Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՐԱՄԱՏ ՉՔԱՇԵԼ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ»

Նոյեմբեր 13,2010 00:00

\"\"Ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

– Արդեն երրորդ զորակոչն է՝ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է զորակոչի թափանցիկությունն ապահովելուն կոչված հանձնաժողով: Իրո՞ք այս հանձնաժողովն ապահովում է թափանցիկություն:
– Զորակոչի գործընթացը վերջին տարիներին բավականին կանոնակարգվել է, եւ զորակոչային մարմինները, որոնք իրականացնում են այդ համապետական կարեւոր նշանակության գործընթացը, իրենց գործունեության մեջ ավելի հետեւողական եւ օբյեկտիվ են դառնում: Այս առումով պետք է շեշտեմ երկու կարեւոր գործոն. առաջինը՝ պաշտպանության նախարարի կողմից առաջադրվող բարձր չափանիշներն ու պահանջներն են, եւ երկրորդ՝ քաղաքացիների պահանջկոտ վերաբերմունքը: Բոլոր դեպքերում վրիպումներ եւ բացթողումներ չեն բացառվում: Ուստի օրակարգում են պահվում զորակոչի օրինականության եւ թափանցիկության խնդիրները: Այս ուղղությամբ իր անելիքն ունի նաեւ զորակոչային հանձնաժողովը՝ որպես զորակոչի նկատմամբ հասարակական վերահսկողության մարմին: Եվ այո, արդեն երրորդ զորակոչն է, ինչ ստեղծվում է այս հանձնաժողովը՝ ընդունելու, քննարկելու եւ լուծելու զորակոչի խնդիրների հետ կապված քաղաքացիների դիմումները եւ բողոքները: Նախորդ երկու զորակոչերի ընթացքում մենք ստացել ենք 82 դիմում-բողոքներ, որոնց մեծ մասը վերաբերում էր զորակոչիկների առողջական խնդիրներին: Սա է հիմնական խնդիրը, որը կա զորակոչի հետ կապված, եւ այստեղ է, որ ծնողները մեծ անհանգստություն են ապրում: Մենք ջանում ենք հանգամանորեն ուսումնասիրել յուրաքանչյուր դիմում-բողոք եւ բոլորին տալ հիմնավոր ընթացք: Հանձնաժողովի 9 անդամներից 5-ը հասարակական խորհրդի անդամներ են, 4-ը՝ ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ներկայացուցիչներ:
– ՊՆ վարչության պետ եք աշխատել այն ժամանակ, երբ պաշտպանության նախարար էր Վազգեն Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանի ժամանակ արդեն ՊՆ փոխնախարար էիք, զուգահեռներ կարո՞ղ եք անցկացնել այդ ժամանակների բանակի եւ այսօրվա բանակի միջեւ:
– Բանակը կենդանի օրգանիզմ է, եւ որեւէ հիմնախնդիր չի կարելի համարել, որ մեկընդմիշտ լուծված է: Այնպես, ինչպես ցանկացած մարդ առավոտյան արթնանում է եւ անընդհատ կրկնում է նախորդ օրվա բոլոր գործառույթները՝ լվացվում է, նախաճաշում է, գնում աշխատանքի կամ ուսման եւ այլն, այնպես էլ բանակն ամեն առավոտ իր օրը սկսում է նորից ու նորից: Իհարկե, տարիների ընթացքում որակական տարբերություններ են արձանագրվում, բանակն այսօր շատ ավելի կանոնավոր է դարձել, դա տարածվում է նաեւ զորակոչի վրա, համաբանակային մյուս գործառույթների վրա, բայց բանակը պահանջում է մշտական ուշադրություն եւ մշտական հոգատարություն: Բավական է զգոնությունը կորցնես, հարցերը աչքաթող անես, եւ պրոբլեմները իրենց նկատել կտան: Համեմատական կարգով որակական տարբերություններն ակնհայտ են, եւ դա բնական է: 90-ականներին էլ բանակը շարունակ դրական փոփոխություններ էր ունենում, եւ դրական փոփոխությունների այդ գործընթացը շարունակվել է նաեւ 2000-ականներին, եւ այսօր մենք շատ հարցերում ունենք բարձր չափանիշների համապատասխանող բանակ:
– Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ բանակի շուրջ վերջերս ավելի շատ է աղմուկը, եւ, իրականում, այդ աղմուկը կոնկրետ փաստերի շուրջ է եւ հորինովի չէ:
– Հրապարակայնության աստիճանը բարձրացել է, տեղեկատվական դաշտը բանակի շուրջ փոխվել է, եւ սա մի իրականություն է, որը չնկատել հնարավոր չէ: Ընդհանրապես, այսօր իրականացվող բարեփոխումների գործընթացում հասարակական իրազեկման խնդիրները, հրապարակայնության խնդիրները ավելի բարձր հիմքերի վրա են դրվում: Պաշտպանության նախարարի կողմից շատ կարեւորվում է հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ, հասարակական կարծիքը: Սրանք լուրջ գործոններ են, որոնք ազդում են բանակում իրականացվող գործընթացների վրա: Ինչ վերաբերում է վերջին դեպքերի հետ կապված գործընթացին, որը ծավալվեց լրատվական դաշտում, ապա այստեղ կային եւ օբյեկտիվ հիմքեր, եւ դրսեւորման եղանակներ, որոնք անձամբ ինձ համար ընդունելի չեն: Այո, կային դեպքեր, եւ դրանց շուրջ պետք էր խոսել, սակայն տեղի ունեցան ծայրահեղացված ընդհանրացումներ, տրվեցին որոշակի միտումներ պարունակող գնահատականներ, որոնք ամենեւին չէին համապատասխանում հասարակական շահին: Իհարկե, թերությունների մասին խոսելը կարեւոր է, բանակը պետք է որոշակիորեն լինի թափանցիկ, բայց երբ գնում է բանակի վարկաբեկման, հասարակության մեջ բանակի հեղինակությունը գցելուն ուղղված գործընթաց, եւ շատ դեպքերում՝ միտումնավոր եւ արհեստական շեշտադրումներով, ապա այդ ամենը ես դիտարկում եմ ի վնաս մեր բոլորի:
– Ուզում եք ասել՝ բանակի մասին կամ լավ, կամ ոչի՞նչ:
– Ամենեւին, իմ ասածը դա չէր, բացարձակապես, ես ասում էի, որ կարելի է օբյեկտիվ պատկերը ներկայացնել, սակայն գույները արհեստական չխտացնել, խրամատ չքաշել բանակի եւ հասարակության միջեւ: Շատ-շատ հրապարակումներում հնչեցին նաեւ այնպիսի տեսակետներ, կարծես հասարակությունն ու ժողովուրդը մի կողմում էին, բանակը՝ մեկ այլ կողմում: Մինչդեռ այս երկուսի միջեւ կա օրգանական միասնություն եւ, ինձ թույլ կտամ ասել, հարազատություն: Ահա այս ընկալումներն էին, որ բացակայում էին որոշ արձագանքներում:
– Այսօրվա՞ բանակն է ավելի մարտունակ, թե՞ 90-ականների բանակը։
– Մեր բանակը բոլոր ժամանակներում կատարել եւ շարունակում է կատարել իր գլխավոր խնդիրը՝ պաշտպանում է մեր երկրի սահմանները եւ մեր պետության անվտանգությունը: Մի թերի ընկալում կա, թե բանակի հաղթանակների մասին խոսելիս պետք է սահմանագիծը քաշել 94-ի մայիսի 12-ով, երբ կնքվեց հրադադարը, եւ այստեղ էլ, իբր, ավարտվեցին մեր բանակի հաղթանակները: Ես այդ տեսակետը չեմ կիսում, համոզված եմ, 94-ի մայիսի 12-ից այս կողմ եւս մեր բանակի հաղթանակը շարունակվում է, որովհետեւ ամեն օր մեր բանակը հաղթանակ է տանում: Բանակն ապահովում է մեր երկրի խաղաղությունը: Մենք պատերազմի խնդիր չունենք, մենք խաղաղության պահպանման, ապահովման խնդիր ունենք, մեր ժողովրդի խաղաղ-ստեղծագործ աշխատանքն ապահովելու խնդիր, եւ բանակն այդ խնդիրն իրականացնում է ամեն օր, ամեն ժամ՝ սահմաններում եւ պաշտպանական բնագծերում տարվող մարտական հերթապահությամբ: Եթե համեմատելու լինենք, ապա մեր բանակն այսօր ավելի մարտունակ է, ավելի կանոնավոր է, ավելի լավ է սպառազինված, քան 90-ականներին, անձնակազմը շատ ավելի լավ է տիրապետում զինվորական գործին, զորավարժությունների եւ պարապմունքների հաճախականությունն է բարձրացել, նպատակայնությունն է ավելի խորացել: Մենք պետք է վստահենք եւ հավատանք մեր բանակին, ասել է թե՝ ինքներս մեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել