Նիկոլ Փաշինյանի պնդումների կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը խորհուրդ է տալիս «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ հարձակման մասին Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի խոսնակի հայտարարությանը, որում մասնավորապես ասված էր՝ «Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որեւէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Նիկոլ Փաշինյանի գիշերային երազների շարքից է», եւ այդ նախաձեռնությունը «հետապնդում է ամեն եղանակով Ն. Փաշինյանի նկատմամբ բռնության պատրանք ստեղծելու անհագ ձգտում»՝ «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» ասաց. «Առաջին հայացքից թվում է, թե ՔԿՀ վարչության ասածներն ավելի հիմնավոր են, քան Նիկոլ Փաշինյանինը, քանի որ նա միայնակ է իր պնդումը կատարում (թողնենք մի կողմ՝ մատի արյունը կամ սապոգի հետքերը), վկա չկա (բնականաբար՝ նման վայրերում մարդ էլ սպանեն՝ վկայություն չեն տա), իսկ հակառակ կողմն իր պնդումը հիմնավորվում է 18 մարդու բացատրություններով:
Դե, ամեն մարդ էլ տեսնում է երազ ե՛ւ ազատության, ե՛ւ նեղության մեջ: Ընդ որում՝ վերջին դեպքում ավելի դաժան երազներ են տեսնում, բայց երբ արթնանում են՝ ընկերները հանգստացնում են, եւ մարդիկ այլեւս չեն պնդում մղձավանջի իսկությունը: Բայց երբ դուռը բաց է, ու յուրաքանչյուր մարդ՝ դիմակավորված կամ առանց դիմակի, կարող է մտնել այդ բարաքը, որտեղ 18 մարդ է գիշերում՝ շատ հնարավոր է, որ լինեն նման գործողություններ: Անհնար է նման պնդումները զուտ հոգեկան վիճակին վերագրելը. գուցե առավել ցանկություն կա մյուս կողմից, որ այդպես վերագրվի: Լինում են ե՛ւ գիշերով, ե՛ւ ցերեկվա ընթացքում արվող քայլեր, որոնք հանգեցնում են ընտրված զոհի հոգեկան վիճակի խանգարմանը: Դա պրակտիկա է, որն ընդհանրապես կիրառվում է տարբեր երկրներում: Բայց եթե դա իրոք ընդամենը երազ եղած լիներ՝ Նիկոլ Փաշինյանը չէր շարունակի այդ պնդումները:
Միանշանա՛կ եղել է: Եթե շատերը կարծում են, թե այդ դեպքում Նիկոլի վրա պետք է լինեին վնասվածքներ՝ դա թյուրիմացություն է: Նման արարքի դեպքում երբե՛ք մարմնի վրա հետքեր չեն թողնում, եթե նպատակ կա ինչ-որ բանի հասնելու: Առավել եւս, որ նա շարքային գործիչ չէ, որ նրա նկատմամբ արվածն աննկատ մնար, ու եթե հետքեր թողնեին՝ դա փաստ կլիներ: Եվ եթե ասում են, թե տեսել են՝ կապտուկներ ու արյուն չկա, հնարավոր է, որ չլիներ: Գործողության նպատակն այդ չէր, որ մի երկու հարված հասցնեին ու առաջանային կապտուկներ կամ վնասվածքներ: Ծրագրված նպատակը միայն հետեւյալն է՝ ստեղծել վախի մթնոլորտ, որ մարդը գիշերները չքնի, անվերջ լինի անհանգիստ վիճակում, եւ իրեն ցույց տաս, որ հասանելի է: Այս ամենի համար պետք չէ հետքեր թողնել այդ մարդու վրա:
Իսկ ընդհանրապես՝ քրեակատարողական հիմնարկներում լինո՞ւմ են նման միջադեպեր: Իհարկե՝ լինում են շատ պետություններում ու նաեւ՝ մեր երկրում: Նման միջադեպերն ուղղորդվո՞ւմ են ՔԿՀ վարչակազմի կողմից: Նրանք եթե չեն էլ ուղղորդում՝ գոնե քողարկում են կամ թելադրում ու կազմակերպում: Այնպես որ՝ եթե ասեն, թե անհնար բան է՝ սո՛ւտ է, լինում են: Այլ խնդիր է, թե դա արված է ուղղորդված կամ կազմակերպվա՞ծ գործողություններով:
Նիկոլ Փաշինյանն ինքը չէր համարձակվի նման սուտ ասել, քանի որ նրբերանգ կա՝ 18 մարդու ներկայությամբ կատարվածի մասին ստելը կամ երեւակայությանը տուրք տալը շատ դժվար բան է: Ուստի՝ առնվազն ժամանակավրեպ էր հայտարարությունը, թե նման բան չի եղել, դա երազ է: Միայն այդ հայտարարությունն արդեն կասկածների տեղիք է տալիս: 18 մարդու հարցաքննելու համար նախ օրեր են հարկավոր: Բայց արդեն լուսադեմին հայտարարությամբ եզրակացություն ներկայացնելը՝ վկայակոչելով 18 մարդկանց, անհավատալի է եւ չի ներշնչում վստահություն: Նման դեպքերում պարզապես պետք է լռել ու ճշտել՝ դա եղել է ՔԿՀ վարչակազմի՞, թե՞ դրսի ուժերի կողմից ուղղորդված: Եվ պետք չէ Նիկոլ Փաշինյանի վրա վնասվածքներ փնտրել, քանի որ ընդգծում եմ՝ կատարվածի նպատակն անպայման ծեծելը կամ գլուխը ջարդելը չպիտի լիներ, այլ ուղղակի, որ գիշերը լավ չքնի, անհանգստանա: Կատարվածը լուրջ ահազանգ է, եւ ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է»: