Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ Է ՊԵՏՔ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Հակառակ դեպքում պետք է նշվեն համոզիչ փաստարկներ, թե ինչու Արցախի ճանաչումը հիմա նպատակահարմար չէ:

Երեկ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ, որոնցից մի քանիսը գործում են Ղարաբաղում, հանդես են եկել հայտարարությամբ: Հ/կ-ները «ելնելով այն հանգամանքներից, որ ԼՂՀ ճանաչված չլինելը խոչընդոտում է հանրապետության զարգացմանը, առաջընթացին, միջազգային մշակութային համագործակցությանը, Արցախի քաղաքացիների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների լիարժեք իրականացմանը, զրկում է նրանց միջազգային ատյաններում իրենց շահերը պաշտպանելու հնարավորությունից, վերջապես սպառնում է Արցախի եւ ամբողջ Հայաստանի անվտանգությանը, որ արցախյան հակամարտության՝ առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության ընթացող, էությամբ՝ հակաիրավական բանակցային գործընթացը մտել է վտանգավոր շրջափուլ»՝ պահանջում են մինչեւ դեկտեմբերի 9-ը, ԼՂ ճանաչման հարցը ՀՀ ԱԺ-ում քվեարկության դնելը, հրավիրել լսումներ ԼՂՀ-ի ճանաչման հարցով: Դեռ հայտնի չէ, թե ՀՀ օրենսդիրներն ինչպե՞ս կվերաբերեն այս պահանջին, բայց հայտնի է, որ իշխող կուսակցությունն ու խորհրդարանական կոալիցիան էս գլխից էլ դեմ են ԼՂՀ-ն ճանաչելու «Ժառանգություն» կուսակցության օրենսդրական նախաձեռնությանը: Իշխանությունները, իհարկե, ներկայացրել են իրենց դեմ լինելու պատճառները. ԼՂ անկախության ճանաչումը կարող է խոչընդոտել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին, ու կարող է ՀՀ-ի եւ ԼՂ-ի վրա միջազգային հանրության կողմից հավելյալ ճնշումների առիթ դառնալ:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում հ/կ-ների հայտարարությունը ստորագրած «ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի» ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը նկատեց, թե անցած 18 տարիներին ո՛չ Հայաստանում՝ ԼՂՀ-ն ճանաչելու, ո՛չ Արցախում՝ միջազգային ճանաչման հարցով լրջորեն չեն զբաղվել. «Ինձ թվում է, հույս է եղել, որ այդ խնդիրը կարելի է լուծել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում՝ բանակցությունների միջոցով: Բայց փորձը ցույց է տալիս, որ Արցախի անկախության հասնելն այդ ճանապարհով, կարելի է ասել, հնարավոր չէ, որովհետեւ դա մի ձեւաչափ է, որտեղ Ադրբեջանը ներգրավված է որպես հակամարտության լիարժեք կողմ, եւ դա պետք է լինի նաեւ իր համաձայնությամբ: Բայց Ադրբեջանը բաց հայտարարում է, որ չի ճանաչում եւ չի ճանաչի ԼՂ անկախությունը ո՛չ հիմա, ո՛չ 15 եւ ո՛չ էլ 100 տարի հետո: Այս իրավիճակում մենք պետք է ունենանք մեր ինքնուրույն ճանապարհը. մի կողմից՝ պետք է շարունակվեն բանակցությունները ՄԽ շրջանակներում, բայց մյուս կողմից՝ պետք է հայկական երկու պետությունները, նաեւ Սփյուռքն ու մեր դաշնակիցներն աշխատանք տանեն, որպեսզի Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչվի՝ անկախ Ադրբեջանի կամքից»:
Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու դեմ բերվող փաստարկներին՝ ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը նկատեց, թե դրանք թույլ են, եւ եթե այդպիսի լսումներ լինեն՝ դա լավ առիթ կլինի, որ բոլոր ուժերը ներկայացնեն ու քննարկեն եղած իրենց «դեմ» եւ «կողմ» փաստարկները: Մայիլյանի կարծիքով, ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից բանակցային գործընթացին չի խոչընդոտի: Նրա մատուցմամբ, Ադրբեջանն իր համար ԼՂ ճանաչման հարցն արդեն հանել է ՄԽ օրակարգից՝ հայտարարելով, որ Ղարաբաղի անկախությունը երբեք չի ճանաչի եւ կարգավիճակի հարց չի էլ ուզում քննարկել. «Նույնը կարող ենք մենք անել. ասել՝ այո՛, մենք կարգավիճակի հարցը չենք քննարկում, որովհետեւ մեր դիրքորոշումն այս է, եւ դա հաստատվում է փաստաթղթով: Եթե ԼՂ ճանաչման հարցն օրակարգից դուրս գա, էլի կմնան այն հարցերը՝ փախստականներ, սահմաններ, տարածքներ, շրջափակում, անվտանգության խնդիրներ, որոնք, որպես առանցքային խնդիրներ, պետք է քննարկվեն ՄԽ շրջանակներում: Եվ ամենակարեւորը՝ դրանով նաեւ կլուծվի Արցախի անվտանգության հարցը»: Մայիլյանի համոզմամբ, դա կարգավորման բանակցությունները հեչ էլ փակուղի չի տանի. «Հիմա որ Ադրբեջանն ասում է՝ չենք ճանաչում ո՛չ հիմա, ո՛չ հետո, դա բերո՞ւմ է փակուղու, թե՞ չի բերում»: Ավելին, ԱԳ նախկին նախարարը նկատեց, թե հիմա ԼՂՀ ճանաչման համար պայմաններն էլ ավելի բարենպաստ են՝ մատնանշելով Արեւմուտքի կողմից՝ Կոսովոյի, Ռուսաստանի կողմից՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման, նաեւ միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության հռչակումն օրինական ճանաչելու նախադեպերը: «Այդ նախադեպերը պայմաններ են ստեղծում, որ Հայաստանն այդ ուղղությամբ առաջ գնա»,- ասաց Մայիլյանն ու նույնիսկ առաջարկեց, որ եթե այդպիսի մտավախություններ, վախի զգացումներ կան, ապա կարելի է օգտագործել այն տերմինաբանությունը, անգլերեն ասված՝ wording-ը, որը օգտագործել են մի դեպքում՝ Կոսովոյի, մյուս դեպքում՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման պարագայում, եւ հնարավոր ճնշումներին դիմակայել հենց Արեւմուտքի եւ Ռուսաստանի, նաեւ միջազգային դատարանի տերմինաբանությունն օգտագործելով: «Ձեւեր կան, դրա համար քաղաքական կամք է պետք, կամ պետք է համոզիչ փաստարկներ ներկայացնել հասարակությանը, թե ինչու Արցախի ճանաչումը հիմա նպատակահարմար չէ»,- ասաց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Մայիլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել