Economist Intelligence Unit-ը հրապարակել է Հայաստանին վերաբերող հերթական զեկույցը
Քաղաքական ոլորտում «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները փաստում են, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը այժմ առավել ապահով են թվում. տնտեսական իրավիճակը բարելավվել է անցյալ տարի գրանցած 14.4 տոկոսանոց անկումից հետո»:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները կառավարության երկարակեցությանը վտանգելու կամ նշանակալի փոփոխությունների հասնելու համար ներկայումս մեծ չեն: Չնայած 2010 թվականի մարտին ՀԱԿ-ը հանրահավաք կազմակերպեց 2008 թվականի մարտյան դեպքերի զոհերի հիշատակին, դա չվերաճեց կառավարության կամ իշխանությունների դեմ բողոքի ցույցի: ՀԱԿ-ը համախմբված միասնական քաղաքական ծրագիր չունի եւ կառավարությանը քննադատում է՝ առանց այլընտրանքային քաղաքականություն առաջարկելու: Այսպիսի գործողությունները հազիվ թե համոզեն հասարակությանը, թե ՀԱԿ-ը կարող է համախմբված ընդդիմադիր ուժ ձեւավորել: Բացի այդ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերը ընդդիմադիր առավել լայն հարթակ ստեղծելու ուղղությամբ՝ Դաշնակցության եւ «Ժառանգության» հետ միասին, արդյունք չտվեցին: Նախագահ Սերժ Սարգսյանին, մինչդեռ, հաջողվեց ամրապնդել իր իշխանությունը քաղաքական եւ գործարար վերնախավի շրջանում»,- ասված է զեկույցում:
«Եվ նույնիսկ 2009 թվականի տնտեսական անկումը էականորեն չթուլացրեց նախագահ Սարգսյանի դիրքերը,- շարունակում են զեկույցի հեղինակները:- «Տնտեսական ակտիվության հեռանկարները 2011-2012 թվականներին բարելավման միտում ունեն արտաքին տնտեսական միջավայրի վերականգնման եւ տեղական պահանջարկի ավելացման հաշվին, ինչը կպակասեցնի սոցիալական հուզումների հնարավորությունը: Լարվածությունը, այնուամենայնիվ, սրված է մնում իշխանական կոալիցիայի ներսում»:
Ինչ վերաբերում է սպասվող՝ 2012 թվականի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններին՝ վերլուծությունը հավանական է համարում, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը «կշարունակի իր գերակայությունը խորհրդարանում»:
Զեկույցի հեղինակները կարծիք են հայտնում, որ Հանրապետականը ընտրություններում իր դիրքերն ամրապնդելու համար «կօգտագործի վարչական ռեսուրսը, իսկ ընդդիմությունը կրկին դժվարությունների կհանդիպի միասնական բլոկով հանդես գալու անհնարինության պատճառով»:
Զեկույցի հեղինակները փաստում են, որ չնայած Հայաստանում ընտրական գործընթացները բարելավվելու համար որոշակի քայլեր կատարվել են, ընդդիմությունն ակնկալվում է, որ կվիճարկի ընտրությունների արդյունքները: Բացառված չեն նաեւ հետընտրական ցույցերը. «Իշխանությունները ցույցերը բռնի ուժով ցրելու հարցում ավելի զուսպ կլինեն, քանի որ նրանց այդպիսի գործողությունները 2008 թվականին միջազգային հանրության կողմից լայնորեն քննադատվեցին»: