Լրահոս
Օրվա լրահոսը

Չսահմանափակել տեղեկատվության ազատությունը

Նոյեմբեր 13,2010 00:00

Լրագրողների հարավկովկասյան 7-րդ համաժողովը

2008-ի նոյեմբերին ԵԽ-ն ընդունել է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին կոնվենցիա, հարավկովկասյան երկրներից այս փաստաթղթին միացել է միայն Վրաստանը, իսկ վավերացրել է ընդամենը երեք երկիր՝ Շվեդիա, Նորվեգիա, Հունգարիա: «Ինֆորմացիայի մատչելիությունը եւ նոր տեխնոլոգիաները» խորագրով ԶԼՄ-ների հարավկովկասյան 7-րդ համաժողովն անցկացվեց Թբիլիսիում՝ նոյեմբերի 11-12-ին, ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ, Հոլանդիայի, Գերմանիայի եւ Դանիայի կառավարությունների ֆինանսավորմամբ: Մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի ներկայացուցիչները, միջազգային փորձագետներ: Համաժողովին առաջին անգամ մասնակցում էր նաեւ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ կոմիսար Դունիա Միյատովիչը: Համաժողովի մասնակիցների քննարկման թեմաներն էին՝ «Տեղեկատվության հասանելիության, մատչելիության միջազգային փորձը», «Ինֆորմացիայի ազատության միջազգային չափանիշները եւ դրանց կիրառումը Հարավային Կովկասում», «Ինտերնետ ինֆորմացիայի հասանելիությունը Հարավային Կովկասում» եւ այլն: Բարձրաձայնված կարծիքները գուցե այբբենարանային ճշմարտություններ էին հիշեցնում, բայց թերեւս արժե մեկ անգամ եւս դրանք կրկնել՝ հույսով, որ մեր իշխանություններին վերջապես հասանելի կդառնա այդ ամենը: Մասնակիցները համակարծիք էին, որ նմանօրինակ քննարկումը թույլ կտա դառնալ ավելի մատչելի եւ ավելի հանդուրժող մամուլի ազատության նկատմամբ: Դունիա Միյատովիչը գտնում է, որ կիբերհանցագործությունները կամ ինտերնետի կիրառմամբ կատարված հանցագործությունները՝ թրաֆիքինգ, պոռնոգրաֆիայի տարածում եւ այլն, չպիտի առիթ դառնան, որպեսզի իշխանությունները սահմանափակեն ինտերնետի մատչելիությունը: Որ այդօրինակ հանցագործությունների դեմ պայքարելն անհրաժեշտ է, տիկին Միյատովիչը չի վիճարկում: «Իշխանության համար քննադատությունը հաճելի չէ, բայց հասկանալի է, որ քննադատությունը առաջընթացի համար անհրաժեշտ պայման է»,- կարծում է Վրաստանի արտաքին գործերի առաջին նախարար Գեորգի Բոկերիան:
Պարզվեց, որ ի տարբերություն Ադրբեջանի եւ Հայաստանի, վրացական իշխանությունները քողարկված վերաբերմունք են դրսեւորում սիրելի պետական հեռուստաընկերության նկատմամբ: ՀՀ-ում եւ ԱՀ-ում պետական հեռուստաընկերությունները ֆինանսավորվում են բյուջեից: Մինչդեռ Վրաստանում տնտեսական համաներում է հայտարարվել՝ մարզային հետուստաընկերությունների պարտքերը ներելու համար: Արդյունքում ներում է շնորհվել բոլոր հեռուստաընկերություններին, այդ թվում նաեւ համապետական սփռում ունեցող: Համաներված 36 միլիոն լարիից մարզային հեռուստաընկերությունների պարտքը եղել է միայն 2 միլիոն լարին: Այս համաներման առիթով այլ մանրամասների արտահոսք չի եղել: Հայաստանի նման՝ Ադրբեջանում էլ մոդայիկ է քաղաքական հայացքների համար ազատազրկումը խուլիգանության մեղադրանքով: ԱՀ նախագահի աշխատակազմի եւ ԱԳՆ ներկայացուցչի հավաստմամբ, իրենց երկրում 100 մարդ է ազատազրկվում այդ պատրվակով: Համաժողովի ավարտին ընդունվեց 13 կետից բաղկացած հռչակագիր, որում կարեւորելով ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը՝ իշխանություններին կոչ է արվում ապահովել մարդկանց ինֆորմացիայի հասանելիության իրավունքը՝ որոշումների ընդունման գործում հասարակությանը մասնակից դարձնելու եւ իշխանությունների նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար: Կոչ են անում չհետապնդել լրագրողներին, եթե գաղտնի ինֆորմացիա են հրապարակել, այն դեպքում, երբ տվյալ տեղեկությունը հասարակության շահերից է բխում, կամ հասարակությունը հետաքրքրություն ունի այդ տեղեկության նկատմամբ: Ադրբեջանին առաջարկում են ապաքրեականացնել զրպարտությունը եւ վիրավորանքը, ինչը մեզ մոտ արդեն իրականացվել է: Իսկ Վրաստանի եւ Հայաստանի պաշտոնական կառույցներին, հատկապես դատական մարմիններին, առաջարկում են հաշվի առնել մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը, եթե տեղեկություն ստանալու հարցումը մերժելու հայցեր են քննարկվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել