Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարի 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: Այն բանից հետո, երբ միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 33-րդ քայլում ոչ-ոքի արեց Իսպանիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Ալեքսեյ Շիրովի հետ, իսկ նրան հետապնդող ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը հաղթեց Պավել Էլյանովին (մյուս պարտիաներում նույնպես խաղաղ արդյունքներ գրանցվեցին): Հետաքրքրական է, որ բացի Մամեդյարով-Էլյանով (այն ավարտվեց 49-րդ քայլում) եւ մի փոքր տարբերությամբ՝ Կարյակին-Գրիշչուկ (պարտիան շարունակվեց մինչեւ 46-րդ քայլ) դիմակայություններից, մյուս բոլոր հանդիպումները շատ կարճ տեւեցին՝ ժամանակային առումով նմանվելով «արագ շախմատի»:
Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է հաստատվել: Երեկ կայացած յոթերորդ տուրից առաջ, որում զույգեր կազմել էին Արոնյանն ու Նակամուրան, Կրամնիկն ու Մամեդյարովը, Էլյանովն ու Կարյակինը, Գրիշչուկն ու Շիրովը, Վան Հաոն ու Գելֆանդը, Արոնյանը եւ Մամեդյարովը 4,0-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը (հայ շախմատիստը, շնորհիվ բարձր անհատական գործակիցների, էլի առաջինն է), որն այսպիսի տեսք էր ստացել:
1. Լեւոն Արոնյան 4,0 միավոր
2. Շախրիյար Մամեդյարով 4,0
3. Վան Հաո 3,5
4. Ալեքսանդր Գրիշչուկ 3,5
5. Սերգեյ Կարյակին 3,5
6. Հիկարու Նակամուրա 3,5
7. Վլադիմիր Կրամնիկ 3,0
8. Բորիս Գելֆանդ 2,0
9. Ալեքսեյ Շիրով 1,5
10. Պավել Էլյանով 1,5: