News.am-ի փոխանցմամբ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Հայաստան-Ռուսաստան գազատարի՝ Վրաստանի տարածքով անցնող հատվածը գնելու հայտ է ներկայացրել: Ընկերությունն արդեն դիմել է գազատարի սեփականատիրոջը՝ Վրաստանի գազային պետական ընկերությանը: Այս առիթով որոշ հայ փորձագետներ հասցրին հերթական անգամ բարձրաձայնել իրենց մտահոգությունները, թե ինչ է Հայաստանին սպասվում, եթե Ադրբեջանը գնի գազատարը: Չնայած վերջերս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վստահեցնում էր, որ վրացական հատվածում գտնվող գազատարի վաճառքի մասին խոսք անգամ չկա, սակայն խոսակցություններ են պտտվում, որ գազատարն արդեն աճուրդի է հանվել: Այս տեղեկատվության հավաստիությունը «Առավոտը» փորձեց պարզել «ՀայՌուսգազարդ» ընկերությունից: Լրատվության բաժնից մեզ տեղեկացրին, որ նման ինֆորմացիա իրենք էլ չունեն, իսկ «ինչ վերաբերում է գործընթացին, հուսով ենք՝ Վրաստանը բավականին թափանցիկ կիրականացնի ողջ գործընթացը եւ ուսումնասիրելով գործարքի տնտեսական տրամաբանությունը, հնարավոր է հայկական կողմը եւս հայտ ներկայացնի ու մասնակցի աճուրդին»: Ի դեպ, որոշ վրացի փորձագետներ էլ հայ օլիգարխներին հորդորում են հանկարծ ձեռքներից բաց չթողնել գազատարը. ըստ փորձագետների, հայ օլիգարխներից կպահանջվի մի քիչ ներդրում, ու եկամտաբեր բիզնեսն ապահովված է: