Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները երեկ հասցրել են ե՛ւ բողոքի ակցիա անցկացնել, ե՛ւ դիմել քաղաքապետարանին՝ ճշտելու համար, թե Ազատության հրապարակը որ օրերին է ազատ:
Երեկ առավոտյան Հայ ազգային կոնգրեսը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի՝ բողոքի ցույց էր կազմակերպել: Ակցիայի անցկացման մասին Կոնգրեսը տեղեկացրել էր դեռ նախօրեին՝ անդրադառնալով նոյեմբերի 11-ի լույս գիշերը «Կոշ» ՔԿՀ-ում Փաշինյանի վրա կատարված հարձակմանը:
«Ո՞ւր են մարտի 1-ի մարդասպանները» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ ցուցապաստառներով ու քաղբանտարկյալների նկարներով «զինված» ակցիայի մասնակիցների պահանջն էր՝ դադարեցնել Փաշինյանի դեմ, նրանց համոզմամբ, իշխանությունների կողմից ՔԿՀ-ում իրականացվող հարձակումներն ու լրագրողի նկատմամբ տարվող հետապնդումները: Ոստիկանության ջանքերի շնորհիվ այս ակցիան եւս առանց միջադեպերի չի անցել: Իրավապահները, խասյաթի համաձայն, այս անգամ էլ փորձել են ցուցարարներին «իրենց տեղը ցույց տալ»՝ հարձակվելով ակցիայի մասնակիցներից մեկի՝ Վարդգես Գասպարիի վրա, որը փորձել է մոտենալ դատախազության մուտքին, սակայն նրան հրել ու գետնին են գցել: Ակցիայի մյուս մասնակիցները փորձել են օգնության հասնել Գասպարիին ու արդյունքում ոստիկանության հետ քաշքշուկի մեջ են հայտնվել: Ոստիկանները նրանց հրել, հեռացրել են շենքի մոտից՝ հրահանգելով ակցիան անցկացնել դիմացի մայթին: Միայն ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի կոչերից հետո է, որ իրավիճակը հանդարտվել է: Ակցիային մասնակցել են ոչ միայն Կոնգրեսի անդամ կուսակցությունների եւ երիտթեւի ներկայացուցիչները, այլեւ իրավապաշտպաններ ու նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որն, ի դեպ, առաջարկում է հաջորդ բողոքի ակցիան իրականացնել «Կոշ» ՔԿՀ-ում, որին նաեւ ինքը պատրաստ է մասնակցել: Ակցիան տեւել է շուրջ մեկ ժամ եւ ավարտվել այլեւս առանց միջադեպերի: Թե ինչի՞ են իշխանություններին, հայրենի իրավապահներին այդքան շատ պետք ընդդիմության ակցիաների մասնակիցների հետ բախումները, որոնք նրանք սադրում են անընդհատ եւ ամեն անգամ՝ դժվար է բացատրել. երեւի անզորությունից:
«Սա առաջին դեպքը չէ, երբ քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվում է բռնություն»,- ավելի վաղ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր Լեւոն Զուրաբյանը: Նա հիշեցրել է, որ Փաշինյանը միակ քաղբանտարկյալը չէ, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, եւ մատնանշել է մեկուսարաններում մասնավորապես նախկին քաղբանտարկյալներ Վարդգես Գասպարիի եւ Աշոտ Մանուկյանի նկատմամբ եղած բռնության փաստերը: Նրա ասելով, եթե այդ գործիչների նկատմամբ այն ժամանակ բռնությունները գործադրվում էին ներման խնդրագրեր կորզելու նպատակով, ապա Փաշինյանի դեպքում դրա նպատակը նաեւ վերջինիս խմբագրած թերթը լռեցնելն է: Զուրաբյանը համոզմունք է հայտնել, որ դա, այդուամենայնիվ, իշխանություններին անել չի հաջողվի, որովհետեւ ՀԱԿ-ն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցներն ու լծակները՝ «Նիկոլի անվտանգությունն ապահովելու համար»:
Զուրաբյանը երեկ անդրադարձել է նաեւ այլ թեմաների: Նա հայտարարել է Կոնգրեսի կողմից Ազատության հրապարակը, իր ձեւակերպմամբ՝ վերանվաճելու գործընթացը շարունակելու մասին: Կոնգրեսը երեկ հերթական իրազեկումն է ներկայացրել քաղաքապետարանին՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Իհարկե, այս անգամ դիմումի ներկայացման ռակուրսն է փոխվել. քաղաքապետարանին ուղղված դիմումում առաջարկվում է տեղյակ պահել, թե առաջիկայում որ օրերին է, որ հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու համար խնդիրներ չեն հարուցվի: «Ազատության հրապարակի վերաբացումից հետո 30-ից ավելի իրազեկում է եղել քաղաքապետարան՝ հանրահավաքների եւ ցույցերի ավանդական դարձած վայրում ՀԱԿ-ի հանրահավաք անցկացնելու համար:
Քաղաքապետարանը բոլոր դեպքերում արգելման որոշում է կայացրել՝ օրենքին հակասող, այդ թվում՝ նաեւ ծիծաղելի հիմնավորումներով»,- ասված է քաղաքապետարանին ուղղված ՀԱԿ-ի դիմումում: Զուրաբյանն ասել է, որ եթե 10 օրվա ընթացքում քաղաքապետարանն այս դիմումին նորմալ պատասխան չտա, ապա ՀԱԿ-ը կդիմի դատարան՝ այս հարցում քաղաքապետարանի անգործությունը վիճարկելու հայցով՝ հավելելով, որ անկախ քաղաքապետարանի որոշումից, Կոնգրեսը Ազատության հրապարակը, միեւնույն է, վերանվաճելու է:
ՀԱԿ ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ ընտրությունների թեմային՝ պնդելով, թե Կոնգրեսը շարունակում է պայքարել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Ընդ որում, Զուրաբյանն ասել է, թե իրենք ոչ թե պահանջում, այլ ստեղծում են արտահերթ ընտրությունների նախադրյալներ եւ համապատասխան մթնոլորտ: Բայց եթե տեղի ունենա վատագույն սցենարը՝ բանը հասնի խորհրդարանական հերթական ընտրություններին, ապա ՀԱԿ-ը չի հրաժարվի խորհրդարանում ներկայացված լինելուց՝ անկախ մանդատների քանակից: