Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, ի՞նչ անենք

Նոյեմբեր 13,2010 00:00

Երեւի դժվար կլինի զարմացնել նոտարների կողմից եւ դատարաններում կատարվող անարդարությունների փաստերով, սակայն այն, ինչի մասին կխոսվի հոդվածում, կարող է նաեւ զայրացնել: Գործն արդեն անցել է բոլոր դատական ատյանները, եւ հրապարակման նպատակն այն չէ, որ ընթերցողը կրկին հիշի հայրենական նոտարներին ու դատական համակարգը կամ էլ ճնշում գործադրվի դատարանի վրա: Նպատակն այլ է: Հրապարակվելու են գործով տարբեր ատյաններում վճիռներ ու որոշումներ կայացրած այն դատավորների անունները, որոնց համար ոչ մի նշանակություն չունեն օրենքն ու օրինականությունը, արդարադատությունը ու բարոյականությունը:
Ներկայացնեմ եղելությունը: 2007թ. նոյեմբերի 8-ին Սեդա Սիլախտարյանը իր տունը կտակել էր Հասմիկ Մանուկյանին: Սակայն պարզվել է, որ նույն տարվա հոկտեմբերի 17-ին հանրաճանաչ նոտար Էմմա Շաբոյանը վավերացրել է լիազորագիր, որ իբր թե Ս. Սիլախտարյանը լիազորել է ոմն Յուրի Եղոյանին, որպեսզի վերջինս իր փոխարեն իր բնակարանը նվիրի Ալեքսանդր Սահակյանին եւ Լաուրա Խաչատրյանին: Ընդ որում, որպես Ս. Սիլախտարյանի անձը հաստատող փաստաթուղթ լիազորագրում նոտարը նշել է այն անձնագրի համարը, որի կորստյան կապակցությամբ, դեռեւս 2007թ. մայիսին, Ս. Սիլախտարյանը դիմել էր Կենտրոնականի ոստիկանություն ու կորած անձնագրի փոխարեն ստացել նոր անձնագիր: Շարունակելով իր գործունեությունը՝ նոտար Է. Շաբոյանը, արդեն բնակարանի նվիրատվության պայմանագիրը վավերացնելու ժամանակ, օգտագործել է Ս. Սիլախտարյանի ամուսնության եւ նրա ամուսնու մահվան վկայականների իսկական օրինակները, որոնց կորստյան կապակցությամբ Ս. Սիլախտարյանը նույնպես պատշաճ կարգով դիմել ու օրինական կարգով ստացել էր դրանց պատճենները: Այսինքն՝ լիազորագիրը տալու ժամանակ Ս. Սիլախտարյանը չէր կարող ունենալ նրանում նշված անձնագիրը, իսկ բնակարանի նվիրատվության ժամանակ նոտարը չէր կարող օգտագործել այն վկայականների իսկական օրինակները, որոնց կորստյան կապակցությամբ Ս. Սիլախտարյանը պատշաճ կարգով դիմել ու օրինական կարգով ստացել էր պատճենները:
Մամուլում բազմիցս շրջանառվել է Շաբոյանի անունը՝ կապված անօրինականությունների հետ, սակայն նա շարունակում է աշխատել եւ  խախտումներ կատարել: Թվարկեմ այս գործում նոտար Շաբոյանի անօրինականություններից մի քանիսը:
Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ ըստ կտակի ժառանգության վկայագիրը տրվում է ժառանգությունը բացվելուց հետո վեց ամսվա ընթացքում: Քանի որ օրենքի պահանջը հիմք չէ նոտար Է. Շաբոյանի համար, ուստի նա Ա. Սահակյանին ու Լ. Խաչատրյանին ըստ կտակի ժառանգության վկայագիրը տվել է ժառանգությունը բացվելուց երկու տարի տասն ամիս անց: Նույն օրենսգրքով Ա. Սահակյանին եւ Լ. Խաչատրյանին ժառանգության վկայագրերը պետք է տրվեին առանձին-առանձին, սակայն Է. Շաբոյանը նրանց տվել է մեկ միասնական ժառանգության վկայագիր: Նա այս գործարքների վավերացման ժամանակ քանիցս խախտել է նաեւ ՀՀ արդարադատության նախարարի 2000թ. թիվ 523 հրամանով հաստատված հրահանգի 10-ից ավելի պահանջներ:
Ի՞նչ էր մնում անել: Օրինականությունը վերականգնելու համար Հասմիկ Մանուկյանը դիմել է դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատավոր Գ. Խանդանյանը մերժում է հայցը: Ներկայացվում է վերաքննիչ բողոք: Եվ ի՞նչ: Առանց բողոք ներկայացնող կողմին դատական նիստերի մասին պատշաճ կարգով իրազեկելու եւ նրանց դատարան հրավիրելու, վերաքննիչ դատարանը կազմով՝ Կ. Հակոբյան, Տ. Սահակյան եւ Ա. Նազարյան, գումարում է երկու նիստ ու որոշում է մերժել բողոքը: Սահմանված կարգով ներկայացվում է վճռաբեկ բողոք՝ հատուկ նշելով վճռաբեկ դատարանի նախկին այն որոշումները, ըստ որոնց՝ դատական նիստին կողմին պատշաճ կարգով չիրազեկելու փաստերով վերաքննիչ դատարանի բոլոր որոշումները բեկանվել են: Բայց պարզվում է, որ վճռաբեկ դատարանի համար իր նախկին որոշումները, կոնկրետ այս գործով, որեւէ նշանակություն չունեն, եւ դատավորներ Ե. Խունդկարյանը, Ս. Անտոնյանը, Ա. Բարսեղյանը, Մ. Դրմեյանը, Ե. Սողոմոնյանը, Վ. Աբելյանի նախագահությամբ, որոշում են կայացնում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին: Սրանով հայկական ժամանակակից դատական համակարգը սպառեց իրեն:   Վերլուծելով՝ համոզվեցի, որ առանց բարձր հովանավորության կամ հրահանգի մեր դատական համակարգը նման որոշում չէր կարող կայացնել: Սակայն ամեն ինչ դեռ չի վերջացել: Կա նաեւ մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Հ. Գ. Ես ոստիկանության պաշտոնաթող գնդապետ եմ: Հասմիկ Մանուկյանը կինս է: Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Ալ. Սահակյանն աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում:
Պատրաստակամ ենք տպագրել նաեւ հակառակ կողմի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել