Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐՆ ԻՐ ԳԵՐԴԱՍՏԱՆՈՎ ԼՔՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Նա իր բիզնեսը տեղափոխում է հարեւան Վրաստան

«Առավոտն» արդեն անդրադարձել է այն փաստին, որ գյումրեցի գործարարները մասսայաբար վաճառքի են հանում իրենց բիզնեսը՝ երկիրն ընդմիշտ լքելու մտադրությամբ: Օրերս էլ քաղաքի մի խումբ մտավորականներ ահազանգել էին մեր խմբագրություն՝ խնդրելով կանխել հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող Մուշեղ Մինասյանի՝ գերդաստանով երկիրը լքելու մտադրությունը: Ահազանգողների բնութագրելով, գործարարի ընտանիքն ու ազգականները այնքան «կիրթ են ու շնորհքով», որ եթե այսպիսի մարդիկ լքեն երկիրը, ապա հայրենիքն իրոք կհայաթափվի: Մենք 10 տարվա գործունեություն ծավալած «Համբույր» հրուշակեղենի ֆիրմայի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է իր արտադրամասը վաճառքի հանելու ու հարեւան Վրաստան տեղափոխվելու պատճառը, մի՞թե հայրենիքում հնարավոր չէ բիզնեսը զարգացնել: «Ես գործունեություն ծավալել եմ այն ժամանակ, երբ գյումրեցիների մեծ մասը լքում էր քաղաքը, գնում էին Ռուսաստան: Գյումրիում սարսափելի պայմաններն էին, մենք տնակների մեջ էինք, բայց մտածում էի, որ պիտի անպայման օգուտ տամ իմ քաղաքին, իսկ հիմա այլեւս հնարավոր չէ մեր երկրում բիզնես զարգացնել. քաոսային իրավիճակ է, Հայաստանը մոնոպոլիզացված ու կոռումպացված է, այստեղ առանց հզոր ծանոթների ոչ մի բան չի կարող զարգանալ: Թող չմտածեն, թե ես պակաս հայրենասեր եմ, երեւի իմ չափ ոչ մեկն էլ չի սիրում իր երկիրը, բայց ես իրոք զարգացման ոչ մի հեռանկար չեմ տեսնում: Վերջին 3 տարին անընդհատ տեղում դոփում ենք, լճանում ենք»,- նեղսրտում է գործարարը: Ի նկատի ունենալով այն, որ հրուշակեղենի այս արտադրամասը Գյումրիում կայուն սպառման շուկա ունի, մեկ անգամ եւս հարցրեցինք, թե այլեւս ի՞նչ է պետք գործարարին բիզնես ծավալելու համար: «Ճիշտ է՝ սպառման ծավալները քչացել են, բայց ես իրոք սպառման խնդիր չունեմ, նորից եմ կրկնում՝ զարգացում չկա՝ ահա խնդիրը, ինչ մտածում ես, պատերին ու քարերին է դեմ առնում, թունելի վերջում լույս չես տեսնում, անիմաստ է ամեն ինչ»,- հիասթափված ասում է գործարարը, ով 11 աշխատատեղ է ստեղծել քաղաքում ու մտադրված է իր աշխատակիցներին եւս իր հետ տանել հարեւան երկիր: Իսկ թե ինչո՞ւ հատկապես Վրաստան, մի՞թե հարեւանները ավելի լավ պայմաններ են ստեղծում գործարարների համար, մեր զրուցակիցը հետեւյալ պատասխանն է տալիս. «Վրաստանը նախ իր մենթալիտետով՝ նիստուկացով, շարժուձեւով նման է մեզ, ես երեխաների մասին եմ մտածում, որ չփոխվեն, չփչանան, իսկ Վրաստանում հայ համայնքը, բավականին մեծ է, կարող են հայ մնալ: Բացի դա, Վրաստանն այսօր օրենքի երկիր է: Նախ այստեղ, միասնական հարկեր են գործում՝ 18%, սոցվճարները մոտավորապես 3000 դրամի կարգի են, ի տարբերություն մեր երկրի, հետո Վրաստանում կարող ես ծախսերդ հիմնավորել, էստեղի պես չէ, որ ներմուծված ապրանքի համար փաստաթուղթ չտան, կամ էլ սահմանակետում եթե թափով հովանավոր ունեցար՝ էժան կբերես, էժան կձեւակերպես, պետության հարկը քիչ մուծես»: Իսկ Հայաստանում հատկապես ո՞ր կառույցներն են բիզնեսմենին խանգարում, մի՞թե վարչապետի այն հայտարարությունները, թե մանր ու միջին բիզնեսմենին պետք է հանգիստ թողնել, ու հաճախակի ստուգումներով չանհանգստացնել, չի համապատասխանու՞մ իրականությանը: Մուշեղ Մինասյանը հաստատում է, որ իր մոտ այս տարի հաճախակի են եղել ստուգումները՝ 1 տարվա մեջ 3 հատ՝ Սանէպիդի, հարկային ոստիկանության, կենսաթոշակային ֆոնդի կողմից: Մոտ օրերս սպասվում է եւս մեկը. Սանէպիդը հանձնարարություններ է տվել պայմանները բարելավելու, թերությունները վերացնելու ուղղությամբ: «Ով գալիս է իմ մոտ ստուգման, ասում է, որ վարչապետի հանձնարարականով է, ես դեմ չեմ ստուգումներին, ճիշտ է երբեմն նյարդային ես դառնում,  ապրումներ ես ունենում, բայց ինձ էդքան չեն խանգարում, պարտաճանաչ հարկատու եմ, բայց թող վարչապետը առաջին հերթին մտածի՝ ինչպես երկրից վերացնի կոռուպցիան եւ մոնոպոլիան, երբ որ դա արեց, էս երկիրն էլ կծաղկի, բիզնեսն էլ կզարգանա, մարդիկ էլ չեն թողնի ու չեն գնա: Մի՞թե չեն հասկանում, որ այլընտրանք չկա, եթե չպայքարեն, երկիրը կործանված է»,- նախազգուշացնում է գործարարը: Իսկ մի՞թե հրուշակեղենի բիզնեսն էլ մոնոպոլիզացված է, կամ նկատվում է նման տենդենց, հետաքրքրվեցինք մենք: «Չէ, մեր ոլորտը մոնոպոլիզացված չէ, համարվում է մանր գործ, բայց մոնոպոլիզացիան գնում է առեւտրի բնագավառում: Առեւտրականները բնականաբար ինչ ապրանք ներմուծում են, դա են վաճառում ու ամեն գնով խոչընդոտում են քո առեւտրի կազմակերպմանը: Օրինակ՝ անցած տարի ես Մոսկվայում էի, ուզեցի ինչ-որ սարքավորումներ բերել, նոր տեսակի կարամելներ արտադրել, բայց դրանք ներմուծողները բնականաբար կխոչընդոտեին, ում հետ խոսեցի, խորհուրդ չտվեցին այդպիսի քայլ ձեռնարկել, ասին՝ կտուժես: Բայց չգիտես ինչու այդ ապրանքը ներմուծում են դրսից՝ անհամեմատ ավելի թանկ գներով, երբ որ կարելի է տեղում կազմակերպել արտադրությունը՝ բավականաչափ էժան: Ամեն մի գործարար, որի խելքը արտադրությունից հասնում է, 10 տարվա ընթացքում կուզենար լուրջ գործ ծավալել, նորություններ արտադրել, այլապես իմը տնայնագործական արտադրություն է հիշեցնում»,- ասում է մեր զրուցակիցը: Նա նաեւ դժգոհում է, որ որոշ մարդիկ խփում են իր բիզնեսին, եթե ասենք նախկինում հնարավորություն ունեին իրենց արտադրանքը մայրաքաղաքում սպառել, ապա այժմ այս ոլորտը Երեւանում տեր ունի, իրենց այստեղից դուրս են արել: Իսկ Գյումրին դատարկվում է. ծնունդ, կնունք, թաղում անողները պակասում են, հետեւաբար եւ խմորեղենի արտադրությունն այստեղ իրեն չի արդարացնում: Բացի այդ, գնաճն էլ է իրենց գործին խփում, քաղցրավենիքը դառնում է սպառման երկրորդական ապրանք: Ի դեպ, գործարարը նաեւ դժգոհ է երկրի բանկային ու հարկային քաղաքականությունից, ըստ նրա, բանկերը երկարաժամկետ վարկեր չեն տրամադրում, ու չնայած մեր պետությունը գերմանական հիմնադրամից, Ռուսաստանից պարտքեր վերցրեց մանր ու միջին բիզնեսը զարգացնելու նպատակով, բայց դրա տակ միայն առեւտուրը հասկացավ՝ չխթանելով արտադրողներին: «Արտադրությունը կայացնելու համար առնվազն 10 տարի է պետք, սկզբի 2 տարին առանց տոկոսի վարկեր տան, իսկ մյուս տարիներին գոնե մաքսիմում 7%-ը չպիտի անցնի: Էդ ինչպե՞ս է, որ Սահակաշվիլին հայտարարում է՝ եթե մի հոգին 10 աշխատատեղ ստեղծի, ես նրան քավոր կկանգնեմ, կամ Բաթումում մինիմում 50000 ներդրում անողը 15 տարով կոմունալ վճարներից ազատվում է: Բիզնեսին խթանելը սա է, գործարարը զգում է, որ պետությունը իր մեջքին կանգնած է»,- վրացիներին նախանձում է Մուշեղ Մինասյանը: Իսկ մեր երկրում, ըստ նրա, ավելի շատ խանգարում ու վնասում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել