Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ ընդունում են Վերահսկիչ պալատի՝ վերջերս հրապարակած բացահայտումներն այն մասին, որ 2008-2009 թվականներին հանձնաժողովը գործել է մի շարք խախտումներով՝ պետբյուջեից գրպանելով որոշակի գումար:
Հիշեցնենք, որ ՎՊ-ն պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործումը վերահսկելով՝ եզրակացրել էր, որ 2008-ին դասընթացներ կազմակերպելու նպատակով Հայաստանի մարզեր գործուղված հանձնաժողովի աշխատակիցներին ավելի է վճարվել, քան անհրաժեշտ էր, իսկ 2009-ին կատարված հիմնական միջոցների գույքագրումն էլ, պարզվում է, առանց հաշվապահական ձեւակերպումների է եղել եւ հաշվեկշռում չի արտացոլվել: Հանձնաժողովը խախտումներ է թույլ տվել մեքենաների վառելիքի, 5 միլիոն 628 հազար դրամ արժողությամբ ուսուցողական ֆիլմի նկարահանման եւ այլ կազմակերպությունների հետ դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը չհաշվառելու հարցերում: «Առավոտը» ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանից տեղեկացավ, որ հանձնաժողովը ոչ միայն ընդունում է իրենց կառույցում ՎՊ-ի արձանագրած խախտումները, այլեւ հասցրել է շտկել բոլոր բացթողումները՝ պետությունից թաքցրած գումարներն էլ արդեն վերականգնվել ու վերադարձվել են պետբյուջե: Նույնը չի կարելի ասել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության մասին:
Ընկերությունը շարունակում է հերքել ՎՊ-ի ներկայացրած բոլոր մեղադրանքները, ավելին, ընկերությունը պատրաստվում է իր վարկն ու հեղինակությունն արատավորելու համար առաջիկայում դատական հայց ներկայացնել՝ ընդդեմ ՎՊ-ի: Ընկերության լրատվական բաժնից «Առավոտին» տեղեկացրին, որ իրենց ասածից չեն հրաժարվում. «Դեռ դատարան չենք դիմել, բայց մեր ընկերության իրավաբանական բաժինը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերն ու աշխատում այդ ուղղությամբ»: ՎՊ լրատվության բաժնից էլ հիշեցրին. «Դա ընկերության սահմանադրական իրավունքն է, որ մենք հարգում ենք, կարող են հանգիստ դիմել դատարան: Կարծում ենք՝ հետագա ընթացքն ավելի հետաքրքիր կլինի»: