Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի ուզում առողջարար հաց

Նոյեմբեր 13,2010 00:00

Չնայած դրան, «Կռուփի» հացթուխները օրական 200 կգ հայկական բնական բարելավիչով հաց են թխում: 

Շուկայում վաճառվող հացերի գրեթե 90%-ը պատրատվում է, այսպես կոչված, «վիտամինով»՝ բարելավիչներով, որը, ըստ մասնագետների, բավականին վտանգավոր է մարդու առողջության համար, քանի որ հանգեցնում է մի շարք հիվանդությունների: Այս մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Կռուփ» գիտաարտադրական ընկերության տեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը: Նրա խոսքերով, այդ հացերի մեջ օգտագործվում են ոչ թե վիտամիններ, ինչպես ներկայացնում են հացի բիզնեսով զբաղվողները, այլ քիմիական նյութեր. «Տարեկան մոտ 1000 տոննա այդ «վիտամինից» է ներմուծվում մեր փոքրիկ երկիրը: Դա, իհարկե, վիտամինի հետ որեւէ կապ չունի, իր մեջ պարունակում է պերօքսիդներ, օրգանական թթուներ, ներկեր, էմուլգատորներ, կոնսերվանտներ, արհեստական հավելանյութեր, մոդիֆիկացված սոյա, օճառներ, մի խոսքով՝ մեծ բուկետ: Սակայն կա հաց թխելու նոր տեխնոլոգիա, որի դեպքում ամեն ինչ արվում է բնական ճանապարհով: Այն նոր չէ, այլ մենք վերադառնում ենք դեպի բնական հացաթխում, որը հազարավոր տարիներ իրեն արդարացրել է»: Ա. Սելիմյանը Խաչիկ Ստամբոլցյանի հետ միասին դեռ 4 տարի առաջ սկսել են մտածել բնական հաց թխելու մասին, սակայն դա կարողացել են իրականացնել բոլորովին վերջերս՝ ստեղծելով «Կռուփ» գիտաարտադրական ընկերությունը եւ օրական թխում են մոտ 200 կիլոգրամ հաց: Ընկերության տեխնոլոգի խոսքերով, իրենք մշակել են յուրատեսակ բնական խմորի բարելավիչ՝ «հացաթանը», որը պատրաստվում է բիոմածունի սիճուկից, ածիկից եւ ցորենի թեփից. «Դրա օգտագործումը հացաթխման ժամանակ ապահովում է հացի բնական հասունացումը եւ պատրաստի հացի մեջ չեն մնում դրոժի եւ օսլայի մնացորդները, ինչպես լինում է մնացած հացերի պատրաստման ժամանակ»:
Այս գիտաարտադրական ընկերության ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանի ներկայացմամբ էլ, այս հացը փորձարկվել է եւ ստացել դրական եզրակացություն. «Այն նպաստում է մարսողությանը, շաքարի, հենաշարժական ապարատի կարգավորմանը: Մենք այս եղանակով պատրաստում ենք սպիտակ, գորշ եւ տարեկանի հացատեսակներ: Հացը կոչել ենք հեղինակի անունով՝ «Սելիմյան»:
Ըստ պարոն Ստամբոլցյանի. «Սուպերմարկետների ցանցերը հրաժարվում են մեր ապրանքը վերցնել, քանի որ ունեն իրենց մատակարարները կամ էլ իրենց փուռը: Դիմել ենք կառավարությանը, որ այս հացը կարողանանք մատակարարել բանակին, մանկապարտեզներին, սակայն՝ ոչ մի տեղաշարժ, նրանք չեն ուզում, որ մեր երեխաները առողջարար հաց ուտեն: Այս հացի տեխնոլոգիան ընդունելով՝ մենք կարող էինք այս հացից ամբողջ աշխարհին մատակարարել եւ դառնալ միակ արտադրողը, քանի որ բոլոր մարդիկ էլ ունեն այս հացի կարիքը»: Ա. Սելիմյանի ներկայացմամբ էլ, մեծ արտադրողներն իրենց բիզնեսից բացի, որեւէ բան չեն տեսնում. «Միայն իրենց բիզնեսն են առաջ տանում, սակայն մենք ցանկանում ենք մատուցել մոռացված բնական առողջարար հացը, ինչպես նաեւ հացթուխներին ուսուցանել ավանդական տեխնոլոգիայի կիրառումը: Որպես վերջնական նպատակ՝ հայկական շուկան ազատել քիմիական հավելանյութերից: Շատերը ցանկանում են բարելավիչներով հաց թխել, որովհետեւ դա նաեւ քիչ ժամանակ է խլում, սակայն նշեմ, որ մեր հացի խմորի պատրաստումն էլ է գրեթե նույնչափ ժամանակ պահանջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել