«Մենք մշտապես շփման մեջ ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,- tert.am-ը հղում անելով թուրքական Bugun (Բուգյուն) պարբերականին՝ մեջբերում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: Թուրքիայի նախագահն այս հայտարարությունն արել է Հայաստանի օդային տարածքով թռչելիս՝ Թուրքմենստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին: Ի պատասխան լրագրողի հարցին՝ «Ներկա պահին թռչում ենք Հայաստանի օդային տարածքով: Հայաստանի հետ հարաբերություններում խցանում է նկատվում: Որեւէ հույս կա՞ գործընթացի առնչությամբ», Թուրքիայի նախագահը հայտարարել է. «Սա ասել եմ նաեւ խորհրդարանում՝ այսօրվա իրավիճակը ոչ մեկի շահերից չի բխում: Եթե խնդիրները լուծվեն, ու կասկածները վերանան, շատ մեծ տնտեսական համագործակցություն կծնվի, եւ կարճ ժամանակամիջոցում պայթյուն տեղի կունենա Կովկասում: Իսկ այս ամենի բացակայությունը ոչ մեկի շահերից չի բխում։ Համարձակորեն շատ լավ սկիզբ է դրվել: Դա արվել է իմ նամակով»: Ընդգծելով, որ գործընթացը չի մահացել, Աբդուլա Գյուլը հավելել է. «Կովկասի հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում: Այդ առնչությամբ որոշակի հրահանգներ եմ տալիս պատկան մարմիններին, նախարարներին: Սարգսյանի, Ալիեւի, Պուտինի եւ Մեդվեդեւի հետ մշտապես շփման մեջ ենք: Թեման շարունակում է տաք մնալ»: Թուրքիայի նախագահի այս հայտարարությունն առնվազն տարօրինակ է հնչում, քանի որ ՀՀ արտգործնախարարը քանիցս հայտարարել է, որ հայ-թուրքական բանակցությունների ոչ երկրորդ փուլ, ոչ էլ գաղտնի դիվանագիտություն գոյություն չունի: Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Առավոտի» հետ զրույցում հղում անելով Նյու Դելիում՝ Միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդում նախարար Նալբանդյանի ելույթին, վերահաստատեց ՀՀ-ի դիրքորոշումը. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ո՛չ էլ նոր բանակցություններ: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք եւ որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ, թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը»: Միակ քայլը, որ մնում է այս երկարատեւ գործընթացում, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է առանց հավելյալ ձգձգումների: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Թուրքիան նորից պատրաստ լինի շարժվել առաջ կարգավորման գործընթացում առանց նախապայմանների»: Աբդուլա Գյուլի սույն հայտարարության առիթով «Առավոտը» մեկնաբանություններ խնդրեց նաեւ ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանից: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են խոսում այդ «անընդհատ շփումների» ժամանակ: Նախագահականը հրաժարվեց մեկնաբանություններից: Գրասենյակի աշխատակցի միջոցով Արմեն Արզումանյանը փոխանցեց, որ այդ առիթով մեկնաբանություններ կանի արտգործնախարարությունը: