Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"Մոլդովան արդեն 2011թ.- ին Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը: Newsru-ի փոխանցմամբ, վերջինս ասել է, թե իր երկիրը պատրաստ է այդ քայլին՝ նկատի ունենալով երկրում վերջին շրջանում իրականացված բարեփոխումներն ու Մոլդովայում եվրոպական չափանիշների ներդրումը: Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, թե երկրի իշխանություններն ակնկալում են, որ 2012-ին Եվրոպայի եւ Մոլդովայի միջեւ կգործի առանց վիզայի ռեժիմը: Մոլդովայի կառավարության ղեկավարը պարզաբանել է, թե ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է մի շարք փուլեր անցնել, որոնցից առաջինը համապատասխան հայտ ներկայացնելն է: Այդ մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ Եվրոպան Հանրապետությանը խոստացել է առանց վիզայի ռեժիմ մտցնել:

Հիշեցնենք, որ Մոլդովայի եւ ԵՄ-ի բանակցություններն անդամակցության շուրջ սկսվել են 2010թ. հուլիսի 15-ին: Հոկտեմբերի 25-ին Եվրամիության՝ արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին առաջարկել էր Մոլդովայի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիր մշակել: Այդ ծրագիրը ներառելու է պայմաններ, որոնց կատարման դեպքում մոլդովացիները կկարողանան առանց վիզայի մեկնել ԵՄ անդամ երկրներ:

Փորձագետները նշում են, որ ԵՄ-ի այդ որոշումը կարող է Մոլդովայում նոյեմբերի 28-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքական աջակցություն լինել եվրոպամետ լիբերալ-դեմոկրատական քաղաքական կոալիցիայի համար:

Ի դեպ, ԵՄ-ին հնարավոր անդամակցության մասին հայտարարությունների ֆոնին երեկ հայտնի է դարձել, որ Մոլդովայի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել Մերձդնեստրի հետ ուղիղ հեռախոսակապը, որը դադարեցվել էր 2003թ.-ին Քիշնեւի ու Տիրասպոլի միջեւ «հեռախոսային պատերազմ» սկսվելուց ի վեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել