Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ ԼՐԱԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Նոյեմբեր 13,2010 00:00

\"\"Քրեական հետապնդում ու հերքում են պահանջում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի դրույթները ճիշտ օգտագործելու համար:

Դեկտեմբերի 3-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, տեղի կունենա արագացված կարգով դատավարություն՝ «Հայք» օրաթերթի նախկին լրագրող Արման Գալոյանի դեմ: Լրագրողը, որն այժմ թղթակցում է «Ժամանակ Երեւան» թերթին եւ «Լրագիր» էլեկտրոնային կայքին, մեղադրվում է «Հայք» օրաթերթի 2008թ. փետրվարի 8-ի համարում տպագրված «Սպանության հետքերով» հրապարակման համար, որում լուսաբանել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կատարված սպանության մանրամասները: Պատասխանող Ա. Գալոյանի հանդեպ հայցադիմում ներկայացրած Սուսաննա Բաղդասարյանը պահանջել է քրեական հետապնդում սկսել լրագրողի հանդեպ եւ «Հայք» օրաթերթում հերքումով հանդես գալ: Միայն հերքման պահանջի մասով հայցը ընդունվել է վարույթ:
«Առավոտի» հետ զրույցում Ա. Գալոյանն ասաց. «Ամբողջ աբսուրդն այն է, որ համարյա երեք տարի առաջ գրած հոդվածի համար մարդիկ այսօր են հերքում ուզում: Պահանջում են հերքում տպել, որ իրենց երեխան նարկոման չէ եւ ինձ քրեական պատասխանատվության ենթարկել, որ իրենց ընտանիքին վիրավորել եմ»՝ վկայակոչելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում՝ հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը: Ըստ հայցվոր Ս. Բաղդասարյանի՝ լրագրողը իր հրապարակմամբ արատավորել է իր հանգուցյալ որդու հիշատակը, վիրավորել նրա բարի համբավը՝ անվանելով «թմրամոլ»: Մինչդեռ «Սպանության հետքերով» հոդվածի շարադրանքին հետեւելով՝ ակնհայտ է դառնում, որ Ա. Գալոյանն ընդամենը արձանագրում է հայցվոր Ս. Բաղդասարյանի ամուսնու, արդեն տասը տարի ազատազրկման դատապարտված Համլետ Բաղդասարյանի կողմից սպանված արենցի 34-ամյա Կարեն Մանուկյանի այրիացած կնոջ՝ Կարինե Մանուկյանի հրապարակային ելույթի խոսքերը, որի համար դարձյալ լրագրողը, ըստ օրենքի, պատասխանատու չէ: Ստորեւ տալիս ենք լրագրողի եւ այրիացած կնոջ զրույցից մի հատված. «Մեր հարցին, թե ո՞րն է սպանության պատճառը, սպանվածի այրին պատմեց, որ Գեղամ Բաղդասարյանը (Համլետ Բաղդասարյանի հայրն է- Գ. Մ.) Կարենին կասկածել է իր թոռան՝ Հայկի մահվան մեջ: Հայկը մահացել էր 2006թ. փետրվարին՝ թմրանյութ օգտագործելիս: «Գեղամը համոզված էր, որ Կարենն է նրան սովորեցրել թմրանյութ օգտագործել: Բայց Կարենը կյանքում չգիտեր ինչ բան է թմրանյութը, բացի այդ, երբ Հայկը եկավ Ռուսաստանից, արդեն թմրամոլ էր: Բոլորը դա գիտեին: Նույնիսկ նրա հայրը, որ եկավ թաղմանը, ասում էր՝ ինքը գիտեր, որ իր տղան վաղ թե ուշ մեռնելու է»,- ասում է Կարինեն…»: Լրագրող Ա. Գալոյանի պնդմամբ՝ ինքն իր հրապարակմամբ որեւէ արատավոր քայլ չի կատարել հայցվորի հանգուցյալ որդու եւ ընտանիքի նկատմամբ՝ «Անգամ դատաբժշկական փորձաքննության թղթի մեջ գրված է, որ երեխան՝ Հայկը, մահացել է քիմիական նյութի թունավորումից, որը մարմին է ներթափանցել վերին եւ ներքին շնչուղիների միջոցով: Ինչ սպանվածի այրին է պատմել, ես գրել, ներկայացրել եմ, մյուս կողմի հետ հանդիպել չեմ կարողացել, որովհետեւ նրանք այդ ժամանակ գյուղից վտարվել էին համագյուղացիների կողմից, ելել, փախել էին»:
Ա. Գալոյանի ներկայացմամբ՝ Ս. Բաղդասարյանի սկեսրայրը՝ Գեղամ Բաղդասարյանը, «Հայքում» տպված հոդվածի վերաբերյալ դեռեւս 2008թ. սեպտեմբերին է դիմում ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, պահանջել իր դեմ քրեական գործ հարուցել՝ զուգահեռ հայհոյանքներով ու անեծքներով նամակներ ուղարկելով «Հայք» օրաթերթ: Գ. Բաղդասարյանի դիմումն ուղարկվել է ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժին: Սակայն որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառով: Թեեւ Բաղդասարյանների հերթական հայցն ընդդեմ լրագրողի պաշտոնապես ներկայացվել է այս տարվա օգոստոս ամսին, սակայն, ինչպես Ա. Գալոյանը հայտնեց, ապրիլ, մայիս ամիսներին, երբ այլեւս «Հայքում» չէր աշխատում, նորից խմբագրությունում հայտնվել է անեծքներով համեմված նամակ՝ Բաղդասարյանների կողմից: «Այս դատավարությանը լուրջ չեմ վերաբերվում այն առումով, որ աբսուրդային պահանջ է, դրա համար էլ արագացված դատավարություն եմ պահանջել: Բայց մյուս կողմից անհանգստանում եմ, որ ամեն տարի այս հարցը հնչում է, նրանք ամեն տարի մի տեղ դիմում են, անընդհատ այդ մտքի վրա սեւեռված են: Չեմ բացառում՝ եթե նրանք ինձ դեմքով ճանաչեն, ուրիշ կերպ վարվեն, մտասեւեռված են իմ վրա»,- եզրափակեց մեր գործընկեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել