Մեծարգո դեսպան տիկին Յովանովիչ, այլ ելք չունենալով, դիմում եմ Ձեզ՝ հայցելով Ձեր դրական միջամտությունը։ Սույն թվականի հոկտեմբերի 15-ին եւ նոյեմբերի 1-ին երկու անգամ դիմել եմ ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժին՝ մուտքի թույլտվություն ստանալու նպատակով, սակայն անհիմն մերժում եմ ստացել։ Գնալուս նպատակն է եղել այցելել Նահանգներում հուղարկավորված ծնողիս շիրիմին։ Կրկնում եմ, անհիմն մերժվել եմ, քանի որ նախկինում (20 տարի անց) նույն նպատակով այցելել եմ եւ որեւէ ԱՄՆ օրենսդրական եւ ժամկետային խախտում թույլ չեմ տվել։ Ինչ վերաբերում է վերադարձիս երաշխիքներին՝ տեղեկացնեմ. ունեմ ընտանիք՝ կին, տղա, հարս, մայր՝ 86 տարեկան, ապահովված եմ աշխատանքով, ունեմ սեփական բնակարան, ավտոմեքենա, որոնց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ժամանակին ներկայացրել եմ հյուպատոսական բաժին։ Հույս եմ տածում, որ մարդկային բանականությունը վեր կկանգնի բյուրոկրատական մեքենայից, հակառակ դեպքում՝ կարելի է ենթադրել, որ իմ եւ իմ նմանների վճարած 140-ական դոլարները նախկինում ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության փոխհատուցումն է։