Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ ԳՈՒՄԱՐԸ ՉԷ

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"Նկարիչ-մոդելավորող Միշել Հակոբյանը կարծում է, որ հայաստացիները սկսել են ճիշտ հագնվել

Շատ սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ հագուստը մերկությունը ծածկելու միջոց՝ վերջին անգամ Ադամի եւ Եվայի ժամանակներում է եղել: Սովորական տերեւից վերափոխվելով եւ կատարելագործվելով, այսօր մերկությունը ծածկելու միջոցը նաեւ ինքնատիպությունն ընդգծելու, աչքի ընկնելու, նայած տեղին, ժամանակին, հանգամանքին հավուր պատշաճի ներկայանալու հարցերում առաջին եւ հիմնական բաղադրիչն է: Օնորե դը Բալզակը վստահ էր, որ մարդու ձեռագրից կարելի է շատ բան իմանալ նրա բնավորության եւ որակների մասին: Այսօր մարդուն «բացելու» համար հագուստն էլ կարող է օգնության գալ: Ցավոք, Երեւանի փողոցներում գերիշխում են մռայլ գույները: Հատկապես ցավալի է, որ երիտասարդներն են գույնի հարցում նախապատվությունը տալիս սեւին, մոխրագույնին…

«Միշել» նորաձեւության կենտրոնի տնօրեն, նկարիչ-մոդելավորող Միշել Հակոբյանը չհամաձայնեց մեր այս դիտարկմանը: «Այդպես կարելի էր ասել մի երեք տարի առաջ, երբ փողոցում մեկը մյուսից չէր տարբերվում, ահավոր էր: Ուրախացնող է, որ վերջին տարիներին գույները գերակշռում են, երիտասարդներն ավելի հետաքրքիր ու հարմար են հագնվում, ավելի հետաքրքիր լուծումներ են գտնում, պատկերացում ունեն՝ ինչը ինչի հետ համադրեն, ինչը ինչի հետ չի կարելի կրել: Մի պահ կար, որ չարաշահում էին հետաքրքրությունը՝ այստեղ մի բանտիկ, այնտեղ մի թեւնոց, օղեր… բայց սխալ է կարծիքը, թե ինչքան շատ պարագաներ՝ այնքան հետաքրքիր»,- ասաց Միշելը: Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ հիմա հատկապես երիտասարդների շրջանում այլ անցանկալի միտում կա՝ եթե տեսնում են, որ որեւէ հագուստ որեւէ մեկին շատ է սազում, շտապում են նույնից գնել, առանց հաշվի առնելու սեփական կազմվածքի նրբությունները, յուրահատկությունները: «Օրինակ՝ կանացի կորությունները… երբ արտահայտված կորություններ ունեցող աղջիկները հագնում են շատ նեղ, «նստեցված» տաբատներ, որ կոնքից են, մի հատ էլ արտահայտիչ գոտի են կապում, կոնքը ավելի են լայնացնում, ներքեւում՝ զրոյական կետ: Սա վատ է: Դրանով իրենք իրենց ավելի ցածրահասակ են դարձնում, եւ խախտվում է համաչափությունը: Մի բան է՝ հաշվի առնես լավը, զգաս, թե ինչի մեջ ես քեզ լավ ու հարմարավետ զգում, այլ բան՝ երբ պարզապես կապկում ես»,- նկատեց Միշելը: Ըստ մեր զրուցակցի, հայաստանցի երիտասարդներն ու աղջիկները հիմնականում կրկնօրինակում են շոու-բիզնեսի օտարերկրացի դեմքերին ու ներկայացուցիչներին, քանզի Հայաստանում չկան այս ոլորտի արտահայտված եւ կրկնօրինակման տրամադրող դեմքեր:

Մ. Հակոբյանը մի ցավալի իրողություն էլ է նկատել: Մեր կանայք 35-40-ից անց սկսում են մտածել, որ ամեն ինչ վերջացած է, սկսում են մեկուսանալ, ինչքան հնարավոր է չերեւալ, իրենց «փակել» ոչ այնքան ուրախ գույների՝ սեւերի, մոխրագույնների եւ պարզ ձեւվածքների հագուստներով: «Սա սխալ է եւ շատ վատ: Ես համոզված եմ, որ կինը գեղեցիկ է եւ յուրահատուկ բոլոր տարիքներում, ուղղակի հարկ է ըստ տարիքի ճիշտ պահանջներ դնել»,- ասաց նա:

Մանուկների հագուկապի մասին խոսելով՝ Միշելը նախ ասաց. չէի ուզենա, որ երեխաները շուտ մեծանան: Մեր զրուցակիցը հասկանում է, որ 21-րդ դարի փոքրիկները շատ ավելի ինքնուրույն են դարձել, ու մայրիկների համար դժվար է, բայց «չեմ կարծում՝ ճիշտ է եւ գեղեցիկ, երբ 9-10 տարեկան աղջնակը, որ հագուստի մեջ իրեն կարող է թույլ տալ ցանկացած խենթություն, ինչն ավելի մեծ տարիքում պարզապես չի կարող, բարձրակրունկ է հագնում կամ հասուն օրիորդին հարիր որեւէ շոր կրում: Տգեղ է նայվում»:

Միշելը ասաց, որ դատելով հագուստներից, երիտասարդների մեծ մասը օգտվում է շուկաներից ու տոնավաճառներից, հագնում է այն, ինչ կա շուկայում, ինչ մատուցվում է, յուրօրինակության չի ձգտում: Բայց կա նաեւ «բրենդամոլ» մի հատված, որ կգնի թանկարժեք հագուստը միայն այն բանի համար, որ դրա վրա արտասահմանյան հեղինակավոր եւ աշխարհահռչակ բրենդային ընկերության պիտակն է: «Ես ունեմ հաճախորդներ, որ գնում են դրսի ամենահեղինակավոր ընկերությունների հագուստը, բայց բերում եւ ինձ մոտ ձեւափոխություններ են անում: Մի անգամ ես մեկին առաջարկեցի՝ մեզ մոտ պատվիրիր, ասաց՝ կյանքում չեմ կարել, ես էլ ասացի՝ բայց սա էլ է, չէ՞, կարված, օդից չի ընկել: Փորձեց, պատվիրեց ու հետո դրական եւ ուրախ տրամադրության մեջ էր՝ ստացել էր այն, ինչ ուզում էր»,- հավելեց մեր զրուցակիցը:

Կարող է զարմանալի կամ անհավատալի թվալ, սակայն մեր զրուցակից նկարիչ-մոդելավորողը հավաստիացնում է, որ Հայաստանում ավելի շատ տղամարդիկ են սկսել օգտվել նորաձեւության կենտրոնների ծառայություններից. «երբ մի հաճախորդ տղամարդու հետ այս մասին խոսում էինք, ասաց՝ քանի որ Հայաստանում գումար աշխատողը հիմնականում տղամարդիկ են, իրենք էլ տնօրինում են իրենց գումարը»:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակչության մի մեծ հատված չի կարող իրեն թույլ տալ բրենդային ընկերությունների հագուստը կրելու կամ մշտապես նորաձեւության կենտրոնների ծառայություններից օգտվելու շքեղությունը, ինչպե՞ս համադրել համեստ ֆինանսական հնարավորություններն ու կարողությունները եւ լավ հագնվելու ցանկությունն ու մղումը: Ըստ Միշելի, կարեւորը գումարը չէ: «Մեր աստղերից մեկը մի հավաքույթի ժամանակ ասաց. եթե մեծ գումար ունենամ՝ իմ ուզածը կգնեմ, եթե դիմում եմ մասնագետի, ուրեմն ուզում եմ իմ հնարավորությունների սահմանում ունենալ ամենալավը: Իսկ լավ մասնագետը նա է, ով կարող է ամենաչնչին բյուջեով աշխատանքի մեջ ամենահետաքրքիր արդյունքը ստանալ: Ցանկացած չափի մեջ կարելի է տեղավորվել եւ գոհացնել հաճախորդին: Էականը գումարը չէ»,- եզրափակեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել