Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԿԻՐԱՌՎԻ՞ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 13,2010 00:00

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ ԱԺ-ում պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին, թե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացված բռնությունների դեպքերի առնչությամբ՝ ասաց. «Նախ՝ խոսքը ոչ թե դեպքի, այլ տվյալ դեպքում՝ հաղորդումների մասին է»: Եվ հավելեց. «Եթե որեւէ հաղորդման քննության արդյունքներով հիմնավորվի որեւէ փաստ, բնականաբար կհարուցվի քրեական գործ եւ կունենա քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգ: Ուղղակի հայտարարությունների եւ դեպքերի միջեւ հավասարության նշան դնելը եւ եզրահանգելը, թե այս դեպքերից հետո քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, նաեւ վարչության ղեկավարությունն ինչ քայլեր պետք է ձեռնարկի՝ կարծում եմ, իրավաչափ չէ»:
Արդարադատության նախարարը պնդեց. «Համոզված եղեք, որ քրեակատարողական համակարգում բռնություններ, այն էլ կազմակերպված, ինչպես շատ հաճախ փորձ է արվում ներկայացնել՝ տեղի չեն ունենում»: Այնուամենայնիվ՝ նշեց. «Միջոցներ ձեռնարկվում են, որպեսզի բոլո՛ր դատապարտյալների անվտանգությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, հնարավորինս հուսալի լինի: Ձեռնարկվել են լրացուցիչ միջոցներ, դա հիմա հրապարակման նյութ չէ, բայց արվում է ամեն ինչ, որպեսզի որեւէ բռնություն իր նկատմամբ չկիրառվի»:
ՔԿՎ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի հայտարարությունը կարծես միտում ունի Նիկոլ Փաշինյանին հոգեկան հիվանդ ներկայացնել՝ «երազներ է տեսնում» եւ այլն: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Գեւորգ Դանիելյանն ասաց. «Դուք երազներ չե՞ք տեսնում: Երազներ տեսնելը համարվում է հոգեկան հիվանդության նշա՞ն՝ չէ՛: Եկեք չշփոթենք եւ չընկնենք էմոցիաների մեջ: Խնդիրը հետեւյալն է. ես այդ հայտարարությանը ծանոթ եմ եւ որեւէ ակնարկ այս կամ այն անձի հոգեկանի վերաբերյալ չկա: Եվ լավ էլ չի, որ այս թեման ընդհանրապես դարձնենք քննարկման առարկա: Ուրիշ բան, որ նրանք սրա մեջ տեսնում են կանխամտածված, պայմանավորված ինչ-որ գործընթաց: Եվ եթե մարդիկ իրենց քննության ընթացքում պարզում են, որ հայտարարության ժամին որեւէ արտաքին զանգ չի եղել, բայց արդեն արտաքին աշխարհում մարդկանց անհանգստացնում են ու տեղյակ են պահում իբրեւ թե տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ սա նշանակում է, կարելի է ենթադրել, որ եղել են պայմանավորվածություններ, որ սա միտում է ընդամենը, մի պատրանք ստեղծելու, որ այս կամ այն դատապարտյալի նկատմամբ բռնություն են գործադրում: Գիտեք ինչ կա, քրեակատարողական հիմնարկն ինքը տեղով խոցելի համակարգ է. եթե մի համակարգում 5000 դատապարտյալներ են ներգրավված, հենց միայն այն հիմքով, որ հանցագործ են՝ բնականաբար, կարող են լինել եւ բռնություններ: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ լուծվում է դրականորեն, որ այդ բռնությունները չլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել