Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիա չեն մեկնում

Նոյեմբեր 13,2010 00:00

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի եւ մարզաձեւի ազգային հավաքականի մարզչական կազմի հայտարարած նախնական պայմանավորվածության համաձայն, կաշվե ձեռնոցի մեր առաջատար ներկայացուցիչները այս ամսին պետք է մեկնեին Ֆրանսիա եւ այդ երկրի ընտրանու հետ պատասխան համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնեին, որից հետո պիտի ընկերական հանդիպում կազմակերպվեր: Սակայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվությամբ՝ ֆրանսիական կողմից մինչեւ վերջերս պատասխան հրավեր չի եղել: Ավելին, նրանք ընկերական այդ հանդիպման փոխարեն կազմակերպել են չորս երկրների մասնակցությամբ միջազգային մրցաշար, որի մասին մերոնց նախապես տեղյակ չեն պահել:
Երեկ ՀԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյա հոբելյանի շրջանակներում մեկնարկած պաշտոնական արարողությունների առաջին միջոցառման ժամանակ օրախնդիր հարցի շուրջ զրուցեցինք սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ: «Մենք, երբ ընդունել էինք Ֆրանսիայի բռնցքամարտիկներին, պայմանավորվեցինք, որ նրանք էլ կոնկրետ ժամանակահատվածում համատեղ ուսումնամարզական հավաքի պատասխան հրավեր կուղարկեն, որը կեզրափակենք մեր եւ նրանց ընտրանիների միջեւ ընկերական հանդիպումով: Սակայն հետագայում պարզվեց, որ Ֆրանսիայի ազգային ֆեդերացիան չորս երկրների, բացի իրենցից եւ մեզնից, միջազգային մրցաշար է կազմակերպել, որին մասնակցելու հրավեր է ուղարկել նաեւ ԱՄՆ-ին եւ Ուկրաինային: Դա դեռ ոչինչ, մենք կարող էինք կարգավիճակով անհամեմատ բարձր այդ մրցմանը մասնակցել, եթե ժամանակին դրա մասին տեղեկացված լինեինք: Այդ ժամանակ մենք կփոխեինք մեր ծրագիրը: Սակայն իրավիճակը ճշգրտելու մեր օգտագործած հեռախոսային եւ միջազգային կապի բոլոր միջոցներին Ֆրանսիան չէր արձագանքում: Սպորտում կա մի օրենք. եթե լրացուցիչ հավաք ես կազմակերպում կամ դրան հրավիրվածների թվաքանակի փոփոխություն ես կատարում, պետք է պաշտոնական փաստաթղթով համապատասխան հիմնավորում ունենաս: Մենք չունեինք: Միայն նախորդ օրվա երկրորդ կեսին ենք պաշտոնական փաստաթուղթ ստացել: Սակայն արդեն նախապատրաստվելու ժամանակ չկա ու ի վիճակի չենք մեկնել: Ես, որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հետեւաբար՝ նաեւ արդյունքների համար պատասխանատու, գտնում եմ, որ պետք չէ մեկնել: Ինձ համար կարեւորը ոչ թե Ֆրանսիայի նման լավ երկիր ավելորդ անգամ գնալն է, այլ մրցմանը պատրաստված ներկայանալը: Ես չեմ կարող տղաներին առանց համապատասխան պատրաստվածության աստիճանի ռինգ մտցնել, թեկուզ՝ Ֆրանսիայի պես երկրում»,- ասաց Ռաֆայել Մեհրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել