Անցած տարվա հունվարի 14-ից «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանի բողոքին: Վերջին անգամ այս տարվա հունիսի 17-ին՝ «Գայլը գառի պահապա՞ն» եւ օգոստոսի 20-ին՝ «Հալածանքները շարունակվո՞ւմ են» հրապարակումներով: Հիշեցնենք, որ տիկինը պնդում է, թե դարձել է Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանի եւ նրա ազգական, Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանի հալածանքների թիրախը. իրենից հող են խլում, փորձում են ոստիկանություն բերման ենթարկելու անվան տակ տնից դուրս հանել եւ սպանել: Ամեն ինչ անում են, որ 70-ամյա կնոջ կյանքը դառնա անտանելի: Արեւհատ Կարապետյանը ավելի քան 150 բողոք է հղել տարբեր ատյաններ. սկսած Արարատի մարզպետարանից, մինչեւ ՀՀ գլխավոր դատախազություն եւ կառավարություն, սակայն հարցը չի լուծվում, հալածանքները շարունակվում են: Գյուղի փոստատան աշխատակից Գոռը տիկին Արեւհատին 13 500 դրամ է տվել եւ խնդրել ստորագրել մի թղթի տակ, որի վրա, բացի Արեւհատ Կարապետյանի անուն-ազգանունից եւ գումարի չափից, այլ բան գրված չի եղել: Թե ինչու է ստորագրել դատարկ թղթի տակ, տիկին Արեւհատն ինքն էլ չի կարողանում բացատրել, բայց Գոռը նրան արդեն ասել է, որ թուղթը ստորագրելուց հետո էլ չի կարող նպաստ ստանալ: Տիկին Արեւհատը ենթադրում է, որ իր դեմ դավ է նյութվում: Առավել եւս, որ Ալիկ Սարգսյանի ՀՀ ոստիկանապետ դառնալուց հետո Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանը Երեւանում նոր պաշտոն է ստացել:
Օրեր առաջ տիկին Արեւհատը զանգեց մեզ եւ ասաց, որ նման դատարկ մի թուղթ էլ ստորագրել է Հովտաշատի մեկ այլ բնակիչ ու նրան էլ են ասել, որ դրանից հետո էլ չի կարող նպաստ ստանալ: Բացի սրանից, տիկին Արեւհատը ասաց, որ իրեն ահաբեկում են նաեւ Երեւանում եւ մանրամասնեց: Երեւանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մատույցներում գյուղմթերք են վաճառում մի շարք անձինք, նաեւ տիկին Արեւհատը: Ըստ նրա, իրեն են մոտեցել երկու երիտասարդ եւ առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու ու ներկայանալու՝ ասել, թե քաղաքապետարանից են եւ արգելում են փողոցային առեւտուրը: Սակայն միայն Արեւհատ Կարապետյանին են զգուշացրել, կողքիններին բան չեն ասել: Արեւհատ Կարապետյանը չի բացառում, որ տեղի ունեցածը գյուղում սկսված հալածանքների շարունակությունն է: