Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԱՐԵԼ Է 10 ՏԱՐՎԱ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ, ՍՏԱՑԵԼ՝ 7 ՏԱՐՎԱ

Նոյեմբեր 13,2010 00:00

Բժիշկները հիվանդին էլ, պետությանն էլ խաբե՞լ են

Օրերս 61-ամյա Հովհաննես Կաթրջյանը լրիվ պատահաբար այցելել է գերմանական www.biotronic.de կայքն ու ապշել: Բանն այն է, որ երկու տարի առաջ «Առիթմոլոգիական սրտաբանական կլինիկայում» նրա սիրտը վիրահատել են ու տեղադրել հենց այդ՝ «Biotronic» ֆիրմայի «Philos DR» կոչվող երկխոռոչանի սարքը, որը նախատեսված է սրտի ռիթմը վարելու համար: Հ. Կաթրջյանի պատմելով՝ կլինիկայում իրեն վստահեցրել են, որ սարքը կաշխատի 10 տարի, մինչդեռ տվյալ ֆիրմայի պաշտոնական կայքում նշված է, որ այդ մոդելի սարքը կարող է ծառայել մինչեւ 7 տարի. «Ստացվում է, որ ինձ 3 տարվա կյանք խաբել են: Ինձ համար 1 օրն էլ նշանակություն ունի, բացի այդ, շատ վիրավորական է, երբ արդեն վիրահատված ես լինում ու պարզվում է, որ ուրիշ սարք են տեղադրել քո մարմնում»:
Նշենք, որ Հովհաննես Կաթրջյանն արդեն 25 տարի սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ 7-րդ անգամ է վիրահատվում: Վերջին անգամ, երբ կլինիկայում տեղադրել են «Philos DR» սարքը, նա վճարել է 2 մլն 25 հազար դրամ՝ վստահ լինելով, որ մինչեւ 2018 թվականն իր սրտի զարկերը չեն կանգնի:
Կախված այն բանից, թե քանի տարի պետք է ծառայի սարքը՝ գները տարբեր են: Սրանից երկու տարի առաջ, այսինքն՝ այն ժամանակ, երբ կատարվել է վիրահատությունը, 7 տարի ժամկետով սարքն արժեր 1 մլն 200 հազար դրամ, եւ, ըստ Հ. Կաթրջյանի, ինքը, փաստորեն, 825 հազար դրամ ավելի է վճարել:
Երեկ մենք Առիթմոլոգիական սրտաբանական կլինիկայի հաշվապահությունից ճշտեցինք, որ այս պահին 7 տարվա ծառայության համար նախատեսված «Biotronic» ֆիրմայի «Philos DR» սարքն արժե 1 մլն 870 հազար դրամ, իսկ 10 տարվա երկխոռոչանի սարքն արժե 2 մլն 700 հազար դրամ, այսինքն՝ գնային մեծ տարբերությունն այդ երկու սարքերի միջեւ ակնհայտ է: Ավելին՝ հաշվապահությունից նույնպես տեղեկացրին, որ «Biotronic» ընկերության այդ երկխոռոչանի սարքերի առավելագույն ծառայության տեւողությունը 7 տարի է:
Հ. Կաթրջյանին վրդովեցրել է հատկապես այն, որ իրեն սրտաբանական կենտրոնում խաբել են, եւ դա այն դեպքում, երբ նա սոցիալապես անապահով է եւ վիրահատության գումարը հայթայթելու համար ընկել է դռնեդուռ: Քանի որ նրա որդին զինծառայող է եղել, պաշտպանության նախարարությունը Հովհաննեսի վիրահատության ծախսերն իր վրա է վերցրել եւ սրտաբանական կլինիկային փոխանցել 1,9 մլն դրամը, մնացած 125 հազար դրամը վճարել են հիվանդի հարազատները: Ստացվում է, որ բժիշկներն այդ առումով ավելի շուտ խաբել են պետությանն ու ՊՆ-ին. «Եթե այդ պահին ինձ չվիրահատեին՝ սիրտս ամեն րոպե կարող էր կանգ առնել, որովհետեւ 4 տարվա ծառայության համար նախատեսված սարքի ժամկետն արդեն լրացել էր: Իմ սրտի զարկերը, որ կարող են, ասենք, 70 լինել, 0 է եւ ողջ ֆունկցիան սարքն է կատարում: Էլ երակ չի մնացել, որ նորից վիրահատվեմ, փաստորեն ինձ ընդամենը 5 տարվա կյանք է մնացել, մինչդեռ կարող էի եւս 8 տարի ապրել»:
Խնդրի առնչությամբ Առիթմոլոգիական սրտաբանական կլինիկայի փոխտնօրեն Արա Մկրտչյանը պարզաբանեց, որ իրենք հիվանդի հետ պայմանագիր են կնքել, որտեղ նշված է, որ սարքը կարող է 10 տարի աշխատել՝ միայն այն դեպքում, եթե հիվանդը 6 ամիսը մեկ այցելի, հետազոտվի եւ միջամտություններ արվեն. «Սակայն Հովհաննես Կաթրջյանը վիրահատությունից հետո ոչ մի անգամ չի այցելել, հետեւաբար մենք չենք կարող 10 տարվա կյանք նրան երաշխավորել»: Կլինիկայից խոստացան որոշ ապացույցներ ներկայացնել, որին կանդրադառնանք առաջիկայում: Սակայն նշենք, որ Հ. Կաթրջյանի հետ կնքված պայմանագրի մի օրինակն այժմ մեր ձեռքի տակ է եւ այնտեղ սարքի 10 կամ 7 տարվա ծառայության մասին որեւէ պայման նշված չէ: Միայն գրված է, որ «Պացիենտը պարտավոր է բուժման լավ արդյունք ստանալու նպատակով ժամանակին ներկայանալ բժշկի կողմից նշանակված հերթական քննություններին ու կատարել բժշկի բոլոր նշանակումներն ու ցուցումները»: Բայց այս դեպքում խոսքը բուժման լավ արդյունքի մասին չէ, հիվանդի վրա, առանց նրան տեղյակ պահելու, վաճառվել ու տեղադրվել է 7 տարվա ծառայության սարք՝ 10 տարվա փոխարեն. այս է խնդիրը: Ընդ որում, կլինիկայի փոխտնօրենի մատնանշած պայմանագրի վերջում ասվում է, որ այն ուժի մեջ է մինչեւ 30.10. 08թ. ժամկետը, այսինքն՝ վիրահատությունից հետո մոտ 3 ամիս:
Այնուամենայնիվ, թե ինչու Հովհաննեսը չի այցելել բժշկի, պատճառն այն է, որ այդ կլինիկայում ամեն այցելություն արժե 18-20 հազար դրամ. «Ես սիրով կայցելեի, եթե գումար ունենայի, ինձ համար 1 րոպե ավել ապրելն էլ կարեւոր է, բայց դա ոչ մի կապ չունի այդ սարքի ժամկետի հետ: Նախորդ անգամ, երբ տեղադրվել էր 4 տարվա ծառայության սարքը, ես էլի ոչ մի անգամ չեմ այցելել բժշկի, բայց այն նորմալ 4 տարի աշխատել ու ծառայել է: Եթե ես պատահաբար չայցելեի ինտերնետային այդ կայքը, ոչինչ չէի իմանա, եւ կլինիկայում 7 տարի հետո կասեին՝ մենք ի՞նչ մեղավոր ենք, տեխնիկա է»:
Համոզվելու համար, թե «Philos DR» սարքի ծառայության ժամկետը որքանո՞վ կապ ունի բժշկին այցելելու քանակի ու հետազոտությունների հետ՝ մենք գերմանական այդ ընկերությանը նույնպես հարցում ենք արել եւ առաջիկայում կանդրադառնանք նաեւ «Biotronic» ընկերության պարզաբանումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել