Հայաստանի Հանրապետությունն այն 70 սակավանտառ երկրներից է, որտեղ անտառածածկ տարածքը ընդհանուր մակերեսի 10 տոկոսից էլ քիչ է: Սակավ սաղարթածածկի պայմաններում անտառազրկումն առավել քան էական սպառնալիք է, որը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ՝ եկամուտների նշանակալի կորստի պատճառ դառնալ:
Անտառազրկումը հիմնականում շինափայտի եւ վառելափայտի ստացման նպատակով իրականացվող ապօրինի հատումների հետեւանք է: Ապօրինի հատումներն ու փայտանյութի ապօրինի վաճառքը Հայաստանում արդեն տասնամյակից ավելի շարունակվող՝ չհարկվող միլիոնավոր դոլարների շրջանառություն ապահովող ոլորտ է:
Վառելափայտի սպառումը տնային տնտեսությունների կողմից մեծապես պայմանավորված է աղքատության բարձր մակարդակով: Վառելափայտի սպառումը կարող է նվազել տնտեսական աճին համընթաց՝ երբ բարձրանում է մարդկանց բարեկեցության մակարդակը:
Այս տարի միայն ՀՀ պետական բյուջեով 708 միլիոն դրամ է նախատեսված անտառպահպանական եւ անտառվերականգնման ծառայությունների համար: Անտառվերականգնման աշխատանքների դերը շատ կարեւոր է մանավանդ Հայաստանի նման լեռնային եւ սակավանտառ երկրի համար: Հայաստանի անտառները հատկապես տուժեցին 1990-ական թվականների ճգնաժամային տարիներին՝ հատումները զանգվածային էին, անխնա եւ չվերահսկվող: Արդյունքում բարձրորակ հաճարի եւ կաղնու ծառուտները փոխարինվեցին ցածրարժեք բոխու եւ ղաժու ծառուտներով: Հետո էլ, երբ հատումները նվազել էին, ուշադրություն չէր դարձվում անտառվերականգնման աշխատանքներին՝ խնամք չէր տարվում մատղաշի նկատմամբ, ցանքսի եւ տնկման աշխատանքներ չկային: Այս ամենը նպաստեց տասնյակ սողանքների առաջացմանը եւ գետերի ցամաքեցմանը: Միայն վերջին տարիներին է ուշադրություն դարձվում անտառվերականգնման աշխատանքներին՝ հատկապես Սյունիքի մարզում: ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի իրականացման հիմնական տարածքը Սյունիքի մարզն է: Նախատեսված են հետեւյալ գործողությունները՝ կլիմայի փոփոխության հետեւանքների ռիսկերը լեռնաանտառային էկոհամակարգերի կառավարման մեջ ներգրավելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, կլիմայի փոփոխության հետեւանքների ռիսկերի վաղ ազդարարման ու արձագանքման համակարգի ստեղծում: Սյունիքի մարզի անտառտնտեսության Շուռնուխի անտառապետության տարածքում իրականացվում է մասնատված, հրդեհված եւ անտառային վնասատուներից վնասված անտառային տարածքների վերականգնման փորձնական ծրագիր:
Անտառի բնական վերականգնմանն աջակցող միջոցառումները՝ ինքնացանքի վերաճի խնամքը, հողի հանքայնացումը, լրատնկումը կամ լրացանքը, կոճղաշիվային վերաճի օժանդակումը եւ այլն նպաստում են արժեքավոր ծառատեսակների նոր սերնդի ծագմանն ու պահպանմանը: Այս ամենին կարող է լրացնել նաեւ մասնավոր հատվածին անտառտնկարանային տնտեսության զարգացման համար վարկեր տրամադրելը:
ՀՀ կառավարությունը հստակ տարանջատել է անտառների պահպանության եւ պաշտպանության, վերարտադրության, օգտագործման եւ այդ ոլորտում հսկողության եւ վերահսկողության գործառույթները ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների միջեւ:
Ներկայումս հանրապետության անտառները եւ անտառային հողերը գտնվում են պետական կառավարման երկու գերատեսչությունների՝ ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների ենթակայության տակ: Իսկ ահա բնության հատուկ պահպանվող տարածքները՝ ԲՀՊՏ տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ եւ չունեն միասնական կառավարում:
Անտառային ոլորտի եւ բնապահպանական օրենսդրության բազմաթիվ անհստակությունները հանգեցնում են անտառային տարածքների կառավարման համակարգի անկատարությանը: Որոշ արգելավայրերի ստեղծման նախադրյալները կորցրել են իրենց արդիականությունը, անհրաժեշտ է վերանայել դրանց սահմանները եւ պահպանության հիմնական օբյեկտները:
Սահմանների անհստակության պայմաններում իրականացվում է տարածքների չկանոնակարգված օգտագործում, որոնք չեն համապատասխանում նրանց պահպանության ռեժիմներին (անտառհատումներ, տարածքների ոչ նպատակային օգտագործում, հողազավթում, արածեցում, որսագողություն եւ այլն):
ՀՀ անտառային օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն, անտառներն ըստ հիմնական նպատակային նշանակության դասակարգվում են պաշտպանական, արտադրական եւ հատուկ նշանակության: Հատուկ նշանակության անտառների թվին են պատկանում նաեւ ԲՀՊՏ-ների անտառները՝ ներառյալ արգելավայրերը: Օրենսգիրքը չի սահմանում ԲՀՊՏ-ների համակարգում ընդգրկված անտառների կառավարման առանձնահատկությունները եւ գործառույթները:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքով, Հայաստանի պետական արգելավայրերը առանձին կատեգորիա են եւ միաժամանակ կարող են ընդգրկվել նաեւ ազգային պարկերի կառուցվածքում: Համաձայն օրենքի 7-րդ հոդվածի՝ ազգային պարկերի տարածքները բաժանվում են արգելոցային, ռեկրեացիոն եւ տնտեuական գոտիների: Համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի՝ ազգային պարկի uահմաններում կարող են ընդգրկվել պետական արգելավայրեր, այսինքն՝ պետական արգելավայրը կարող է հանդիսանալ ազգային պարկի գոտի: Սակայն համաձայն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի՝ պետական արգելավայրը հանդիսանում է այլ կատեգորիայի հատուկ պահպանվող տարածք:
ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքում ընդգրկված անտառային արգելավայրերը չունեն կանոնադրություններ եւ չեն բավարարում օրենսդրությամբ նախատեսված պահպանության եւ օգտագործման պահանջներին:
Անտառկառավարման պլանների մշակման հրահանգում բացակայում են՝ համայնքային անտառկառավարման պլանների մշակման առանձնահատկությունների վերաբերյալ դրույթները, օրինակ՝ պլանավորման ողջ ընթացքում համայնքի պարտադիր մասնակցությունը: Համայնքի մասնակցությունը պետք է ապահովվի նույնիսկ դաշտում տվյալների հավաքի ժամանակ, որպեսզի հնարավոր լինի վերահսկել պլանավորողներին, տեղում ստանալ ուսուցում եւ ավելի լավ հասկանալ պլանը, հաշվի առնել համայնքի շահերը, սոցիալական ուղղվածությունը եւ այլն: