Մրցույթը՝ ինքնադրսեւորվելու միջոց
Երեկ Երեւանի թիվ 42 եւ Գյումրիի թիվ 7 դպրոցներում անցկացվեց «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնած «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» ռուսաց լեզվի մրցույթը: Ինչպես տեղեկացրեց «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Հովհաննես Մուրադյանը, որը դիտորդ էր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում, մրցույթն անցկացվում է 2-11-րդ դասարանների ավելի քան 2500 աշակերտների միջեւ. «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթը «Կենգուրու. մաթեմատիկա բոլորի համար» միջազգային մրցույթի կրտսեր եղբայրն է: Մրցույթի հիմնական նպատակը ռուսաց լեզվի հանդեպ համընդհանուր հետաքրքրություն առաջացնելն է»:
Առաջին անգամ «Ռուսական արջուկն» անցկացվել է 2000 թ. Ռուսաստանում՝ 64000 դպրոցականների մասնակցությամբ: 2009 թ. «Ռուսական արջուկի» աշխարհագրությունը ընդլայնվել է՝ գրանցելով 2,5 միլիոն մասնակից Ղազախստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Մոլդովայից, Ղրղըզստանից, Ուզբեկստանից, Իսրայելից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Հ. Մուրադյանի խոսքով, մրցույթը բոլոր երկրներում անցկացվում է նույն օրը՝ նոյեմբերի երկրորդ հինգշաբթին. «Հայաստանում 2009-ին «Այբ» հիմնադրամը մրցույթը փորձնական անցկացրեց Երեւանի 4 դպրոցներում, որին մասնակցել է 262 երեխա: Այս տարի մրցույթը Հայաստանում պաշտոնապես անցկացվում է առաջին անգամ: Մրցույթին մասնակցելու հրավեր են ստացել Երեւանի եւ Գյումրիի այն դպրոցները, որոնք ունեն ռուսական դասարաններ, մասնակցության ցանկություն է հայտնել եւ գրանցվել եւս երկու դպրոց»:
«Առավոտը» շրջեց Երեւանի մի քանի դպրոցներով: Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցում «Ռուսական արջուկին» մասնակցում էր 1600 աշակերտներից 135-ը: Տնօրեն Գայանե Սարուխանյանի հավաստմամբ, նման մրցույթների անցկացումը օգտակար է յուրաքանչյուր դպրոցականի համար. «Սա խաղ-մրցույթ է եւ տարբերվում է մյուս՝ ԳԹԿ-ի կողմից կազմակերպված կամ ներդպրոցական ստուգողական աշխատանքներից: Երեխայի համար հնարավորություն է ազատ դրսեւորել հնարավորությունները, հաղթահարել պարտվող ճանաչվելու բարդույթը, եւ միաժամանակ ստուգել սեփական գիտելիքները»: Մրցույթի մասնակից նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Շահբազյանը գտնում է, որ նման մրցույթները ինքնագնահատականը բարձրացնելու լավագույն միջոց են:
Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում էլ 360 աշակերտ էր մասնակցում: Ըստ փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի, իրենք երեխաների մասնակցության քանակով առաջինն են. «Մեզ մոտ 3-11-րդ դասարանցիներն են մասնակցում: Երեխաների այսքան շատ մասնակցությունը պայմանավորված է դպրոցի խորացված ռուսերենի ուսուցմամբ ու ռուսերենի հանդեպ մեծ սիրով»:
Հիշեցնենք, որ ինչպես «Կենգուրուն», այնպես էլ այս մրցույթին մասնակցությունը վճարովի է՝ յուրաքանչյուր երեխայի համար 970 դրամ: Երբ դիտորդից հետաքրքրվեցինք գումարի գանձնման նպատակը ծնողներից, փոխտնօրեն Հ. Հովհաննիսյանը սրտնեղեց. «Ինչի պետք է ամեն ինչ անվճար լինի: Ես մրցույթների համար ամեն օր բազմաթիվ բլանկներ եմ լրացնում, աչք քոռացնում, ինչի՞ պետք է անվճար անեմ…»: Դիտորդն էլ ասաց. «Այդ սիմվոլիկ գումարը զուտ տեխնիկական հարցերը՝ ձեւաթղթերը, փաթեթները ձեռք բերելու, տպագրելու համար է»:
Ն. Ստեփանյանի անվան ռուսերենի խորացված ուսուցմամբ թիվ 71 միջնակարգ դպրոցում մրցույթին մասնակցում էր 23 աշակերտ: 9-րդ դասարանցի Ալեքսան Սարգսյանը «Կենգուրու» մրցույթի հաղթողներից է: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Այս անգամ էլ կփորձեմ բարձր ցուցանիշներ հավաքել, չնայած հարցերը բավական բարդ են՝ տրամաբանական, հիմնականում գրականությունից»: 5-րդ դասարանցի Անահիտ Տեր-Մարտիրոսյանն էլ նշեց. «Ուսուցչուհիս ասում է՝ լավ ռուսերեն գիտեմ, ես էլ ուզում եմ համոզվեմ: Եթե խնդիրները չկարողանամ լուծել, չեմ տխրի, որովհետեւ հարցերը շատ բարդ են»: