Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՓԱԿՎԵՑ

Նոյեմբեր 12,2010 00:00

Նոյեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն» նախագծի փակման արարողությունը: Արամ Սուքիասյանի պատրաստած կինոհոլովակը՝ համեմված ազգային կինոյի պատառիկներով, որ ներկայացնում էր հայ կինոյի երեկն ու այսօրը, դուր եկավ հանդիսատեսին: Ինչպես նախատեսել էր կինոկենտրոնը, ամփոփվեց գրախոսականների համար սահմանված մրցույթը: Ժյուրիի նախագահ, ճանաչված կինոգետ Դավիթ Մուրադյանը շնորհավորելով հաղթողներին՝ ասաց, որ ժյուրին առաջին մրցանակը ոչ ոքի չի շնորհում, նաեւ մտահոգություն հայտնեց գրախոսականների հայերենի համար: Պարոն Մուրադյանի խոսքով, կինոյի մասին գրողի լեզուն գոնե պետք է չզիջի տվյալ ֆիլմի պատկերային լեզվին ու մակարդակին:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս «Կինոաշունի» շրջանակներում կայացել են ֆիլմերի ցուցադրություններ, այդ թվում՝ բացօթյա, ֆոտոցուցահանդեսներ, կինոծրագրեր՝ «Գտնված է արխիվում», «Հետապնդված է գրաքննությամբ», նշվել են անվանի կինոգործիչների հոբելյաններ եւ այլն: Ու այս ամենը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում:

Նախագծի փակման արարողության ժամանակ ողջ եւ երկնային կյանքով ապրող հոբելյարներին շնորհվեցին հատուկ մրցանակներ: Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, ստանալով եղբոր՝ լուսահոգի Մհեր Մկրտչյանի մրցանակը, կես կատակ-կես լուրջ ասաց, թե ափսոսում է, որ աշնանը չի ծնվել, որպեսզի «Կինոաշունից» մրցանակ ստանա: Սուրեն Բաբայանն էլ մրցանակը ստանալիս բեմ հրավիրեց իր ուսանողներին եւ այն նրանց տվեց, հուսալով, որ տարիներ անց երիտասարդ ռեժիսորներն էլ իրենց մրցանակները կտան իրենց սաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել