Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ջուր չի՞ լցնում ադրբեջանցիների ջրաղացին

Նոյեմբեր 16,2010 00:00

Մեկ տարի անց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը
փոխել է ՄԻՊ-ի մասին իր տեսակետը:

2009-ի հոկտեմբերի 26-ին, երբ ԱԺ-ն քննարկում էր «2008-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը՝ հարակից զեկուցողը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանն անընդունելի էր գնահատել այդ զեկույցում տրված գնահատականները, թե մեր իշխանությունն ավտորիտար է, Հայաստանում համակարգն օլիգարխիկ է, առկա են ֆեոդալիզմին բնորոշ հասարակական հարաբերություններ, հասարակության մեջ չի նվազում վախի մթնոլորտը, ՀՔԾ-ն ու դատախազությունը «ռեպրեսիվ համակարգի հիմնասյուներն են» եւ այլն: Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել էր, թե դրանով Արմեն Հարությունյանը «ջուր է լցնում ադրբեջանցիների ջրաղացին, որոնք հենց այդ նույն բաները կրկնում են ԵԽԽՎ-ում»: Հույս էր հայտնել, որ ՄԻՊ-ը վերանայել է իր գործունեությունը. «Լավն այն է, որ պաշտպանն այժմ արդեն կարգավորում է իր աշխատանքը, լրացնում այդ բացը, եւ դրանք այլեւս չեն կրկնվի»: Սակայն Արմեն Հարությունյանը եզրափակիչ ելույթում նշել էր, թե պնդում է իր բոլոր նախկին գնահատականները. «Մենք ընդամենն արձագանքում ենք նրան, ինչ որ կա: Եվ եթե մի հարցում եղել ենք ընդդիմադիր, հետո դարձել ընդդիմախոս՝ ոչ թե որովհետեւ այդպես էինք որոշել, ու դա մեր ցանկությունն էր, այլ ուղղակի իրավիճակներ կան, որտեղ ՄԻՊ-ին ոչինչ չի մնում, բացի ընդդիմադիր լինելուց»:
Երեկ Ռաֆիկ Պետրոսյանը ԱԺ-ում հանդես էր գալիս որպես հարակից զեկուցող արդեն 2009-ի ընթացքում ՄԻՊ-ի գործունեության մասին զեկույցի վերաբերյալ: Եվ Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան, թե արդյոք բավարար համարո՞ւմ է Պաշտպանի աշխատանքը՝ նա հայտարարեց. «ՄԻՊ-ը, ի տարբերություն նախորդ տարվա իր զեկույցի, շատ կառուցողական ձեւով է կառուցել, այսինքն՝ այն հայհոյանքները, որ նա տեղում էր պետական մարմինների հասցեին, վարկաբեկում էր նրանց, այդ թվում՝ դատախազությանը, հատուկ քննչական ծառայությանը եւ այլն, այս անգամ չկան: Շատ հավասարակշռված, օբյեկտիվ, թերությունները փաստերով հաստատած զեկույց է սա: Այդ տեսակետից ես գոհ եմ ՄԻՊ զեկույցից»: Արծվիկ Մինասյանը հետո արձագանքեց. «Մնում է՝ մենք բոլորս գոհ լինենք»: Ռաֆիկ Պետրոսյանը նաեւ մանրամասնեց, թե 2008-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ է, որ «իմ կարծիքով՝ պաշտպանը գերազանցել էր իր լիազորությունները եւ այնպիսի նախադասություններ էր ուղղել՝ տեռորիստական, ոստիկանական պետություն եւ այլն, որոնցից նա հրաժարվեց, որովհետեւ դրանից հետո ՀՀ նախագահի ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաեւ ԱԺ ընդունած օրենքների մեջ կատարած փոփոխությունները՝ հավաքների վերաբերյալ օրենքներում, աստիճանաբար վերականգնեցին իրավիճակը: Եվ այսօր այդ հարցերն արդեն իսկ չկան փաստորեն, ըստ էության՝ վերացել են: Եվ դրա մասին այս զեկույցում նա չէր կարող անընդհատ կրկնել նույն բանը»:
Նշենք, որ ինչպես 2009-ի քննարկման ընթացքում էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հիշեցրել ՄԻՊ-ի գրասենյակի դերը փաստահավաք խմբի լուծարման մեջ, այդպես էլ երեկ հայտարարեց. «Փաստահավաք խումբը դադարեցրել է իր աշխատանքները փաստորեն ՄԻՊ-ի աշխատակազմի ղեկավարի, ես կասեի՝ նախաձեռնությամբ եւ գաղափարախոսությամբ: Եվ դրանից հետո այսօր ես լսում եմ, որ դուք շատ գո՞հ եք այս զեկույցից»: Այնուամենայնիվ՝ հենց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդեց, թե ՄԻՊ-ի նախորդ զեկույցում չի տեսել հայհոյանքներ. «Դուք հիմա հորդորում եք Պաշտպանին, որ նա փոխի իր հռետորաբանությունը, բայց ես այդպես չեմ կարծում: Հակառակը՝ ռեպրեսիաները շարունակվում են, եւ այդ մասին պետք է բարձրաձայնվի»:

Հ. Գ. Օրվա ավարտին քննարկվեց կառավարության նախաձեռնությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, որով ՄԻՊ-ին ինչպես իրավունք է ընձեռվում հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ, այնպես էլ Պաշտպանի պաշտոնային դրույքաչափը հավասարեցվում է ՍԴ նախագահի պաշտոնային դրույքաչափին: Ըստ նախագծի հիմնավորման՝ այս օրինագիծը ներկայացված է ի կատարումն «Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակներում 2009-2011 թթ. իրականացվելիք գերակա խնդիրների եւ առաջնահերթ միջոցառումների» ցանկի 16-րդ կետի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել