Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԸՆԴՀԱՏ ՆԻՀԱՐԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ՝ ԱՆՈՐԵՔՍԻԱ

Նոյեմբեր 13,2010 00:00

Գեր լինելու մասին հիվանդագին համոզվածությունը երբեմն ավարտվում է մահով

Նյարդային անորեքսիան կամ, որ ավելի ճիշտ է, հոգեկան անորեքսիան, ախորժակի հիվանդագին բացակայությամբ ընթացող հոգեկան հիվանդություն է: Այն արտահայտվում է սննդից հրաժարումով, քաղցի զգացումի դեմ տառապալից պայքարով, նիհարելու ձգտումով եւ այլն: Կարճ ժամանակի ընթացքում հիվանդությունը հանգեցնում է արագահաս նիհարելուն, հյուծվելուն, իսկ երբեմն՝ նույնիսկ մահվան:
Հիվանդության հիմնական պատճառը կարծեցյալ գեր լինելու մասին մարդու հիվանդագին (զառանցանքային) համոզվածությունն է:
Անորեքսիայով հիվանդանում են հիմնականում 14-18, երբեմն՝ 20-30 տարեկան աղջիկներն ու կանայք, հազվադեպ՝ նաեւ տղաները:
Լինելով հոգեկան հիվանդություն, այն ավելի շատ դրսեւորվում է մարմնական տարաբնույթ խանգարումներով: Հիվանդությանը բնորոշ են դաշտանադադարը, սրտի աշխատանքի դանդաղումը, զարկերակային արյան ճնշման իջեցումը, մաշկի եւ լորձաթաղանթների չորությունը, փորկապությունը, մարմնի ջերմաստիճանի իջեցումը եւ այլն:
Ախորժակի բացակայությամբ ընթացող խանգարումները կարող են հանդիպել նաեւ նեւրոզների, փսիխոպաթիաների, ուղեղի օրգանական ախտահարումների, շիզոֆրենիայի, դեպրեսիայի ժամանակ: Ուստի հոգեբույժի խնդիրն է առաջին հերթին կատարել տարբերակիչ ախտորոշում՝ հիվանդության առաջացման պատճառը հայտնաբերելու եւ հետագա բուժումը արդյունավետ կազմակերպելու համար:
Հիվանդությունը զարգանում է դանդաղորեն: Հաճախ դրան կարող են նախորդել մտավոր կամ ֆիզիկական լարվածությունն ու գերհոգնածությունը:
Հիվանդները, հարազատների համառ պահանջներից հետո, բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն իսպառ հյուծվել են, դարձել անաշխատունակ կամ անկողնային: Բնորոշ է, որ հիվանդները անտարբեր լինելով իրենց ֆիզիկական ծանր վիճակի նկատմամբ, ձգտում են չթուլացնել իրենց սոցիալական ակտիվությունը՝ ուսումը, աշխատանքը, խմբակներ հաճախելը եւ այլն, ինչը, սակայն, նրանցից մեծ ճիգեր է պահանջում եւ էլ ավելի քայքայում առողջությունը:
Հիվանդության ծանր դեպքերում հիվանդներն իրենք են ձգտում արագորեն նիհարել՝ հաճախակի կշռվում են, լուծողական խմում, հոգնա անում, փսխեցնող դեղեր գործածում, ֆիզիկական աշխատանք կամ վարժություններ կատարում, ձգտում շարունակ գտնվել շարժման մեջ եւ այլն:
Հոգեկան անորեքսիայի բուժումը կատարում են հոգեբույժները եւ հոգեթերապեւտները՝ հիվանդին առաջարկելով համապատասխան դեղեր եւ հոգեթերապիայի մեթոդներ: Առաջին հերթին կատարվում է ընդհանուր կազդուրիչ բուժում եւ զուգահեռ՝ բուժվում հիմնական հոգեկան հիվանդությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել