Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ԱՊՀ եւ բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավար անձանց մասնակցությամբ համաժողովով սկսվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյա հոբելյանի անցկացման պաշտոնական մասը: Դրան նախորդել էին նույն շրջանակներում հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպված մասսայական ամենաբազմաբնույթ մարզական միջոցառումները, որոնք հնարավոր դարձան նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքից հետո, որում նա հյուրերին բարեմաղթանքներ հղելով՝ նշեց, որ Հայաստանը, լինելով հյուրասեր ժողովուրդ, միշտ էլ հանդես է եկել այսպիսի հանդիպումներ հաճախակի կազմակերպողի դերում եւ ներկաներին շնորհակալություն հայտնեց այս հրավերն ընդունելու համար:
Հաստատված օրակարգային ծրագրի համաձայն, կատարված եւ կատարվելիք աշխատանքները ներկայացրին «Լոնդոն 2012»՝ ամառային (զեկուցող՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսդեյլ) եւ «Սոչի 2014»՝ ձմեռային (զեկուցող՝ ԱՕԿ- ների հետ համագործակցության հարցերով ենթակառուցվածքների մենեջեր Ալեքսանդրա Սավինա) խաղերի կազմկոմիտեների լիազորված անձինք: Այնուհետեւ, պատվիրակությունները տեղեկացան Ուկրաինայի, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեների գործունեությանն ու հեռանկարային ծրագրերին:
Երեկվա համաժողովում առանցքայինը փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի՝ ՀԱՕԿ-ի որդեգրած գործունեության, ինչպես նաեւ Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի՝ այս ոլորտում ազգային հակադոպինգային կրթական ծրագրի ներկայացումներն էին: Համաժողովում հանգամանալից անդրադարձներ եղան նաեւ օլիմպիական շարժման տարբեր ոլորտներին: