75-ամյա թոշակառու Անզոր Իսախանովը 2002թ. ապրիլից չունենալով որեւէ նկատողություն՝ աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտում՝ որպես հյուսն-ապակեգործ:
2009թ. հուլիսի 7-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը սրտի հիվանդության պատճառով եղել է ժամանակավոր անաշխատունակ: Սակայն պարզվել է, որ հուլիսի 15-ին ազատել են աշխատանքից:
«Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՄԻ պաշտպանի ստուգումներով հայտնաբերվել է, որ իմ նկատմամբ կատարվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածների կոպիտ խախտումներ, ոտնահարվել են իմ իրավունքները: Պարոն Ա. Հարությունյանը տվել է գրավոր ցուցում, որպեսզի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ կատարվի ծառայողական քննություն, որպեսզի ուղղվեն թույլ տրված պաշտոնեական չարաշահումները եւ մեղավորները պատժվեն»,- երեկ «Առավոտին» տեղեկացրեց Անզոր Իսախանովը:
Նա նաեւ հայտնեց, որ ՄԻ որոշումը մինչ օրս չի կատարվել: «Դատարաններն իմ հայցադիմումները մերժել են այն պատճառով, որ հիվանդության պատճառով ես բաց եմ թողել 1 ամսվա բողոքարկման ժամկետը»,- ասում է Ա. Իսախանովը: Վերջինս գտնում է, որ միտումնավոր է արվել այդ պատճառաբանությունը: Նա ասում է, որ սպառվել են բոլոր դատական ատյաններ դիմելու իր հնարավորությունները, ուստի մտադիր է դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական համարելու Աշխատանքային օրենսգրքի հոդվածներից մեկը:
«Ում համար են ստեղծված սահմանադրական իրավունքները, եթե առաջին դեմքերի համար 1 ամսվա նշանակված աշխատավարձը համեմատվում է 4 տարվա թոշակառուի գումարին հավասար»,-հարցնում է Ա. Իսախանովը: