ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ իններորդ
ՊՐԱԳԱՅՈՒՄ ԳԵՂԵՑԻԿ
Օֆիկը մի քիչ մտածեց ու քամահրանքով Լենային ասաց՝ «մենակ էդ էր պակաս մնացել», եւ Լենան հարցրեց՝ «ի՞նչը», եւ Օֆիկն արհամարհանքով ասաց՝ «որ շաշ լոռեցիք բանաստեղծություն գրեն», եւ Լենան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ Հովհաննես Թումանյանը ձեր Աշտարակիցն ա», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աշտարակն էլ պակաս մարդիկ չի տվել», եւ Լենան հարցրեց՝ «օրինակ», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցը», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ Օշականումն ա թաղված, էդ չի նշանակում թե՝ աշտարակցի ա», եւ Օֆիկն արհամարհական նայեց Լենային ու ասաց՝ «շատ ուժեղ գիտելիքներ ունես», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտելիքները հեչ կարեւոր չեն», եւ Օֆիկը հարցրեց՝ «բա ի՞նչն ա կարեւոր», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «պաշտոնը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ պաշտոն չունենայիր, դժվար թե հետս էդ տոնով խոսայիր», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ տոնով եմ խոսում», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «արհամարհական» եւ ինձ նայելով հարցրեց՝ «սխալ ե՞մ ասում, Արմեն», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «Օֆիկը սաղ բանաստեղծների հետ էլ արհամարհական ա խոսում», եւ Օֆիկը զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «քու հետ արհամարհական ե՞մ խոսացել, ա՛յ տղա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ» եւ ժպտալով ավելացրի՝ «որովհետեւ ես բանաստեղծ չեմ», եւ Օֆիկը ծիծաղելով հարցրեց՝ «պատի թերթի մեջ էլ չես գրե՞լ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Լենան ժպտալով ինձ ասաց՝ «սուտ ես ասում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն եմ սուտ ասում», եւ Լենան ժպտալով ինձ ասաց՝ «պատի թերթի մեջ լավ էլ գրել ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ պատի թերթ», եւ Լենան խորամանկ ժպտալով ասաց՝ «ձեր մանկավարժականի», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ո՞վ ա ասում», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Չիլոն էր ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մոռանում ես, որ Սլավիկը շատ բարձր ա խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի քիչ առաջ հետդ էդ պատի թերթի մասին էր խոսում», եւ Օֆիկն ասաց՝ «տնաշենը գոռգոռալով ա խոսում» եւ մի քիչ մտածեց ու Լենային ասաց՝ «բայց էդ չի նշանակում, որ բանուգործդ թողած՝ պիտի կլենտների խոսակցություններին ականջ դնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ են՝ կարող ա թաքուն բան են խոսում», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «թաքուն բանը գոռգոռալով չեն խոսում. թաքուն բանը թաքուն են խոսում, որ կողմնակի մարդիկ չլսեն», եւ ես ժպտալով Լենային ասացի՝ «դու կողմնակի մարդ չես», եւ Օֆիկը ծիծաղելով Լենային ասաց՝ «դու ի՞նչ կողմնակի. իրանք էլ են բանաստեղծ, դու էլ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ես եմ մեջներիդ կողմնակին» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ոչ բանաստեղծություն եմ գրում, ոչ էլ բանաստեղծների խոսակցությանն եմ ականջ դնում», եւ ես ժպտալով Օֆիկին ասացի՝ «Լենան մեղավոր չի, որ բանաստեղծները գոռգոռալով են խոսում», եւ Լենան ժպտալով ասաց՝ «մանավանդ՝ նստածհելած բանաստեղծները» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մնացածները երգելով ու բառերը երկարացնելով են խոսում», եւ Օֆիկը թարս նայեց Լենային ու ասաց՝ «ուշքումիտքդ բանաստեղծների խոսակցություններն են, դրա համար էլ օրական մանեթից ավել պակասորդ ես տալի», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո ուշքումիտքն էլ էդ մանեթներն են», եւ Օֆիկը զզվանքով նայեց Լենային ու ասաց՝ «ամսվա վերջին ինձանից են պլան պահանջում, ոչ թե քեզանից», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուզում ես վարիչը դու ըլնես, բայց պլանն ինձանի պահանջե՞ն», եւ Օֆիկը զարմացած նայեց Լենային ու հարցրեց՝ «կարող ա՞ տեղիս վրա աչք ունես, ախչի», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ տեղիդ վրա աչք ունենայի, շուտվանից հասած կըլնեի», եւ Օֆիկն արհամարհական ժպտալով հարցրեց՝ «ո՞նց պիտի հասնեիր», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ տարիքով եմ քեզանի ջահել, համ էլ ազգուտակս ա քու ազգուտակից վենձ», եւ Օֆիկը ծիծաղելով Լենային ասաց՝ «հենց նախանձությունդ բռնում ա, սկսում ես ձեր բարբառով խոսալ», եւ Լենան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ձեր աշտարակցիք հեչ բարբառ էլ չունեն» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «որ պետք ըլնի, գրական լեզվով քու շեֆերից էլ լավ կխոսամ», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ մեկը հաստատ կարաս անես» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ բանաստեղծ ես», եւ Լենան մի քիչ մտածեց ու Օֆիկին ասաց՝ «ոչ էլ տեսքից եմ քեզանի վատը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ վերեւների հետ մի քիչ սիլիբիլի անեմ, հեշտուհանգիստ վարիչ կդառնամ», եւ Օֆիկն արհամարհանքով նայեց Լենային ու քմծիծաղով հարցրեց՝ «էդքան շնորհք ունե՞ս», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ոչ թե շնորհքի հարց ա, այլ՝ նամուսի», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ահամարհանքով ասաց՝ «դու հազիվ բանաստեղծների հետ սիլիբիլի անես» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «շա՜տ ուժեղ վարիչ կըլնեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու Լենային հարցրեց՝ «առավոտից իրիկուն բանաստեղծներիդ հետ գյալաջի անելով՝ ո՞նց պիտի պլան տայիր», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բանաստեղծները որ չըլնեն, վաբշե չես կարա պլան տաս», եւ ես Օֆիկին ասացի՝ «Լենան ճիշտ ա ասում», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ ես ասացի՝ «կլիենտներիդ մեծ մասը բանաստեղծ ու նկարիչ են», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ նորմալ մարդիկ էս կաֆե ոտ չեն դնում», եւ ես հարցրի՝ «նորմալն ովքե՞ր են», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նորմալը նրանք են, որ ոչ նկարում են, ոչ էլ ոտանավոր են գրում», եւ Լենան ասաց՝ «նորմալ մարդիկ նորմալ տեղեր են նստում», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ բանաստեղծների ու նկարիչների ոտն էս կաֆեից կտրենք, էս օբյեկտը նորմալ օբյեկտ կդառնա», եւ Լենան մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «էս Օֆիկի ձեռը որ ճար ըլներ, սաղ բանաստեղծներին մեկ առ մեկ կգնդակահարեր», եւ Օֆիկն արհամարհանքով նայեց Լենային ու ասաց՝ «առաջինը քեզ կգնդակահարեի», եւ Լենան ինձ ասաց՝ «սաղ բանաստեղծներին ու նկարիչներին մեկ առ մեկ կգյուլլեր», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նկարիչների մեջ մեկումեջ կարգին մարդիկ պատահում են», եւ Լենան հարցրեց՝ «ո՞ւմ ես կարգին մարդ համարում», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ով որ խմելուց զակուսկի ա անում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես խմելուց զակուսկի անում եմ», եւ Օֆիկն ինձ ասաց՝ «դու երբ ես խմում, որ զակուսկի անես կամ չանես», եւ Լենան ասաց՝ «Արմենն էլ ա խմում, բայց՝ չափավոր», եւ Օֆիկը ժպտալով ինձ ասաց՝ «ես չգիտեի էլ, որ բանաստեղծ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ չգիտեի», եւ Լենան ասաց՝ «որ Սլավիկը չասեր, ես էլ չէի իմանա», եւ Օֆիկը հանդիմանանքով Լենային ասաց՝ «ամոթ ա», եւ Լենան հարցրեց՝ «ի՞նչն ա ամոթ», եւ Օֆիկն ասաց՝ «կլենտների խոսակցություններին ականջ դնելը թարգի», եւ Լենան նեղսրտած ասաց՝ «ուրիշ վախտ դու ես ասում, որ սրանրա խոսակցություններին ականջ դնենք», եւ Օֆիկը զարմացած ասաց՝ «էդ արդեն շառ էլ ե՞ս անում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես ասել եմ, որ քֆուրքյաֆար անողներին ռադ անեք, ոչ թե մարդկանց խոսակցություններին ականջ դնեք», եւ Լենան արդարանալով ասաց՝ «Չիլոն բարձր-բարձր խոսում էր՝ պատահական լսեցի», եւ Օֆիկը հարցրեց՝ «բա ո՞նց ա, որ ես չեմ լսել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ քո ուշքումիտքն ուրիշ բանի ա», եւ Օֆիկը հարցրեց՝ «իմ ուշքումիտքն ի՞նչ բանի ա», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո ուշքումիտքը փողն ա», եւ Օֆիկն ասաց՝ «քո ուշքումիտքն էլ մարդկանց խոսակցություններն են», եւ Լենան նեղսրտած ասաց՝ «ես մեղք ունե՞մ, որ գոռգոռալով են խոսում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ կարող ա՞ ականջներս բամբակ խոթեմ», եւ Օֆիկը հարցրեց՝ «ես բամբակ ե՞մ խոթում», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ՝ ինչ ես խոթում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մարդ իրա ձեւով ա ապրում», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «ուրիշների խոսակցություններին ականջ դնելն ապրելու ձեւ չի», եւ ես Օֆիկին ասացի՝ «Չիլոն շատ բարձր ա խոսում. Լենան անկախ իրանից ա լսել», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «բա ես ո՞նց չեմ լսել», եւ Լենան Օֆիկին ասաց՝ «քեզ հետաքրքիր չի՝ չես լսել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «քեզ ուրիշ զադեր են հետաքրքրում», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ առաջին հերթին իմ աշխատանքն ա հետաքրքրում», եւ Լենան մի քիչ մտածեց ու քամահրանքով հարցրեց՝ «աշխատա՞նքը, թե՝ փողը», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխատանքն ու փողը նույն բանն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ մասին բանաստեղծություն էլ կա գրված», եւ Լենան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ բանաստեղծություն», եւ Օֆիկը ծիծաղելով ասաց՝ «ով աշխատի՝ նա կուտի», եւ Լենան արհամարհանքով նայեց Օֆիկին ու ասաց՝ «էդ արտասանածդ բանաստեղծություն չի», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ ինչ ա, բայց հաստատ բանաստեղծություն չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վայ թե ասացվածք ա», եւ Օֆիկը հարցրեց՝ «նույն բանը չե՞ն», եւ Լենան քամահրանքով ասաց՝ «քո համար հաստատ նույնն են», եւ Օֆիկը ծիծաղելով ասաց՝ «ով աշխատի՝ նա կուտի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չգիտեմ ով ա ասել, բայց շատ լավ ու շատ ճիշտ ա ասել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով Օֆիկին հարցրեց՝ «բա էդ ո՞նց ա, որ մենք աշխատում ենք, բայց դու ես ուտում», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «ամոթ չես անո՞ւմ՝ սուտ ես խոսում», եւ Լենան հարցրեց՝ «ի՞նչն ա սուտ», եւ Օֆիկը ծիծաղելով ասաց՝ «ամեն օր իրար հետ չե՞նք պերերիվ անում», եւ Լենան մի քիչ մտածեց ու ծիծաղելով Օֆիկին ասաց՝ «դու հատկապես պերերիվի վախտ ես լավ աշխատում», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «արդեն չափդ անցնում ես, Լենա աղջիկ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «հետդ որ ըսենց հավասարի պես խոսում եմ, լրիվ էրես ես առնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ հիմի ոնց որ պետքն ա շշպռեմ՝ էլի մի քանի ամիս խռով ես պահելու», եւ ես Օֆիկին ասացի՝ «պիտի շատ գոհ ըլնես, որ Լենայի պես աշխատող ունես», եւ Օֆիկը թարս նայեց ինձ ու ասաց՝ «մեկ էլ դու ես աշխատող» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո տարիքի տղեն էս ժամին կամ պիտի դասի ըլներ, կամ՝ աշխատանքի», եւ Լենան իմ փոխարեն ասաց՝ «Արմենն արդեն ինստիտուտն ավարտել ա», եւ Օֆիկը թարս նայեց Լենային ու ինձ հարցրեց՝ «բա չես աշխատելո՞ւ», եւ ես ասացի՝ «գյուղում դասատու եմ աշխատում», եւ Օֆիկը զարմացած ինձ հարցրեց՝ «բա հիմի դասի չե՞ս», եւ Լենան ժպտալով Օֆիկին ասաց՝ «դպրոցական արձակուրդներն արդեն սկսվել են», եւ Օֆիկը թարս նայեց Լենային ու ասաց՝ «ես Արմենի հետ եմ խոսում», եւ Լենան ժպտալով Օֆիկին հարցրեց՝ «իմ հետ խռով ե՞ս», եւ Օֆիկն առանց Լենային պատասխանելու՝ ինձ հարցրեց՝ «ո՞ր գյուղում ես աշխատում», եւ ես ասացի՝ «Հոկտեմբերյանում Լենուղի սովխոզ կա. էդ սովխոզի դպրոցում էի աշխատում», եւ Օֆիկը ժպտալով հարցրեց՝ «դասատո՞ւ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էրեկվա էրեխեն ես» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղելով ավելացրեց՝ «մեկն ըլնի՝ քեզ դաս տա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «որ արձակուրդները պրծնեն, սեպտեմբերից էլի էդ դպրոցում ե՞ս աշխատելու», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «մեկն ըլնի՝ ի՛նձ դաս տա», եւ Օֆիկը հարցրեց՝ «բա ի՞նչ ես անելու», եւ ես ասացի՝ «աշունը բանակ կգնամ», եւ Լենան խոսակցության մեջ մտնելով ասաց՝ «խալխը հատուկ գնում ա գյուղ, որ բանակից պրծնի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ հատուկ բանակ եմ գնում, որ գյուղից պրծնեմ», եւ Լենան ինձ հարցրեց՝ «գյուղում էդքան վատ ա՞» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «գյուղի կյանքը սրտովդ չի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոչ թե գյուղի կյանքը սրտովս չի, այլ՝ դասատուի աշխատանքը» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «մեկն ըլնի՝ ինձ դաս տա», եւ Լենան հարցրեց՝ «բա ուրիշները ո՞նց են դասատու աշխատում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բանակ գնացողներ էլ կան», եւ Օֆիկն ինձ ասաց՝ «շատ էլ ճիշտ ես որոշել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իսկական տղամարդն անպայման պիտի բանակ ծառայի», եւ Լենան ասաց՝ «ուրիշները մի քանի տարի գյուղում դասատու են աշխատում, որ բանակի տարիքից դուրս գան ու բանակից պրծնեն», եւ Օֆիկն արհամարհանքով նայեց Լենային, հետո ինձ ասաց՝ «շատ ճիշտ ես որոշել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էրկու տարի կծառայես՝ կգաս», եւ ես ասացի՝ «ընդամենը մի տարի եմ ծառայելու», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «խի՞ մի տարի», եւ ես ասացի՝ «ինստիտուտ ավարտածները մի տարի են ծառայում», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ էլ թվում էր՝ ինստիտուտ ավարտածներին վաբշե բանակ չեն տանում», եւ Լենան ասաց՝ «մանկավարժականը վայեննի կաֆեդրա չունի», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «շատ ճիշտ ես անում, որ գյուղ չես գնում», եւ Լենան ասաց՝ «ուրիշները հատուկ գյուղ են գնում, որ բանակից պրծնեն», եւ Օֆիկը թարս նայեց Լենային ու ասաց՝ «գեղացիք էկել լցվել են քաղաք ու քաղաքացիներին գյուղ գնալու խորհուրդներ են տալի», եւ Լենան նայեց Օֆիկին ու քամահրանքով ասաց՝ «մեռնեմ քաղաքացի ջանիդ», եւ Օֆիկն արհամարհական նայեց Լենային ու հարցրեց՝ «էդ խելքով ե՞ս ոտանավոր գրել», եւ Լենան հարցրեց՝ «այսինքն», եւ Օֆիկն ասաց՝ «Աշտարակը որ քաղաք էր, հեչ Երեւանը քաղաք չէր», եւ Լենան ասաց՝ «Երեւանն աշխարհի ամենահին քաղաքներից մինն ա», եւ Օֆիկը հարցրեց՝ «էդ ո՞ր գրքի մեջ ես կարդացել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Երեւանի մասին հազար տեսակ գիրք կա», եւ Օֆիկն արհամարհանքով հարցրեց՝ «էդ հազարն էլ կարդացել ե՞ս», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որը որ պետք ա՝ կարդացել եմ», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ ինչ ես կարդացել, բայց որ քառասուն թվին առաջին անգամ Երեւան էկա, Երեւանն իսկական գեղ էր», եւ Լենան քմծիծաղով հարցրեց՝ «ձեր Աշտարակի համեմատ է՞ր գեղ», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թեկուզ Աշտարակի համեմատ», եւ Լենան ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ քառասուն թվին ոչ թե Երեւան ես էկել, այլ՝ ուրիշ քաղաք», եւ Օֆիկն արհամարհանքով նայեց Լենային ու հարցրեց՝ «դո՞ւ որ թվին ես Երեւան էկել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համենայն դեպս, ո՛չ քառասուն թվին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քառասուն թվին ընդամենը մի տարեկան էի», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ ընդամենը վեց տարեկան էի, բայց շատ լավ եմ հիշում», եւ Լենան մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ քառասուն թվին ոչ թե վեց տարեկան էիր, այլ՝ տասներկու», եւ Օֆիկը զզվանքով նայեց Լենային ու ասաց՝ «ընենց վստահ ես խոսում, ոնց որ պորտս անձամբ ես կտրել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «պորտդ անձամբ չեմ կտրել, բայց պասպորտդ անձամբ եմ տեհել» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «պասպորտիդ մեջ վայ թե քսանութ թիվ էր գրած», եւ Օֆիկը զզվանքով նայեց Լենային ու ասաց՝ «շատ ես սիրում քիթդ ուրիշների դակումենտների մեջ խոթել», եւ Լենան ժպտալով ասաց՝ «պասպորտդ դու էիր տվել, որ լիչնի լիստոկդ լրացնեմ», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ լիչնի լիստոկ», եւ Լենան ժպտալով ասաց՝ «Չեխոսլովակիա գնալուցդ ո՞վ լիչնի լիստոկդ լրացրեց» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «թե՞ արդեն մոռացել ես», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու արհամարհանքով ասաց՝ «ընդամենն էրկու հատ տառ ես գրել, էրեսովս ես տալի», եւ Լենան ժպտալով ասաց՝ «որ ընդամենն էրկու տառ էր, ինքնուրույն կգրեիր», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ճամփի վրա էի. ժամանակ չունեի», եւ Լենան մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «էդ լիչնի լիստոկը լրացնելու համար ժամանակից բացի ուրիշ բան էլ ա հարկավոր», եւ Լենան ասաց՝ «ուրիշ ի՞նչ ա հարկավոր», եւ Լենան փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «խելք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նաեւ՝ ռուսերենի իմացություն», եւ Օֆիկն արհամարհանքով նայեց Լենային ու քմծիծաղով ասաց՝ «մեռնեմ ռուսերենի իմացությանդ», եւ Լենան մի քիչ մտածեց ու Օֆիկին ասաց՝ «գնացիր հասար Չեխոսլովակիա, բայց մի հատիկ ծամոն էլ ա չբերիր», եւ Օֆիկը զզվանքով նայեց Լենային ու հարցրեց՝ «չես ամաչո՞ւմ, ախչի», եւ Լենան ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ պիտի ամաչեմ», եւ Օֆիկը հարցրեց՝ «գրիչ չէի բերե՞լ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «բանաստեղծին գրիչ ե՞ն բերում, թե՝ ծամոն», եւ Լենան մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «էն վախտ հեչ չէիր էլ իմանում, որ բանաստեղծ եմ», եւ Օֆիկն ասաց՝ «հավաքարարից բռնած՝ սաղիդ մի-մի հատ գրիչ էի բերել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց հավաքարարը չէր լիչնի լիստոկդ լրացրել», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծ բան չես արել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուզածս էլ մեծ բան չէր. ընդամենը մի հատիկ ծամոն», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ բերածս գրիչները ծամոնից էրկու անգամ թանկ էին», եւ Լենան մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «էդ հըլը հարց ա», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա հարց», եւ Լենան մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «շատ հնարավոր ա՝ էդ գրիչները Երեւանից առած ըլնեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կամ էլ՝ Մոսկվայից», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «էդ տեսակ գրիչ Երեւանի ո՞ր խանութում ես տեսել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ամեն տեսակ գրիչ էլ տեհել եմ», եւ Օֆիկն արհամարհանքով ասաց՝ «պարզվում ա՝ տեսած աղջիկ ես» եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով հարցրեց՝ «ընդամենը հինգ տարի չի՞, որ Երեւան ես ոտ դրել», եւ Լենան արհամարհանքով նայեց Օֆիկին ու ասաց՝ «էս վերջին գալուցս շատ առաջ Երեւան տեխնիկում եմ սովորել ու ավարտել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դրանից առաջ էլ հազար անգամ Թիֆլիս եմ էղել», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «մոռացել էի, որ ձեր մայրաքաղաքը Թիֆլիսն ա», եւ Լենան արհամարհանքով նայեց Օֆիկին ու ասաց՝ «մեր մայրաքաղաքը Երեւանն ա, բայց հինգ տարեկանից ամեն տարի Թիֆլիս էղել եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էսօրվա օրով էլ Թիֆլիս լիքը բարեկամություն ունենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Օֆիկին հարցրեց՝ «Թիֆլիս էղել ե՞ս», եւ Օֆիկն արհամարհանքով նայեց Լենային ու ասաց՝ «մեկի տեղակ՝ մի քանի անգամ», եւ Լենան զարմացած հարցրեց՝ «էդ ե՞րբ ես էղել, որ ես չեմ իմացել», եւ Օֆիկն արհամարհական ժպտալով ասաց՝ «Թիֆլիս գնալուցս լիչնի լիստոկ չես լրացրել, դրա համար էլ չես իմացել» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «կարող ա՞ Թիֆլիսից էլ պիտի քու համար ծամոն բերեի», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Թիֆլիս որ ծամոն ըլներ, ե՛ս քո համար կբերեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ե՛ս եմ մերոնց համար Երեւանից ծամոն տանում Թիֆլիս», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «փաստորեն, մեր տեղական ծամոնով ձերոնց խաբում ես», եւ Լենան արհամարհանքով ասաց՝ «որ ոտս Պրագա ընկներ, իրանց համար արտասահմանյան ծամոն կտանեի», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Պրագա», եւ Լենան պատասխանեց ու ասաց՝ «քո գնացած տեղը» եւ արհամարհական ավելացրեց՝ «որ լիչնի լիստոկդ լրացրի՝ գնացիր», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես Չեխոսլովակիա եմ գնացել», եւ Լենան ծիծաղելով հարցրեց՝ «Չեխոսլովակիայի մայրաքաղաքը Պրագան չի՞», եւ Օֆիկը հարցական ինձ նայեց, մի քիչ մտածեց ու կասկածանքով ասաց՝ «Պրագան ա», եւ Լենան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «չուտողի մալը ուտողին հալալ ա», եւ Օֆիկը զզվանքով նայեց Լենային ու հարցրեց՝ «դրանով ի՞նչ ես ուզում ասես», եւ Լենան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ Չեխոսլովակիայի մայրաքաղաքը Պրագան ա», եւ Օֆիկն արհամարհանքով նայեց Լենային ու ասաց՝ «քեզանից լավ գիտեմ» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ Պրագայում էլ բարեկամներ ունես», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հեչ պարտադիր չի բարեկամներ ունենամ, որ էդ հասարակ բանն իմանամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես մանկապարտեզում եմ իմացել, որ Չեխոսլովակիայի մայրաքաղաքը Պրագան ա», եւ Օֆիկն արհամարհանքով նայեց Լենային ու ասաց՝ «շատ ուժեղ մանկապարտեզ ա էղել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մանկապարտեզում Պրագայի մասին բանաստեղծություն էլ եմ արտասանել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով արտասանեց՝ «խաղաղության կոնգրեսն էր մեծ Պրագայում գեղեցիկ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Նաիրի Զարյանի գրածն ա», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ ճիշտ ա գրել. Պրագան իրոք շատ գեղեցիկ ա», եւ Լենան ծիծաղելով հարցրեց՝ «ձեր Աշտարակից էլ ա՞ գեղեցիկ», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու Լենային ասաց՝ «որ քեզ խելոք պահես, կդասավորեմ՝ կգնաս քո աչքով կտենաս», եւ Լենան ժպտալով հարցրեց՝ «Աշտարակը՞», եւ Օֆիկը պատասխանեց ու ասաց՝ «Պրագան», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ըտենց ղալաթ չես անի», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ գիտես, որ արժանի չես», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ գիտեմ, որ մարդկային կամեցողություն չունես»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ