Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտցիների կրքերը հանդարտեցրին»

Նոյեմբեր 13,2010 00:00

\"\"«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները իրենց նախորդ ամիսների աշխատավարձերի պահանջով երեկ բողոքի էին դուրս եկել նախագահական նստավայրի մոտ: Երեկ բողոքավորների թիվը հասնում էր գրեթե 200-ի: Ի դեպ, երեկ նրանց հետ նախագահական նստավայր էր եկել նաեւ գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը: Տնօրենն իր խոսքում անդրադարձել է գործարանի աննախանձելի վիճակին, կուտակած պարտքերին. «Պարտքն առաջացել է, քանի որ գործարանի արտադրանքի 97 տոկոսն արտահանվում է։ Քաղաքական ասելով՝ նկատի ունեմ այն, որ գործարանի արտադրանքը հիմնականում արտահանվում է, իսկ Հայաստանում բավականին թանկ է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի գինը։ Այս պայմանները մեզ թույլ չեն տալիս ունենալ մրցունակ գին։ Դա Հայաստանի տնտեսության խնդիրն է եւ ոչ թե միջազգային շուկայի։ Դա քաղաքական խնդիր է, Հայաստանում նման գործարան աշխատեցնելու համար պետք է համապատասխան \"\"պայմաններ լինեն: Օրինակ, այսօր մենք ջերմային էներգիայի 60 տոկոս կորուստ ենք ունենում, արդյունավետ ենք օգտագործում միայն 40 տոկոսը»:
Նրան եւ գործարանի մի քանի աշխատակցի ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Անցկացված քննարկումից հետո պարոն Կարապետյանը հավաքվածներին տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականով առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մարդկանց կվճարվի գոնե մեկ ամսվա աշխատավարձը, մինչեւ միջոցներ կձեռնարկվեն աշխատավարձի մնացած մասը վճարելու համար: Կարեն Կարապետյանն ասել է, որ իր կարծիքով՝ 4 ամիս մարդկանց աշխատեցնել եւ աշխատավարձ չտալն «անմարդկային է»:
«Տնօրենն էլ անընդհատ պնդում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ու ինքը մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար: Դե, հասկանում ենք, որ ինքն էլ է ուզում, որ լավ լինի, երեւի վերեւներից իրեն էլ են հույսեր տվել ու հուսախաբ արել,… բայց Կարապետյանը հանդարտեցրեց ժողովրդի կրքերը՝ մեր աչքերի մեջ նայելով խոստացան, որ աշխատավարձերը վճարելու են, իսկ թե կպահեն իրենց խոստումը, թե՝ ոչ, չգիտենք, բայց մեզ խաբելու դեպքում մեր բողոքը նոր թափ կստանա»,- իրենց մտավախությունը «Առավոտին» փոխանցեց գործարանի աշխատակիցներից Գայանե Արշակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել