Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿԱՐՏՈԼ ԾԱԽԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՌՆՈՒՄ Է»

Նոյեմբեր 13,2010 00:00

Լոռու մարզի թե գյուղերի, թե քաղաքների բնակիչները տուժել են անձրեւներից, երաշտից, կարկուտից

\"\"

Հոկտեմբերի 5-ին «Բերքի տոնը՝ առանց բերքի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ այս տարի Լոռու մարզում Բերքի տոնին մասնակցել է համայնքների կեսը միայն, քանզի տարին գյուղատնտեսության համար անբարենպաստ էր: Պարզվում է, գյուղացին վերջնականապես է հիասթափվել հողից եւ գյուղից:
Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Լեջան գյուղի բնակիչ Ռ. Զաքարյանը բերքահավաքից հետո վաճառել է իր 4,5 հեկտար հողատարածքը: Արդեն 3-րդ տարին է, նա հողից օգուտ չի տեսնում, ե՛ւ սերմացուն է գնում, ե՛ւ ձմռան կարտոֆիլը: «Առանց հողի ի՞նչ գյուղացի, բայց դե նույն սերմացուն նույն հողում ցանելն էլ իմաստ չունի, խաբեցին, էդ էլ մեզանից կտրեցին»,- ասում է Ռ. Զաքարյանը: Այս տարի հողից օգուտ չի տեսել Սպիտակի եւ Ստեփանավանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունների մեծ մասը: Խանգարել է եւ անբարենպաստ եղանակը, եւ մեծապես թանկացած ու գյուղացիների համար անմատչելի դարձած ազոտական պարարտանյութն ու վառելիքը:
2009 թ.-ին Լոռու մարզի գյուղացիական տնտեսությունները 55,5 տ կարտոֆիլ էին ստացել, որը գարնանը չկարողացան նույնիսկ 20 դրամով իրացնել՝ անասնակեր օգտագործվեց: Այս տարի գյուղատնտեսական նշանակությամբ հողերի 1/3-ը մնաց անմշակ, որի պատճառով անասնակերն ավելի շատ է, քան բերքը՝ 90 000 տոննա խոտ, 4240 տոննա ծղոտ, 910 տոննա սիլոս, 450 տոննա կերի արմատապտուղ կուտակվեց, որին ավելացավ կարկտահարված 1430 հեկտարից հավաքված հացահատիկը կամ այն ամենը, ինչ մնացել էր հացահատիկից: 2010 թվականին 25 000 տոննա կարտոֆիլ, 13 000 տոննա բանջարեղեն եւ նույնքան էլ հացահատիկ ստացան լոռեցիները:
Ողջ Լոռիում էր գարունը խիստ անբարենպաստ՝ փաստացի ձախողվեց գարնանացանը: Տեւական անձրեւները, հողի նախապատրաստման եւ ցանքի անհնարինությունը թույլ չտվեցին նախատեսված ժամկետներում եւ անհրաժեշտ ծավալներով ցանքս կատարել: Գյուղացին սկսեց աշխատել միայն հունիսի սկզբին: Անգամ լավագույն համարվող ջրովի վարելահողերը անմշակ մնալով՝ ծածկվեցին փուշուտատասկով: Առանց այն էլ ուշ տնկված կարտոֆիլի վեգետացիոն ժամկետները խառնվեցին իրար, վաղահաս կարտոֆիլից բերք չստացվեց: Խոնավ եւ ցուրտ եղանակը արգելակեց այգիների պտղակալումը եւ գործնականում այսօր մարզում պտուղ չկա: Անցած տարի 6600 տոննա պտուղ էր հավաքվել, այս տարի՝ ընդամենը 655 տոննա: Անձրեւոտ եղանակին հետեւեց 1,5 ամիս տեւած երաշտը: «Հուլիսի 10-ից հետո մի քանի օրվա ընթացքում բուռն աճած, փարթամացած բուսականությունը վառվեց բարկ արեւից: Անգամ մեղուները չհասցրին նեկտար հավաքել, հնձվորը չհասցրեց բավարար որակի խոտ հնձել, ջրվորը չկողմնորոշվեց առաջին ջուրը բույսին տալ»,- ասում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը: Նրա խոսքերով, օգոստոս-սեպտեմբերին երաշտային երեւույթները այնքան խորացան, որ բոլոր համայնքներում հողը կապվել էր, աշնան վարը եւ ցրտահերկը ուղղակի չէր կատարվում, մինչեւ սեպտեմբերի 25-ը ոչ մի հեկտար աշնանացան չցանվեց: Առ այսօր մարզում ցանվել է 2700 հեկտար աշնանացան հացահատիկային մշակաբույսեր:
Բերքի սղությունը բերել է գների օր օրի թանկացման: Վերջին օրերին Լոռու մարզկենտրոն Վանաձորի շուկայամերձ տարածքում կարտոֆիլ վերավաճառողներն ավելի շատ են, քան գնողները: Հազվադեպ կարելի է հանդիպել գյուղացիների, ովքեր իրենց արտադրանքն են վաճառում: Ըստ նրանց, կարտոֆիլը շուկա բերելը շատ ծախսատար ու ժամանակատար է, բարձր գների պատճառով շատ գնորդներ չեն ունենում եւ ստացվում է, որ կամ բերքը նույնությամբ ետ են տանում, կամ շատ ավելի էժան գնով հանձնում վերավաճառողներին: Սպիտակի շրջանի գյուղերի բնակիչները ճարահատյալ են իրենց բերքը վաճառում, նրանք հույս ունեն, որ ձմռանը կարտոֆիլի գինը կաճի մինչեւ 400 դրամ: Այժմ վաճառում են, որ դեռեւս չվճարած հողի հարկն ու ապառիկ վերցրած վառելիքի ու պարարտանյութի գումարը մուծեն: Գնողի գրպանի համար շատ թանկ կարտոֆիլն ու բանջարեղենը հազիվ է հանում գյուղացիների ծախսերը: «Անցյալ տարվա դառը թթուն տեսանք, համ բերքը շատ-շատ էր, համ Վրաստանի սահմանը փակեցին, չթողեցին դուրս գա, եթե թույլ տային՝ անցած տարի էլ կթանկանար, էս տարի էլ եւ քիչ է, եւ սահմանը բաց է, բայց վառելիքն ու պարարտանյութն էնքան թանկացավ, որ ծախսերը հանում ենք՝ նույնն է մնում»,- ասում է Կաթնաջուր գյուղի բնակիչը: Գյուղացիների խոսքով, կարտոֆիլի ինքնարժեքը 130-150 դրամից պակաս չի լինում: Վերավաճառողներն էլ հակառակն են պնդում, թե նույն ծախսը պահանջած կարտոֆիլի մանրը 80 դրամով են վաճառում, խոշորը՝ կրկնակի թանկ. «Գնում, իրենց դուռն ենք հասնում, 160 դրամից պակաս չեն տալիս, մերը 20 դրամն է, էդ էլ ի՞նչ օգուտ… հազիվ ճանապարհածախսն է հանում»,- ասում են վերավաճառողները: Նրանց խոսքով էլ, նախորդ տարվա համեմատ եռակի աճել են կարտոֆիլի, հացահատիկի, պտղի գները:
Գյուղացիները բողոքում են, որ պետությունը լրիվ մոռացել է գյուղացուն, առաջարկում են գոնե մեխանիկա տրամադրել, թեկուզ վարձակալությամբ, բայց ոչ հնամաշ, որ հողի վրա քրտինք թափելուց հետո արդյունք զգան: «Խորհրդային շրջանից մնացած տեխնիկան վառելանյութն արդեն խմում է, մի կողմից էլ անընդհատ փչանում է, էս խեղճ գյուղացին կամ ես ի՞նչ անենք»,- վրդովվում է 23 տարվա կոմբայնավար Էդգար Հարությունյանը:
Անցած տարի կարտոֆիլի ամենաբարձր գինը շուկայում 100 դրամ էր, քաղաքաբնակների խոսքով՝ լավ կարտոֆիլ կարելի էր գնել նաեւ 50 դրամով, իսկ վանաձորցիների մեծ մասը, որ ձմռան համար պարտադիր կարտոֆիլ է գնում եւ մինչեւ ամռան սկիզբ օգտագործում, այս տարի շվարել է թանկ գներից. «Շատ թանկ է, 7 անձի համար 200 կգ առել եմ, հետո էլ կիլո-կիլո կառնենք, բա ինչ անենք, լոռեցու համար կարտոֆիլը երկրորդ հացն է, առանց դրա չի լինի»,- ասաց շուկայում մեզ հանդիպած մի վանաձորցի:
Մայիս-հունիս ամիսներին մարզի 49 համայնքների ուժգին կարկտահարություններն էլ մի կողմից են վնասել բերքը: Մարզի 17 համայնք 3 անգամից ավելի է կարկտահարվել, 7 անգամ կարկուտ են տեսել Գյուլագարակ եւ Գարգառ համայնքները: Բերքի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է՝ համոզված են գյուղապետերը. «Էս տարի գյուղացին կարտոլ ծախելու փոխարեն՝ առնում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել