Կանայք իրենց առավել երջանիկ են զգում 30 տարեկանին մոտ հասակում՝ հաստատել են հետազոտողները: Այս ժամանակաշրջանում նրանք իրենց զգում են հաջողակ՝ աշխատանքում եւ ինքնավստահ են, ինչպես նաեւ առավել մեծ հաճույք են ստանում սեքսից: Սակայն երջանկությունը հարատեւ չէ, եւ արդեն 30 տարեկան կանանց սկսում են անհանգստացնել կնճիռների առաջացումն ու ճերմակող մազերը:
«28 տարեկանը մի հասակ է, երբ վարսերը եւ կազմվածքը առավել լավ տեսք ունեն՝ թույլ տալով կնոջը առավելագույնս ինքնավստահ զգալ»,- պատմեց Clairol Perfect 10 կոսմետիկ ընկերության ներկայացուցիչը, ում հետազոտությանը մասնակցել է գեղեցիկ սեռի 4 հազար ներկայացուցիչ:
Հարցումն անց էր կացվում 25-65 տարեկան կանանց մեջ եւ վերաբերում էր 12 առանցքային չափանիշների: Այսպես, համաձայն ստացված արդյունքների, կանայք կարիերայում իրենց առավել հաջողակ են զգում 29 տարեկանում, անձնական հարաբերությունները նրանց ավելի կարեւոր են 30 տարեկանում, իսկ լավագույն սեքսը՝ կանանց խոստովանությամբ, լինում է 28 տարեկանում:
Սակայն 30-ից հետո նույնպես դեռ ամեն ինչ կորսված չէ. ընտանեկան կենցաղի հաջողությանը հասնում են 32-ում, իսկ լավագույն ֆինանսական կայունությունը կանայք զգում են 33 տարեկանում: Հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է նաեւ, որ կանանց երկու երրորդը գտնում է, որ ավելի վաղ է սկսում ծերանալ, քան տղամարդիկ, իսկ 56%-ը անհանգստանում է տարիների հետ գնացող գեղեցկության համար: Գրավչությունը պահպանելու համար կանայք չեն խնայում ոչ մի միջոց: Շպարվելը կանանցից խլում է տարեկան մինչեւ հինգ օր, միջին օրականը 22 րոպե, հայտնում են հետազոտողները: