Գուցե նման քայլերը կարեւորելու պատճառո՞վ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման
եզրակացությունները չունեն հասարակական հնչեղություն:
Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործընթացն ԱԺ-ում կարծես «քնել է»:
Չնայած խորհրդարանի 2009 թվականին ընդունած որոշման համաձայն՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում իրականացնելու հանձնարարություն տալու մասին, ըստ որի՝ մշտադիտարկման արդյունքների մասին յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ գրավոր եզրակացություն պիտի ներկայացվի՝ ԱԺ գարնանային նստաշրջանում մայիսի 27-ին ներկայացված առաջին եզրակացությունն այդպես էլ չքննարկվեց: Սակայն նոյեմբերի 9-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն ընդունեց արդեն երկրորդ եզրակացությունը:
Եթե առաջին եզրակացության մեջ նշված էր. «Ինչպես «Ոստիկանության մասին», այնպես էլ՝ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներում բացակայում է «փշալար» հատուկ միջոցը, մինչդեռ այն գործնականում կիրառվում է»՝ երկրորդ եզրակացության մեջ պարզաբանված է, թե համապատասխան փոփոխություններ են առաջարկվել: Ըստ այդմ՝ նախագծերի փաթեթի ընդունումից հետո հարցի մշտադիտարկումը համարելու են ավարտված: Նույնը վերաբերում է եւ ռետինային ու հարվածային չներթափանցող ներգործության փամփուշտները կիրառելու կարգին, ինչը նույնպես օրենսդրորեն կարգավորման փուլում է: Արդեն ավարտված է մշտադիտարկումը «Չերյոմուխա 7» ժամկետանց միջոցների ոչնչացման վերաբերյալ, քանի որ ներկայացվել է դրանց ոչնչացման ակտը:
Իրացված է նաեւ հետեւյալ առաջարկը. «Քննարկման առարկա դարձնել եւ սահմանել հստակ կանոններ՝ ոստիկանության ծառայողի անհատական անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Հանձնաժողովը հատկապես կարեւորում է Ոստիկանության աշխատակիցների անհատական պաշտպանության միջոցների օրենսդրորեն կարգավորման հարցը»: Սակայն այս մասով շարունակվելու է մշտադիտարկումը:
Երկրորդ եզրակացությունում նշված է, թե շարունակվելու է մշտադիտարկումը հետեւյալ հարցի վերաբերյալ. «Օրենսդրությամբ սահմանված չեն «ծառայողական շներ» հատուկ միջոցի տեսակները եւ դրանց ընտրելու չափորոշիչները», քանի որ ՀՀ կառավարության որոշման նախագծով՝ «ծառայողական շներ» հատուկ միջոցի տեսակներ սահմանված չեն:
Հարցի շուրջ քննարկումները շարունակվում են»: Նույն կերպ՝ ընթացքի մեջ է հետեւյալ առաջարկի կատարումը. «Վերանայել ոստիկանության գործողությունների վերաբերյալ բոլոր այն իրավական ակտերը, որոնցով կերաշխավորվի, որ ուժի կիրառմանը վերաբերող օրենքներն ու իրավական ակտերն ամբողջովին համապատասխան կլինեն քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ ՄԱԿ-ի՝ իրավապահ մարմինների կողմից ուժի եւ հրազենի կիրառման վերաբերյալ հիմնարար սկզբունքներին»: Այս ողջ ընթացքում պատկան մարմիններից այդպես էլ պատասխան չի ստացվել ժամանակավոր հանձնաժողովի հետեւյալ առաջարկի իրականացման վերաբերյալ. «Քննարկման առարկա դարձնել եւ մշակել միջոցառումներ, որոնք ուղղված են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ միջազգային կառույցների զեկույցներում ներկայացված՝ հանրապետության ներքին կյանքում, ժողովրդավարական համակարգում տեղ գտած բացասական դրսեւորումների վերացմանը»: Այնպես որ՝ այս մասով եւս շարունակվելու է մշտադիտարկումը:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը, որը ժամանակին անդամակցում էր «Մարտի 1»-ի հանձնաժողովին՝ իրենց այս նոր եզրակացության մասին «Առավոտին» ասաց. «Պայմանականորեն ասած՝ սա մեր երկրորդ փուլի աշխատանքն է: Որքան տեղյակ եմ՝ այս եզրակացությունը կքննարկվի մինչեւ աշնանային նստաշրջանի ավարտը»:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոյեմբերի 9-ին «դեմ» էր քվեարկել այս եզրակացությանը, իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը, ինչպես պարզվեց՝ կողմ: «Չեմ ուզում մեկնաբանել իմ գործընկերոջ քվեարկության խնդիրը,- ասաց պրն Շահբազյանը:- Բայց խնդիրն այս է. ներկայացրել էինք մեր հարցումները, եւ կառավարությունը, հայտնի է, տվել է իր պատասխանները: Մենք նշել ենք՝ մեզ ինչն է բավարարել, ինչը չի բավարարել: Այսինքն՝ այն, ինչ համարում ենք, թե իսկապես՝ ըստ ներկայացվածի, կատարվել է, այդ մասով մշտադիտարկումը համարել ենք ավարտված: Իսկ եթե համարել ենք, որ խնդիրն ամբողջովին լուծված չէ՝ մշտադիտարկումը շարունակելու ենք: Մենք այս ամենը նկատի ունենալով՝ ընդամենն արձանագրել ենք վիճակը. այստեղ բացասական կամ դրական տեսակետ ունենալը ես չեմ հասկանում: Չի՛ դրվում այդ խնդիրը՝ մենք համաձա՞յն ենք, թե՞ ոչ»: Սակայն ԱԺ վերոհիշյալ որոշման համաձայն՝ այս եզրակացության վերաբերյալ առարկություններ ունեցող հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են եզրակացությանը:
Նշենք, որ մշտադիտարկման վերաբերյալ հանձնաժողովի ստացած փաստաթղթերը պարբերաբար հրապարակվում են ԱԺ պաշտոնական կայքում: Սակայն դրանք երբեք չեն արժանանում ԶԼՄ-ների ուշադրությանը: Մեր հարցին, թե այն, որ «Մարտի 1»-ի հանձնաժողովի առաջարկների կատարման ընթացքը կարծես հայտնվել է յուրօրինակ «լուսանցքում»՝ չի՞ հաստատում, որ ճիշտ էր ՀՅԴ առաջարկը՝ մշտադիտարկում իրականացնող առանձին հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ, պրն Շահբազյանը պատասխանեց. «Մենք մեր տեսակետը հիմնավորել ենք՝ հիմնական խնդիրը համարելով, որ մեր առաջարկի իրականացման դեպքում խնդիրը կարող է դառնալ ավելի հրապարակային ու տեսանելի: Գուցե այն, որ ԱԺ-ն այդ մասով չկատարեց իր պարտականությունը, եւ գարնանային նստաշրջանի ավարտին մենք չլսեցինք (հիմա դրա պատճառները տեխնիկական են՝ հանձնաժողովի նախագահն այստեղ չէր կամ այլ խնդիր կար), բայց գուցե սա նաեւ պատճառ դարձավ, որ ինչ-որ իմաստով կարծես քնեց այս գործընթացը: Եվ նաեւ այս գործընթացն ավելի իրավական բնույթ ունի: Գուցե սա է պատճառը, որ մի քիչ կարծես չի ունենում հասարակական հնչեղություն: Բայց ես կառաջարկեի եւ կուզենայի, որ բոլորը ծանոթանային այս եզրակացությանը, քանի որ շատ կարեւոր է նաեւ, որ քաղաքական ուժերը, հասարակությունը եւ, առաջին հերթին, իհարկե, շահագրգիռ ուժերն ի վերջո ներկայացնեն իրենց տեսակետը՝ այն, ինչ արվում է, համարո՞ւմ են օգտակար, եւ որքանո՞վ կարող է բավարարել ակնկալիքն ու սպասելիքը»: