Ինչպես մեր թերթի հետ նոյեմբերի 12-ի զրույցում էր Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանն իր դժգոհությունը հայտնել այն կապակցությամբ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցեղակրոնությունը համարել է ռասիզմ, այնպես էլ երեկ մամուլի ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հարկ համարեց խոսել այդ մասին, ասելով, որ ցեղակրոնությունը հատկապես հիմա ռասիզմ որակելը պատահական չէ. «Տարիներ շարունակ ցեղակրոն գաղափարախոսությունը եղել է՝ Նժդեհի ժամանակներից եւ դրանից հետո, եւ մեր օրոք, եւ հանկարծ ինչո՞ւ առաջին նախագահը որոշեց ասել, թե այդ գաղափարախոսությունը ռասիզմ է: Ինչո՞ւ՝ որովհետեւ սրանից մի 10-15 օր առաջ, երբ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը դիմել էր Չավուշօղլուին, թե Հայաստանի նախագահի որոշ մտքեր ռասիստական են, ֆաշիստական են եւ նույնիսկ պատրաստվում էին դատի տալ մեր նախագահին, որովհետեւ նա ադրբեջանցիներին ստորացնում է եւ այլն: Այսինքն՝ ադրբեջանական մամուլում դա արծարծվեց, բայց հայաստանյան մամուլում՝ քիչ: Եվ որպեսզի հայաստանյան մամուլը եւ հասարակությունն էլ տեղյակ լինեն, որ մեր նախագահի ասածները իբր ռասիստական են, ապա պետք էր խոսնակ, խոսնակը դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հնչեցրեց Հայաստանում, որ այ, այսպիսի բան կա: Այսինքն՝ նա արդեն դարձել է Ադրբեջանի խոսնակը, եւ ինչքան բացասական, հակահայկական դրսեւորումներ կան մեր նկատմամբ, ինքը տրանսլյացիա է անում, ավելի ճիշտ՝ ռետրանսլյացիա է անում, ներկայացնում է»,- երեկ «Հենարան» ակումբում հայտարարեց Ռազմիկ Զոհրաբյանը: