Այս տարվա մայիսի 12-ին, հուլիսի 7-ին եւ հոկտեմբերի 5-ին գրել ենք ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանի մասին: Չիբուխչյանը 16 գրքի հեղինակ է: Նա գիրք-ներբողներ է գրել Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի, Պետրոս Մեծի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ընդունած Ջոն Էվանսի, Ալֆրեդ Նոբելի, Վլադիմիր Ժիրինովսկու, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի, «ՎիվաՍելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին: Անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի եւ արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար նա ՀՀ նախագահից մշակույթի վաստակավոր գործչի կոչում է ստացել:
60-ամյա բանաստեղծը այժմ էլ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին նվիրված իր ստեղծագործությունն է երկհատորյակի տեսքով հրատարակել եւ մտադիր է Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային գծով խորհրդական Ռեզա Աթուֆիի միջոցով Իջեւան հրավիրել Հայաստանում Իրանի դեսպանին եւ վերջինիս միջոցով էլ` իսլամական երկրի նախագահ Ահմադինեջադին: Լյուբիկ Չիբուխչյանը շատ է ուզում, որ Իրանի նախագահը ներկա լինի իրեն նվիրված երկհատորյակի շնորհանդեսին:
Չիբուխչյանի չափածո ձոների վերնագրերն էլ բավականին խոսուն են: Օրինակ, Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկուն նվիրված գործը կոչվում է «Երկնային գանձը», Հրանուշ Հակոբյանի մասին գիրքը՝ «Սիրատոն», «ՎիվաՍելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին՝ «Տիեզերքի կապավորը», իսկ Սեյրան Օհանյանին նվիրվածը՝ «Երկաթի նախահայրը»: