Արցախում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
«Ամեն օր խոսում են պատերազմի մասին, ամեն օր հոխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա են իմ մարտական ընկերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր՝ խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում, եւ իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թվում, թե շատ ուժեղ են, թե կարող են խնդիր լուծել, այն էլ՝ կարճ ժամանակում: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»,- Արցախում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը նաեւ վստահեցրել է, որ ձեռնարկվելու են բոլոր քայլերը՝ սահմաններն անառիկ պահելու ու հայ զինվորի կյանքն անվտանգ պահելու համար. «Որովհետեւ շարունակվում են սադրանքները, որովհետեւ շարունակվում են կրակոցները, զոհվում են մարդիկ, ու ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը»:
«Առավոտի» զրուցակիցները, լսելով Սերժ Սարգսյանի հայտարարությունները, հանգել են այն եզրակացության, որ ՀՀ նախագահի այս հայտարարություններով կարծես շեշտադրում է փոխվում, եւ հայկական կողմն անցնում է հարձակման: Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախագահի ասածները երբեք քննարկման եւ քվեարկության ենթակա չեն կարող լինել, քանի որ այն ամենը, ինչ ասում է երկրի նախագահը, պետք է ընդունել ի գիտություն եւ գործել այդ տրամաբանությամբ. «Նախագահը մինչեւ հիմա ինչ ասել է, բոլորը եղել է իրականություն, երկրորդը՝ որպես պատերազմի ազատամարտիկ, միանշանակ համամիտ եմ, որ մեր երկրի դեմ ցանկացած ոտնձգության, ցանկացած հարձակման դեպքում մեր հարվածները կլինեն հուժկու, վերջնական եւ կործանիչ: Այո, իրենք կոնկրետ հակահարված կստանան, եւ այ, այդ ժամանակ մեր խոսքը կլինի գործ, եւ կտեսնեն մեր բանակի ուժն ու եռանդը: Վստահ եմ, որ մեր բանակն առաջիններից է տարածաշրջանում եւ ցանկացած հարձակման դեպքում պատրաստ է հակահարված տալ եւ վերջակետ դնել, ինչպես դա արեցինք 92-94-ին: Ես չեմ ընդունում այն մարդկանց, որոնք մեր բանակի հասցեին անպատիվ խոսքեր են ասում: Գյուղ կա՞, որտեղ շուն չլինի, չկա: Կլինեն նաեւ սխալներ, բայց մի մոռացեք՝ փոքր պետություն ենք, մեր բանակում ծառայում են մեր որդիները, մեր տղաները, ուրիշ ազգեր չեն գալիս եւ մեր բանակում ծառայում, մենք ենք ծառայում եւ մեր հայրենիքի անվտանգությունն ենք ապահովում: Մի մոռացեք, որ բոլորն իրար ճանաչում են, եւ ինչ էլ անենք, բոլորի համար տեսանելի է: Մեր բանակն այսօր ապահովված է ամեն ինչով եւ պատրաստ է ուժեղ հակահարված տալ: Մյուս կողմից էլ՝ արվում է ամենաանհնարինը, որ մեր բանակում մեկ-երկու թերությունները վերացվեն եւ բանակային կարգ ու կանոնն ավելի ուժեղանա: Ես վստահ եմ, որ հասնելու ենք դրան: Յուրաքանչյուր հայ ընտանիք իր մեջ թող ուժ գտնի, որ պատրաստ լինի միասնական պայքարի, եթե ուզում են, որ հող չտանք, ուզում են տեր կանգնենք մեր սկզբունքներին, ուրեմն ազգովի պետք է պատրաստ լինենք»:
ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը եւս ամբողջովին համամիտ է երկրի նախագահի արտահայտած մտքին. «Եթե մեզ կրկին պատերազմ պարտադրեն, այս անգամ մեր հարվածը լինելու է հուժկու եւ կործանիչ, եւ սա ամենալավ պատասխանն էր ադրբեջանական կողմից տարիներ շարունակ հնչող ռազմատենչ հայտարարությունների: Մեր կողմը պետք է ավելի խիստ վերաբերվի հրադադարի խախտման դեպքերին, ռազմակոչ հայտարարություններին: Ադրբեջանցիներն արդեն երկու տասնամյակ շարունակ իրենց երեխաների մեջ, մանկապարտեզից եւ դպրոցից սկսած, հակահայկական մթնոլորտ են ձեւավորում, որը հետագայում վատ ազդեցություն է ունենալու: Մինչդեռ վաղը հնարավոր է՝ ստորագրվի խաղաղության պայմանագիր, հարցն ի վերջո լուծվի, բայց սերունդների հոգեբանությունը իրենք աղավաղում են: Իսկ մեզ մոտ նման բաներ չկան, ընդհակառակը՝ մենք հարցին սթափ ենք նայում եւ ավելի բարիդրացիական հարաբերությունների կողմնակից ենք: Նախագահի միտքը տեղին էր. այո, մեր բանակը եւ մեր ժողովուրդը կարողացավ հաղթել մեզ պարտադրված պատերազմը, մենք ազատագրեցինք մեր հայրենիքի մի մասը, մեր Արցախը, եւ ժամանակն է, որ դիվանագիտությունը եւս հաղթանակ տանի այս հարցում»:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանի կարծիքով՝ վերջին շրջանում Ադրբեջանի ուժային ճնշման փորձերը շատ ավելի ակնհայտ են դարձել, եւ կարծես այդ երկիրը փորձում է ճնշում գործադրել միջազգային կազմակերպությունների եւ միջնորդ երկրների վրա, սակայն, ըստ մեր զրուցակցի, դա իրենց չի հաջողվելու. «Շատ հաճախ մենք դժգոհել ենք Հայաստանի իշխանությունների կրավորական, ոչ համարժեք կամ ուշացած պատասխաններից: Ես կարծում եմ՝ այն, ինչ հնչեցրեց հանրապետության նախագահը Արցախում, ճիշտ էր, տեղին էր, եւ, իսկապես, մեր դիրքորոշումը պետք է լինի միշտ այսքան վստահ եւ կտրուկ: Ուզում եմ հավատալ, որ բոլոր այն խոսակցությունները, թե հայկական կողմի դիրքերը շատ վատ են, որ մենք գնում ենք պարտությունների եւ այլն, սուտ են, եւ երկրի նախագահի նման կեցվածքը խոսում է այն մասին, որ հայկական կողմը չի պատրաստվում ուժային կամ հոգեբանական ճնշումներին տեղի տալ: Հավատում եմ, որ հայկական կողմը շատ ավելի մարտունակ է, քան ադրբեջանականը, չեմ էլ կասկածում, բայց մենք ունեցանք ցավալի բացթողումներ եւ միջադեպեր, որոնք պետք է արագ վերացնել, որպեսզի հակառակորդ կողմին չտանք հղփանալու առիթը, կամ այն մտայնությունը չառաջանա, որ ինքը կարող է ճեղքումներ անել եւ իրավիճակ փոխել: Եվ ուզում եմ հավատալ, որ մեր սահմանը ավելի կամրապնդվի, այսինքն՝ սրանք լոկ խոսքեր չեն լինի, եւ մենք հետեւողականորեն ուշադրություն կդարձնենք մեր մարտունակությունը ուժեղացնելուն եւ ֆիզիկական, եւ բարոյահոգեբանական, եւ նյութատեխնիկական առումով, որպեսզի ոչ մեկը մտայնություն չունենա, թե հասունանում է պահը եւ կարելի է Հայաստանին եւ Արցախին ծնկի բերել»: