինելու պատճառաբանությամբ: Այդ գործողությունները պատգամավոր Արշակյանի կողմից որակվել էին որպես պետական մեքենայի կողմից իրականացված ռեկետ եւ զոռբայության դասական օրինակ, ու բողոքարկվել գլխավոր եւ քաղաքային դատախազություններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել