Գերմանիայում իշխող Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության երիտասարդական միավորման նախագահ Ֆիլիպ Միսֆելդերը հայտարարել է, թե Հելոուինը սպառնալիք է քրիստոնեական արժեքներին եւ ավանդույթներին: Միսֆելդերի կարծիքով՝ Հելոուինի տոնին դդումներով դիմակահանդեսը շեղում է հավատացյալների ուշադրությունը եւ մտքերը Գերմանիայի համար այնպիսի կարեւոր կրոնական տոներից, ինչպիսիք են Բարեփոխման (Ռեֆորմացիայի) օրը (հոկտեմբեր 31) եւ Բոլոր Սրբերի օրը (նոյեմբեր 1): ՔԴՄ կուսակցության երիտասարդական միավորման նախագահը կոչ է արել պաշտպանել քրիստոնեական արժեքները:
«Արդյո՞ք մենք ցանկանում ենք երեխաներին հրեշների դիմակներով ուղարկել փողոցները՝ կոնֆետ խնդրելու՝ մեր հասարակության հիմքը կազմող կրոնական արժեքները նրանց ներարկելու փոխարեն: Ես դա չեմ ցանկանում»,- նշել է Միսֆելդերը:
Ըստ qahana.am-ի՝ կառավարությունում ՔԴՄ կուսակցության գլխավոր կոալիցիոն գործընկեր համարվող Ազատամիտների երիտասարդական կազմակերպության նախագահ Լասե Բեկերը, ընդհակառակը, Հելոուինն անվանել է գերմանացիների կյանքի մասը: