Երեկ Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցները անկեղծորեն զարմացան, երբ փորձում էինք ճշտել՝ հավաստի՞ է, արդյոք, ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի՝ հրաժարականի դիմում գրելու մասին տեղեկությունը: «Առավոտի» հետ զրույցում ծառայությունից ասացին. «Մենք առաջին անգամ ենք նման բան լսում»: Սակայն ծառայության պատասխանատուները հաստատեցին, որ պարոն Խաչիկյանն իսկապես վատառողջ է: Ըստ նրանց՝ Վ. Խաչիկյանը առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի ներկայանում:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ համառ լուրեր են շրջանառվում, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ու օրերս մեկնել Մոսկվա՝ այն բանից հետո, երբ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել ծառայությունում եւ որոշ խախտումներ հայտնաբերել: Մեր տեղեկություններով, պարոն Խաչիկյանը Հայաստանում է եւ այս օրերին իսկապես բուժզննություն է անցնում: