Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

55. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"
Հովիկ Գրիգորյանը:

\"\"
Արայիկ Սարգսյանը:

Չափարի տարեցների պատմությունները դեռ շարունակում էին հնչել ականջիս մեջ, ասես ուղեղիս ծալքերում հիշողական համապատասխան պահեստեր էին փնտրում, երբ Չափարի եւ Գետավանի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Արայիկ Սարգսյանը, Հովիկ Գրիգորյանը, Երեւանում հաստատված չափարցիների համայնքի նախագահ, մանկավարժական գիտությունների դոկտոր Բորիս Սաղյանը եւ բժիշկ Հովհաննես Սարգսյանը ոչ անցյալի պատմություններով ինձ տարան պատերազմական իրադարձությունների թոհ ու բոհը։ Հրամանատարները ձգտում էին վերհիշել ամեն մի մանրուք, որպեսզի ինձ համար անհասկանալի ոչինչ չմնա։

Արայիկ Սարգսյան – Շարժումը սկսելիս ես Չափարի եւ Գետավանի գյուղխորհրդի նախագահն էի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական բնակավայրերը շրջապատված են ադրբեջանական Իմերեթ-Գյարավենդ, Չարեքտար, Աղդաբան գյուղերով, որտեղից գրոհայինները գալիս- տանում են նախիրը, գերեվարում մարդկանց, մի կողմից էլ քրդաբնակ Քյալբաջարի շրջանն էր, ստեղծեցինք Ղարաբաղի առաջին ինքնապաշտպանական ջոկատներից մեկը։ Գիշերները պահակակետերն էինք հսկում, ցերեկը՝ գնում աշխատանքի։ Զենք չունեինք։ Միլիցիան հավաքել էր զենքերը։ Ստիպված Մարտակերտում զինաթափեցինք միլիցիոներներին, զենքը բաժանվեց ջոկատներին։ Վիգեն Շիրինյանի հետ էր մեր կապը։ Քյալբաջարի քրդերի հետ էլ էինք փորձում կապ հաստատել։ Քուրդ գրող Ալիխանե Մամեն նրանց ուղղված կոչեր էր բերել, վարորդների միջոցով ուղարկեցինք Շամիլ Մալլիմին։ Բայց առանձին հաջողություն չունեցանք, քանի որ քրդերի մեծ մասը Բաքվի ակտիվ քարոզչության հետեւանքով արդեն թրքացել էր։ 1990 թ. հայտնեցին, որ Աղդաբանի թորքերն ուզում են Խաչաղբյուրի տարածքից մեր նախիրը քշեն, տանեն։ Բոլոր ջահելները գնացին պաշտպանելու գյուղի նախիրը։ Գետավանից խորհրդային բանակի մի զրահամեքենա էլ եկավ մեզ օգնության։ Թորքերին չհաջողվեց տանել անասունները, չնայած նրանք զինված էին ավտոմատներով, իսկ մենք՝ հասարակ հրացաններով։ Այդ ժամանակ է, որ նրանց հաջողվում է մեր 9 տղաների պատանդ տանել։ Գեներալ Շատալինի եւ Մարտակերտի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի ջանքերով տղաներին ազատում են Քյալբաջարից, զրահամեքենայով բերում են Չափար, հետո տանում Ստեփանակերտի հիվանդանոց, ապա Հադրութ։ Ի վերջո, հաջողվում է նրանց նոր անձնագրեր տալ եւ ուղարկել Հայաստան։ «Մորուք» Ռաֆոյի, Հովիկի, Հաթերքի Սուրիկի տղաները գնում են վնաս հասցնելու Աղդաբանին։ ՕՄՕՆ-ը ճանապարհին բռնում է Լեւոնին, ցուցակ տալիս, հրամայում հայտնել նրանց տեղը։ Իսկ Լեւոնը բարձրաձայն կարդում է տղաների անուններն ու ասում, որ թաքնվեն, հետո էլ ասում, թե ինքը Չափար գյուղից չէ, ոչ ոքի չի ճանաչում։ Թորքեր կային, որոնք մեզ լուրեր էին հաղորդում։ Գյուղում անհատական կենդանիները պահելու համար հերթապահություն եմ սահմանում։ Հովհաննեսի հայրը՝ Շահենը, արհամարհում է պաշտպանական միջոցներ ձեռնարկելը, թե՝ «Թորքը հինչա՞ իրենից ներկայացնում, վեր մարդ կյուղանա, կյա, մեր տավարը քշի տանե»։ Նրան հոտի հետ թորքերը տանում են։ Նա անտառի մեջ ամեն տեղ ճյուղ էր ջարդել։ Հետեւից գնում ենք։ Ետ բերել չկարողացանք։ Հետո ենք տեղեկացել, որ տանջամահ են արել անմեղ մարդուն։ 1991 թ. սեպտեմբերի 16-ին հարձակվել ենք Իմերեթ-Գերավանդի վրա։ Կոմանդոսը դեմ էր նման հարձակմանը։ Ելցինը այդ ժամանակ Ստեփանակերտում էր։ Հաջող գործողությունից հետո ժողովուրդը սկսեց հավատալ մեզ։ Ջոկատի մեջ 95 մարդ կար։ Հետո հարձակվեցին Քյալբաջարից։ Ծանր կռիվներ էին։

Հովիկ Գրիգորյան- Գյուղինստիտուտն ավարտելուց ու երեք տարի Լենինավանում աշխատելուց հետո եկա գյուղ, կոոպերատիվ հիմունքով գործարան հիմնեցի։ Երբ սկսվեց շարժումն ու դրա հետ էլ անասնագողությունը, Արայիկի հետ որոշեցինք ջոկատ ստեղծել, հրամանատարությունն ինձ վստահվեց։ Ջոկատում 11 հոգով երկու հրացան ունեինք։ Նպատակն էր՝ թույլ չտալ, որ անասնագողություն լինի ու մարդիկ վնասվեն։ Չէինք պատկերացնում, որ պատերազմ կլինի։ Նորից 4 հրացան գնեցի։ Առաջին գործողությունը գերի ընկած այդ 9 տղաներին ազատելն էր։ Բայց Ստեփանակերտում ինձ լուրջ չընդունեցին։ Հիասթափվեցի ու կրկին բիզնեսով զբաղվեցի։ Վիգեն Շիրինյանն առաջարկեց նորից ստանձնել գյուղի ջոկատի հրամանատարությունը։ 91 թ. օգոստոսի վերջերն էր, գյուղը սեպաձեւ մտած է թուրքական գյուղերի մեջ, որը մշտական վտանգի մեջ էր պահում բնակիչներին։ Խորհրդակցությունում Վագիֆն էր, «Մորուքը», Սուրիկը, էլի ուրիշ ընկերներ։ Ես առաջարկում եմ Գյարավանդի հարցը լուծել, նոր միայն Ումուդտուի վրա հարձակվել։ Իմ առաջարկը չընդունվեց։ Ես հրաժարվեցի մասնակցել Ումուդտուի գործողությանը։ Սեպտեմբերի 6-ից գործը թեժացրինք։

Բորիս Սաղյան – Երեւանում չափարցիների 120 ընտանիք միավորեցինք։ Առաջին ինքնաձիգ զենքը Վազգեն Սարգսյանը տվեց, ութ ավտոմատ։ Օգնում էինք մեր երկու ջոկատներին։ Հետո հակաօդային գնդացիր բերեցինք գյուղ։ Ռուսաստան, Ջավախք էինք գնում, զենք, զինամթերք հայթայթում, գյուղի ջոկատներին օգնում էինք ամեն ինչով։

Ա. Սարգսյան – Մարաղայի դեպքերից պատմեմ. շրջանի ընդհանուր հրամանատար Վագիֆ Գալստյանը հանձնարարում է շտապ գնանք Լենինավանին օգնության։ Գյուղում մարդ չկար։ Մարաղայում տեսանք բլինդաժում կոտորել էին երեխաներին, կանանց։ Դա պաշտպանության ոչ ճիշտ կազմակերպման արդյունք էր։ Երեք օր պահել ենք պոստը, իսկ մեզ օգնող ոչ մի տեղացի չկար։ Մի Լյովա կար, այն էլ հարբած։

Հ. Գրիգորյան – Ես էլ եմ գնացել Լենինավան։ Հաթերքի Սուրիկն էլ էր մեզ հետ։ Թուրքերին ետ քշեցինք։ Մարաղայի տղաները խուճապի էին մատնվել, թողել պոստերն ու գյուղն իր բնակիչներով, փախել։

Հովհաննես Սարգսյան – Սրխավանդում Բալասանյան Վիտալիկն է հրամանատարը, վանքի թնդանոթի անունն էլ «Կռունկ» է, Վիտալիկը ռացիայով ասում է. «Վիտալիկը» «Կռունկին».., «Կրակի՛ր», խփում է, ասում է՝ հեռու գնաց, թելադրում է կոորդինատները։ Կոլյան, որը անգրագետ մարդ է, պատասխանում է. «Ես ոչ մի ազիմուտ, կոորդինատ չեմ հասկանում, ասա՝ իջեցրու, բարձրացրու աջ կամ ձախ խփի»։ Վիտալիկը հրամայում է. «Մի քիչ բարձրացրու, մի քիչ էլ ձախ բռնիր»։ Կոլյան կրակում է։ Վիտալիկը կրկին. «Վիտալիկը» «Կռունկին», ի՞նչ եղավ, ինչո՞ւ չես կրակում»։ Կարոն՝ «Կռունկը»՝ «Վիտալիկին», կրակել եմ»։ Վիտալիկը պատասխանում է. «Ո՞ւր է, արկը տեղ չի հասել»։ Կոլյան պատասխանում է. «Սպասիր խողովակի մեջ նայեմ»։ Խողովակը հրանոթի փողն է։ Կոլյան նայում է փողի մեջ՝ ոչ մի արկ էլ չկա մեջը։ Ասում է. «Պա հորա՞, վեչ մեջը կա, վչէլ տուսը…»։

Հ. Գրիգորյան – Տղաներին արգելել եմ թալանն ու խմելը։ Մտել ենք Բաշ Գյունեփայա գյուղը, դպրոցում տեսանք լցված զենք ու զինամթերք։ Երկու ավտոմատ ենք յուրացրել։ Այդ հայտնաբերածից 4 ցինկ ենք ստացել։ Տեսնեմ մեր Վամիկը էշն էլ է մեքենայի մեջ բեռնում։ Հետո ինձ ասաց, որ էշի փալանի տակ մի կոստյում է եղել։ Աղդաբանի օպերացիան Լեոնիդն էր ղեկավարում։ Իմ գերագույն նպատակը ժողովրդին ապահով պահելն էր։ Պետք է մեր գյուղացիք ապրեն իրենց գյուղում։ Լեոնիդի նպատակը Աղդաբանը վերցնելուց հետո առաջ գնալն էր։ 1991-ի մայիսին էր, ձյուն համարյա չկար։ Երկու պոստ պետք է պահենք մեր ջոկատով։ Բլինդաժը գրավելուց հետո հայտնեցին, որ «Աշուղ Շամշիլին գյոռը» չեն կարողանում վերցնել։ Դա էլ գրավեցինք։ «Դուշմանը» ներքեւից էր խփել։ Եկանք յալերը։ Երբ Վագիֆը եկավ, Լեոնիդը գնաց։ Ես պոստերը հանեցի։ Լեոնիդը նեղացավ։ Թողել ենք, գնացել։ Չափարի պոստերը անտեր էին մնացել։ Թորքը նորից գրավեց Աղդաբանի դիրքերը, սկեց նեղել մեզ։ Մեր գյուղի վրա 19 գրոհ է եղել։ Վերջին գրոհի ընթացքում 11 տեխնիկա էր եկել մեզ վրա։ 3-ը թողեցին ու նահանջեցին։ Նրանց 8 կմ ետ ենք քշել։ Դրմբոնից Ֆելիքս Գզողլյանն է կանչում։ Նելսոնին թողեցի տեղս։ Հաթերքը հանձնել էին, Չափարն ու Գետավանն էին մնացել։ Ֆելիքսը, թե՝ երեք տանկ տանք, կարո՞ղ ես Հաթերքը ետ վերցնել։ 3 տանկ եկավ։ Մեկի աշտարակը չի գործում, մյուսը արկ չունի, երրորդի փողն էլ վեր ու վար չի անում։ Եկանք Գետավան։ Տեսա ժողովուրդը իջել է գյուղից։ Ամարասի Արտուրն էր հրամայել, որ ժողովրդին դուրս հանեն։ Կոմանդոսը կանչում է Չլդրան։ Հանձնարարում է պոստ պահել։ Հետո հանձնարարում է Ղզարա հողը պահել։ Մեզ ցրում են։ 4 օր մեզ փոխարինող չկա։ Ժողովուրդը՝ սոված, ծարավ։ 7 հոգի մնացինք։ Մենք անցնում ենք Գետավանի կամուրջը, ոչ ոք չի գալիս։ Թե՝ կամուրջ տեղադրող մեքենան չի գործում։ Մի գեներալ է գալիս, թե՝ ես հետախուզության գեներալ եմ։ Գնանք գյուղը հետախուզենք։ Տեսա՝ սուտ բան է։ Մեր ժողովրդին բերում եմ Վարդենիս։ Ուտելիք չկար։ Եղբորս հետ որոշում ենք մեկս մնա, մյուսը՝ հեռանա։ Հետագայում եղբայրս, որ գումարտակի հրամանատար էր, զոհվում է, իսկ ես այդտեղ ավարտում եմ իմ պատերազմը։

Ա. Սարգսյան – Հրամանատարը Ավանեսյան Արտուրն էր։ Ես տեղակալն էի։ Տեխնիկական մասի հրամանատարն էի։ Լսում էի թշնամու խոսակցությունն ու մեջ մտնում, կեղծ լուր հաղորդում։ Երկու գումարտակ սկսում են կռվել իրար դեմ։ Հետո են իմանում, որ խաբել ենք։ Թարթառի գումարտակի հրամանատարը, որին որպես պատիժ ինչ-որ բան չկատարելու համար տուգանային հանձնարարություն էին տվել, ուղարկել հետախուզության, Մարտակերտում մեր տեղադրած ականի վրա պայթել էր գիշերը։ Իսկ մարմինը Վլադիմիրի տղաները փոխարինեցին բենզինի հետ։ 94-ին Գյուլիջայով պետք է մտնեինք։ Մեր վաշտից 24 հոգի էինք, սեպի պես մտանք թուրքերի զորքերի մեջ, որ թիկունքից բլինդաժը ոչնչացնենք։ Յոթ զոհ տվեցինք։ Գիրոյի վարորդը՝ Կարոն ծանր վիրավորվել էր։ Թե՝ ինձ թող՝ դու գնա։ Ո՞նց թողնեմ։ Չորս կիլոմետր նրան շալակած դուրս եմ բերել թիկունքից։ Աղիքները թափվել էին։ Կանալի միջով քայլել չի լինում, մեջը մամռակալած է, ոտքս սղում է։ Տղաները գոռում են՝ ջրանցքը մտի։ Վերջը՝ փրկվեց։ Հետո Օմարի լեռնանցքի գործողություններն էին։ Եկել էին մինչեւ մեր գյուղը հասել։ Ետ քշեցինք, լեռնանցքը փակեցինք։ Էնքան ավտոմատ էինք ավար վերցրել, յուղը վրան, չկրակած։ Գերի էինք վերցրել։ Մեկը, որ Լենքորանից էր, խնդրեց. «Ինձ ետ չտաք ադրբեջանցիներին, ինձ զոռով են բերել, ես թալիշ եմ, հայերի հետ ոչ մի խնդիր չունենք, Ասադովը հայերից փոխանակած երեք հոգու տեղն ու տեղը մեր աչքի առաջ գնդակահարեց։ Ես քարտեզի վրա էլ չգիտեմ, թե որտեղ է Ղարաբաղը»։

Հ. Սարգսյան- Մի վիրավոր էին բերել, երեք մետր բոյ ուներ, Պարսկաստանից էր։ Ծնկից էր վիրավորվել։ Շտաբից եկան շուտ տարան։ Չփրեցի տանկիստ Վիտյա Սարգսյանը տանկով անվախ էր։ Մարտի ժամանակ երեք անգամ պայթում է ականների վրա, բայց էլի գնում է առաջ։ Տեսա տանկը մի ձորի մեջ է հայտնվել, մեջը ոչ ոք չկա։ Վիտյան մի քարի վրա տխուր նստած էր։ Ինձ տեսավ, ուրախացավ։ «Վիտյա, «Մոսկվիչովս» կարո՞ղ եմ տանկը քաշեմ հանեմ փոսից»։ Թե՝ 3 օր է այստեղ եմ, սոված եմ։ Գնացի հաց, ուտելիք բերեցի Բալուջայից։ Հաց էր ուտում, երբ տեսանք՝ Սերժ Սարգսյանը, Գուրգեն Դալիբալթայանն ու էլի մի գեներալ մոտեցան մեզ։ Գեներալ Դալիբալթայանը ատրճանակը հանեց, ուղղեց Վիտյայի վրա, որ սպանի, իսկ Վիտյայի վեջն էլ չի, հաց է ուտում։ Սերժ Սարգսյանը, թե՝ «Սպասիր, այ մարդ, հո ինքը դիտավորյալ չի տանկը էստեղ գցել, մի բան է պատահել, – հետո հարցրեց ինձ, – դու ո՞վ ես»։ Բացատրեցի. «Բժիշկ եմ, իմ բարեկամն է տանկիստը, եկել եմ, որ օգնեմ, երեք օր տանկի մոտ, սոված է, հաց եմ բերել նրա համար»։ Սերժ Սարգսյանը, թե՝ «Լավ, կսպասես, գնամ տանկ ուղարկեմ, փոսից հանի»։ Գնացի Ստեփանակերտ, հաջորդ օրը ետ եկա, տեսնեմ դեռ տանկը փոսում, Վիտյան՝ կողքը կտրած։ Պատերազմ էր…

XIX-XX դարերի չափարյան պատմություններն ու մարդկային վերակենդանացած ճակատագրերն իմ մեջ մի հսկայական վեպի ծանրություն ունեին։ Իսկ 1988-1994 թվականների գոյամարտի չափարյան իրադարձությունները լրացնում են «Արցախյան գոյամարտի համահավաք» մատենաշարի 4-րդ հատորը։ Մի բարձունքից լուսանկարեցի գյուղի համայնապատկերը։ Այն շատ նման էր աքսորավայրում Ռուբեն Սարգսյանի հիշողությամբ ու անհուն կարոտով նկարած գյուղի նույն տեսարանին։ Կոլտնտեսության նախկին նախագահը իր հետ բերել էր ճամբարային պայմաններում ստեղծած մյուս 28 գրաֆիկ աշխատանքները եւս։ Մենք դեպի Երեւան շարժվեցինք Քարվաճառյան աշնան եւ արագահոս Տրտուական-Թարթառի ուղեկցությամբ։ Ապա մեզ ընդառաջ եկավ Գեղարքունիքի հմայիչ աշունը։ Չինարիները ճանապարհի վրա կամար էին կապել, թվում էր, թե ոսկու միջով ենք ընթանում։

– Իսկական ոսկին սա է, եւ ոչ թե ընդերքի մետաղը,- ասաց բնության այս հրաշքով հմայված Ռոման։

Ես շտապում էի օր առաջ շարունակել Երեւանում արցախյան Չափարով ընդհատված «Առավոտյան» ճամփորդությունս։

Լեգենդար արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանը Երեւանի պետական կրկեսի մոտ այնքան անօգնական ու խղճուկ էր խորհրդանշում հայկական կրկեսը, որ ես արդեն համակերպվեցի իրականության հետ ու որոշեցի որոնել այս անճարակության պատճառը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել