Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՐ

Նոյեմբեր 13,2010 00:00

Ուրբաթ օրը Սեուլում պատասխանելով լրագրողների՝ Ռուսաստանի ներքին եւ արտաքին  քաղաքականությանը վերաբերող հարցերին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնաբանել է նաեւ հուլիսին ԱՄՆ-ում ռուս լրտեսների ցանցի ձերբակալության շուրջ սկանդալը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, նա, ըստ էության, խոստովանել է, որ նախօրեին «Կոմերսանտ» թերթում ռուս լրտեսներին ամերիկյան իշխանություններին հանձնած գործակալի մերկացման վերաբերյալ  հրապարակումը համապատասխանում է իրականությանը: Մինչ այդ, պաշտոնական Մոսկվան եւ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) ոչ պաշտոնական ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկությունները՝ դրանք համարելով լրագրողների երեւակայության արդյունքը:
ՌԴ նախագահ Մեդվեդեւը, սակայն, շեշտել է, որ այդ հրապարակման մեջ շարադրված փաստերն իր համար նորություն չեն եղել, եւ որ այդ հարցի առնչությամբ պետք է համակողմանի քննություն վարել եւ համապատասխան եզրակացություններ անել: «Ինչ վերաբերում է ինձ, ապա այն, ինչ հրապարակել է «Կոմերսանտը», ինձ համար նորություն չէ: Ես գիտեի դրա մասին այն օրը, երբ դա տեղի է ունեցել՝ իր բոլոր մանրամասներով եւ «աքսեսուարներով», բայց դա պետք է հետաքննության ենթարկվի: Կապրենք՝ կտեսնենք: Դրանից համապատասխան դասեր պետք է քաղվի»,- հայտարարել է Մեդվեդեւը՝ G20-ի գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ հրավիրված ասուլիսում: Հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունում լայնածավալ հետաքննության արդյունքները, Մեդվեդեւը պատասխանել է, թե չէր ուզենա մեկնաբանել այդ որոշումը. «Դա այդ գործով զբաղվող կառույցների գործն է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Կոմերսանտում» հրապարակված հոդվածում ասվում էր, թե ԱՄՆ-ում ռուսական լրտեսական ցանցը տապալվել եւ բացահայտվել է ոմն գնդապետ Շչերբակովի պատճառով, որը երկար ժամանակ ՌԴ ԱՀԾ-ում ծառայել է որպես «C» վարչության ամերիկյան բաժնի պետ եւ զբաղվել է ԱՄՆ-ում գտնվող «անլեգալների» հետ աշխատանք տանելով: Թերթի աղբյուրի տվյալներով, Շչերբակովը երկար ժամանակ էր պատրաստվել ռուս լրտեսներին ԱՄՆ-ին հանձնելու ուղղությամբ: Նա սկզբում Միացյալ Նահանգներ էր ուղարկել իր դստերը, հետո՝ որդուն, իբր՝ որպես թմրանյութերի շրջանառության նկատմամբ վերահսկողության աշխատակցի, որից հետո՝ ՌԴ նախագահ Մեդվեդեւի ԱՄՆ կատարած այցից ընդամենը երեք օր առաջ նաեւ ինքն էր ԱՄՆ փախել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել