Արտակ Փայտյանի «Մենություն» ֆիլմը ռոմանտիկ դրամա է՝ տիրոջը կորցրած շան մասին: Ֆիլմը հենց սկզբից դիտողին տրամադրում է ներդաշնակ երաժշտությամբ:
Առայժմ անհայտ հանգամանքներում տիրոջը կորցնելով, գլխավոր հերոսը՝ շունը, պահում էր հավատամությունը նրա նկատմամբ: Փնտրում է տիրոջը փողոցներում, պուրակներում, հավատարմորեն սպասում բնակարանի դռան մոտ, արձագանքում բարձրացող վերելակին եւ նույնիսկ չի ուտում հարեւանի մատուցած կերը: Իր փնտրտուքների ժամանակ շունը շատ բան է տեսնում, շատ մարդկանց հանդիպում: Նրա աչքերով մենք տեսնում ենք տարբեր մարդկանց: Տեսնում ենք բարի, հոգատար, անտարբեր, չար ու դաժան մարդկանց: Հայտնվելով միանգամայն այլ պայմաններում, շունը չի գտնում իր տեղը: Հարմարավետ բնակարան, տաքսի, ձեռնափայտ, տիրոջ հոգատարություն ու սեր. ահա այն ամենը, ինչ մնացել է նրա հիշողության մեջ: Շունը դրանք փորձում է հայցել սովորական անցորդներից, բայց, ավաղ…
Այս պահին մեզ պարզ է դառնում, որ տիրոջ կորուստն անվերադարձ է:
Քաղաքակիրթ հասարակությունը չընդունեց մենության մեջ հայտնված անտեր շանը: Թափառումները շարունակվում են, եւ թունելի վերջում լույս է առկայծում: Օ-օ՜, հրա՛շք… Շունը հանդիպում է իր բախտակցին, սպիտակ էգ գեղեցկուհուն: Թվում է՝ թե ամեն ինչ իմաստավորվեց, մնում է միայն սնունդ հայթայթելը: Նորահայտ ընկերուհին այդ հարցում փորձառու է: Չէ՞ որ նա վաղուց է հարմարվել փողոցային կյանքին: Մեր շունն էլ «տղամարդավարի» փորձում է հետ չմնալ ընկերուհուց, բայց դեբյուտը ստացվում է անհաջող: Մի լավ քոթակ է ստանում, բայց հոգ չէ, կամաց-կամաց կվարժվի: Ոչինչ, որ լավ խնամված շնից նա վերածվում է թափառական գող շան: Արկածախնդիր կյանքն էլ իր հմայքներն ունի: Կարեւորը, որ արդեն մենակ չէ: Հավանաբար այդպես էլ կարող էր շարունակվել իր փոքրիկ երջանկությունն ու կյանքի իմաստը գտած շան գոյությունը, եթե չլիներ քաղաքակիրթ հասարակության միջամտությունը: Քաղաքը թափառող կենդանիներից զերծ պահելու նպատակով մարդը խլեց մեր գլխավոր հերոսի սպիտակ երջանկությունը՝ ընդամենը երկու կրակոցով:
Շունը սիրում էր մարդկանց, բայց այլեւս ի զորու չէ զսպել իր աղիողորմ բողոքը հայտնելու անհագ ցանկությունը: Ողբաձայն կաղկանձ, որն ուղղված է …թեկուզեւ լուսնին: Անզոր մի բողոք, որը կորավ գիշերվա խավարում:
Նա կրկին մենակ է: Կրկնակի որբացած շունը վերածվեց աղբանոցներ քրքրող թափառական կենդանու:
Մեր աչքի առաջ լավ խնամված, կարգ ու կանոնի սովոր, մարդկանց քմահաճույքները կատարելու պատրաստ շունը վերածվել է իր կյանքի հանդեպ անտարբեր, չարացած, մարդկանցից զզված մի էակի: Նա փորձեց ու չգտավ մարդկանց մեջ գոնե մի քիչ մարդկություն:
Ռեժիսորը ֆիլմը հասցնում է տրամաբանական ավարտին: Բետոնապատ «քաղաքակրթությունը» լքած հերոսը ի՛ր բարձունքից նայում է երբեմնի նվիրական, իսկ այժմ թշնամացած քաղաքին: Ու երեւի լավ է, որ «տերերը» մի փամփուշտ էլ իր համար էին պահել:
Շան ու մարդու բարեկամությունը հին պատմություն ունի: Վայրի կենդանուն մարդն իր վերաբերմունքով կարողացել է դարձնել մինչեւ վերջ նվիրված ընկերոջ: Շները մնացել են հավատարիմ վաղեմի ուխտին, իսկ մարդիկ փոխվել ու փոխվում են:
Նա մոռանում է, որ «մենք պատասխանատու ենք բոլոր նրանց առջեւ, ում ձեռնասուն են դարձրել»:
«Մենություն» ֆիլմը հրավիրում է դիտողին շան աչքերով նայելու ինքներս մեզ… եւ եզրակացություններ անել:
Արտակ Փայտյան ռեժիսորը, զուսպ կինոմիջոցներով, կարողացել է իր մտահղացումը լիովին հասցնել դիտողին: Գոնե ինձ հասկանալի է ֆիլմի իմաստը: