APA-ի փոխանցմամբ, նոյեմբերի 16-ին Փարիզում տեղի կունենա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է նաեւ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քննարկումը:
Հանձնաժողովի նիստին մասնակցելու են Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ժոզեֆ Դեբոնո Գրեխը եւ Պեդրո Ագրամունտը, որոնք ներկայացնելու են ադրբեջանական ընտրությունների նախօրեին այդ երկիր կատարած այցելության արդյունքների մասին իրենց զեկույցը:
Բացի այդ, մոնիտորինգի հանձնաժողովի հիշյալ նիստի օրակարգում են լինելու նաեւ Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը, Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին եւ Վրաստան-Ռուսաստան պատերազմի հետեւանքներին վերաբերող հարցերը: