«2010 թվականը գինեգործների համար բարեհաջող էր, նրանք մթերեցին մոտավորապես այնքան խաղող, որքան նախորդ տարի՝ 135 000 տոննայի չափով, բայց ավելի քիչ, քան 2007-2008-ին էր, երբ մթերեցին 144 000 տոննա»,- երեկվա ասուլիսում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա, այս տարին յուրահատուկ էր, որովհետեւ, ի տարբերություն նախորդ տարիների՝ խաղողի որակն անհամեմատ բարձր էր. «Գինեգործները վերջապես կարողացան ինչ-որ չափով գյուղացիներին ստիպել իրենց բարձրորակ խաղող մատակարարել, կարողացան լավը վատից բաժանել եւ գյուղացուց վերցնել լավագույնը»: Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ 2009-ի համեմատությամբ, այս տարի մթերման գները ավելի բարձր են եղել. 1 կգ խաղողը մթերվել է 124 դրամով՝ նախորդ տարվա 117 դրամի փոխարեն: Ըստ Ա. Հարությունյանի, 2010-ին 30%-ով աճել է գինեգործությունը, 20%-ով էլ՝ կոնյակագործությունը. «Բայց արի ու տես, որ 15%-ով պակասել են օղու արտադրությունն ու սպառումը, որովհետեւ վերջին տարիներին հասարակության նախընտրություններն են փոփոխվել»: Պարոն Հարությունյանը մտահոգված էր հայկական գինու որակով. «Ինչո՞ւ մեր գինին որակյալ ու մրցունակ չէ շուկայում, որովհետեւ չկան գինի պատրաստող լավ մասնագետներ, չունենք որակյալ ու ժամանակակից սարքավորումներ. այսօրվա մեր սարքավորումներն ու տարաները առնվազն 40 տարեկան են, ու եթե վերոնշյալ խնդիրները մի քանի տարում արագ լուծելու հույս կա, ապա ոլորտում, համենայնդեպս՝ մոտ ապագայում, անլուծելի մի խնդիր էլ կա՝ խաղողի լավ տեսակներ չունենք: Մրցունակ խաղողի տեսակ ունենալու համար մեզ հարկավոր է 25-30 տարի»: