Հինգշաբթի երեկոյան հարավկորեական լրատվամիջոցները «տարօրինակ դավադրության» մասին տեղեկություններ էին տարածել: Ըստ այդմ, Հյուսիսային Կորեան, իբր, ծրագրել է օդապարիկի օգնությամբ կենսաբանական կամ քիմիական զենքի գործադրմամբ հարձակման ենթարկել Սեուլում տեղի ունեցող G20-ի գագաթաժողովը կամ լողացող ականներ «տեղադրել» հարավկորեական ջրերում: Հյուսիսային Կորեան, ի դեմս սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Կիմ Կյոկ Սիկի, ծրագրել է օդապարիկներին ամրացված 20 տարբեր տեսակի մահաբեր քիմիական զենքեր ուղարկել Հարավային Կորեայի տարածք: Այդ մասին, The Daily Mail-ի մատուցմամբ, մանրամասնել է հարավկորեական կայքերից մեկը: Ըստ շրջանառվող տեղեկությունների, այդ հարձակման հրամանը կարող էր արձակել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի որդին ու հետնորդ Կիա Չեն Ունը: Նրա հոր ռեժիմը բազմիցս է ագրեսիվ ակցիաների նախաձեռնողը եղել, ընդ որում՝ դրանք համընկել են կամ երկրի ներսում տեղի ունեցող փոփոխությունների, կամ արտաքին ճնշումների ուժգնացման, կամ Հարավային Կորեայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրված լինելու ժամանակահատվածի հետ:
Արեւմտյան դիվանագետները G20-ի դեմ հարձակման սպառնալիքին լրջորեն են վերաբերվել: Գագաթաժողովի անվտանգությունը հիմա ապահովվում է հայտարարված «կարմիր»՝ բարձր մակարդակի տագնապին համապատասխան, իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիմել է Չինաստանին՝ խնդրելով զսպել Կիմ Չեն Իրին:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի դեմ «պայքարում» օդապարիկներ օգտագործում են հարավկորեական որոշ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք այդ եղանակով Հյուսիսային Կորեայում թռուցիկներ են տարածում, ինչը առաջացնում է այդ երկրի իշխանությունների վրդովմունքը եւ պատերազմի սպառնալիք ստեղծում: