Իրանը պնդում է, որ մոտ ապագայում փորձարկելու է սեփական արտադրության հակահրթիռային եւ ռուսական C-300-ին համարժեք համակարգերը, քանի որ Մոսկվան հրաժարվել է մատակարարել դրանք՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պատժամիջոցները: Այդ մասին հաղորդում է APA-ն: Այդուհանդերձ, ռուս փորձագետները վստահ են, որ ոչ մի համանման համակարգեր իրանցիներն ունենալ չեն կարող, եւ որ լավագույն դեպքում խոսքը կարող է լինել չինական տեխնոլոգիաների մասին, իսկ Իրանի ռազմատենչ հայտարարությունները ոչ ավելի, քան քարոզչական «բլեֆ» են:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Իրանի հակաօդային պաշտպանության հենակետի պետի տեղակալ Հաթամոլա-Անբիան, բրիգադի գեներալ Մոհամմադ Հասան Մանսուրիանը հայտարարել էին, թե Իրանը կրակակետային փորձարկումներ է իրականացնում եւ դաշտային պայմաններում կատարելագործում է C-300 հակահրթիռային համակարգերին համարժեք սեփական արտադրության հրթիռներն ու դրանք շուտով փորձարկելու է: Իրանցի պաշտոնյաները նաեւ հավելել էին՝ մշակման եւ արտադրության փուլում են գտնվում նաեւ հեռահար հակահրթիռային համակարգերը:
Մանսուրիանը նաեւ հայտարարել է, թե Իրանը արդեն հաջողությունների է հասել Mersad հակահրթիռային նոր համակարգեր եւ Shahin հրթիռների արտադրության մեջ, որոնք կփոխարինեն արդեն հնացած արեւմտյան համանման համակարգերին: